Դիրքորոշում

ՔՀԻ դիտարկումները պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտում կատարված փոփոխությունների վերաբերյալ

24.02.2017

Սույն թվականի փետրվարի 7-ին ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացը պարզեցնելու օրենսդրական նախագիծը: Ընդհանուր առմամբ, ՔՀԻ-ն ողջունում է պայմանական վաղաժամկետ ազատման (ՊՎԱ) ինստիտուտում կատարված բազմաթիվ դրական փոփոխությունները և արձանագրում , որ նախագծում տեղ են գտել  ՔՀԻ ներկայացրած առաջարկություններից շատերը` լուծարվել է «ենթահանձնաժողովների ինստիտուտը», ընդլայնվել են իր գործի քննության ընթացքի վրա ազդելու դատապարտյալի հնարավորությունները, անկախ հանձնաժողովի կազմն ավելի մասնագիտական բնույթ է կրում և այլն:

Միաժամանակ, կարծում ենք, անհրաժեշտ է հատուկ ուշադրություն հատկացնել հետևյալ գործոններին, որոնք կարող են նպաստել ՊՎԱ արդյունավետության և արդարության աստիճանի բարձրացմանը: 

1. Ընդհանուր գործընթացում պրոբացիայի ծառայության անբավարար դերը: ՔՀԻ-ն գոհունակությամբ արձանագրում է, որ պայմանական վաղաժամկետ ազատվելու դեպքում բոլոր դատապարտյալների պատժի չկրած մասը համարվելու է փորձաշրջան[1]: Այդպիսով, բոլոր պայմանական վաղաժամկետ ազատվածները դառնում են վերջերս ստեղծված պրոբացիայի պետական ծառայության շահառուներ: Պրոբացիայի ծառայության արդյունավետ աշխատանքի և ազատված դատապարտյալների պահանջմունքների նկատմամբ պատշաճ ուշադրության դեպքում դա պետք է նվազեցնի կրկնահանցագործության ռիսկը: Սակայն, միաժամանակ, պրոբացիայի պետական ծառայությունը պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ խորհրդատվական զեկույց է ներկայացնում բացառապես դատարանի կամ անկախ հանձնաժողովի պահանջի հիման վրա [2]: Հաշվի առնելով, որ համաձայն Պրոբացիայի մասին օրենքի, պրոբացիայի ծառայության գործունեությունը հիմնական ուղղություններ են դատապարտյալների ռիսկերի և պահանջմունքների գնահատումը և կրկնահանցագործության ռիսկի նվազեցման անհատականացված աշխատանքների կազմակերպումը, բավականին տարօրինակ է պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ գործերի քննությանը Ծառայության մասնակցության ոչ պարտադիր լինելը: Պրոբացիայի ծառայությունը դա միակ պետական կառույցը, որի հիմնական դերը բացահայտել իրավախախտ անձի քրեածին պահանջմունքները և փորձի ներազդել դրանց վրա վերականգնողական ծրագրերի միջոցով՝ նպատակ ունենալով նվազեցնել դատապարտյալի կողմից նոր հանցագործություն կատարելու ռիսկը:  Մեր կարծիքով, Պրոբացիայի ծառայությունը պետք է պարտադիր կարգով խորհրդատվական զեկույցներ պատրաստի, որոնցում կարտացոլվեն ինչպես կրկնահացնագործության կատարման ռիսկերը և հնարավոր վնասի ծանրությունը, այնպես էլ անհրաժեշտ գործողությունները` ուղղված նշված ռիսկերի նվազեցմանը և հասարակության անվտանգության ապահովմանը` դատապարտյալի նկատմամբ համապատասխան վերահսկողություն սահմանելու և վերասոցիալականացման ծրագրերի իրականացման միջոցով:

2. Մտահոգություն ունենք նաև «Առողջական, այդ թվում՝ հոգեկան առողջական վիճակը, հարկադիր բուժման մեջ գտնվելը և հարկադիր բուժման արդյունքը» [3] չափանիշների վերաբերյալ: Մասնավորապես, հստակեցված չէ, թե արդյոք հոգեկան առողջության խնդիրներ ունենալը դրակա՞ն, թե՞ բացասական պետք է գնահատվի: Ներկայումս հոգեմետ դեղորայք ստանալու փաստը գնահատվում է որպես բացասական գործոն: Հարկադիր բուժման վերաբերյալ պետք է նշել, որ թեև կախվածություն ունենալը գրեթե բոլոր պետություններում գնահատվում է որպես ռիսկային գործոն, սակայն, ըստ ՔՀԻ-ի, արդյունավետ չէ գնահատել բացառապես հարկադիր բուժումը և դրա արդյունքը: ՔԿՀ-ների դիտորդական խմբի դիտարկումները ցույց են տալիս, որ ներկայումս դատապարտյալներին տրամադրվող հարկադիր բուժումն, ընդհանուր առմամբ, արդյունավետ չէ, և թմրանյութերից կախվածություն ունեցող դատապարտյալները դիմում են մեթադոնային փոխարինող թերապիային: Մեր կարծիքով, գնահատումը պետք է համապարփակ լինի՝ ընդգրկելով  կախվածության առկայությունը, դատապարտյալի՝ այդ կախվածությունից ձերբազատվելու ցանկությունը, որի ապացույցը կլինի բուժման/վերականգնողական ծրագրերում ներգրավվելը և դրանք չընդհատելը: Գործնականում դատապարտյալը կարող է շարունակել բուժումը նաև ՔԿՀ-ից ազատվելուց հետո:

3. Ցմահ դատապարտյալների նկատմամբ չարդարացված հատուկ մոտեցում:Անհամաչափ երկար ժամկետ է սահմանվել (1,5 տարի) ցմահ ազատազրկման դատապարտված անձանց համար ՊՎԱ վերաբերյալ հարցադիմումը կրկին ներկայացնելու համար [4] : Մեր կարծիքով, պատիժը 20 տարի կրելուց հետո, ՊՎԱ վերաբերյալ հարցադիմում ներկայացնելու իրավունք ստանալով, ցմահ դատապարտյալները պետք է իրենց իրավունքներում հավասարեցվեն մյուս դատապարտյալների հետ: Հակառակ դեպքում, հնարավոր է այնպիսի իրավիճակ, երբ դատավճիռների համակցությամբ առավելագույն 30 տարվա ազատազրկման դատապարտված անձը թեև հնարավորություն է ունենալու դիմելու ՊՎԱ համար անգամ ավելի երկար ժամկետից հետո, սակայն, ի տարբերություն ցմահ դատապարտյալների, հաջորդիվ յուրաքանչյուր 3 ամիսը մեկ անգամ հնարավորություն է ունենալու անկախ հանձնաժողովին քննության ուղարկել իր գործը: Բացի այդ, ըստ էության, 20 տարվա ընթացքում ՔԿՀ-ն բավարար ժամանակ ունի իրականացնելու վերականգնողական, վերասոցիալականացման աշխատանքներ՝ ցմահ դատապարտյալին ազատմանը նախապատրաստելու համար, այդ թվում՝ ուղղիչ հիմնարկների տեսակների փոփոխության, մեկուսացվածության աստիճանի նվազեցման միջոցով:

4. Հաշվի առնելով գործի ծավալը և բարդությունը, կարևոր է, որպեսզի անկախ հանձնաժողովը գործի միայն պետական ֆինանսավորմամբ, ինչը կապահովվի վերջինիս ֆինանսական կայունությունը, իրական անկախությունը և արդյունավետությունը։


[1] «ՀՀ Օրենքը ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու և «ՀՀՔրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-49-ն օրենքի 1-ին հոդվածը չեղյալ ճանաչելու մասին», հոդված 1, մաս 4։ 

[2] Տե՛ս նույն տեղում 

[3] «ՀՀ Օրենքը ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու և «ՀՀՔրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-49-ն օրենքի 1-ին հոդվածը չեղյալ ճանաչելու մասին», հոդված 1, մաս 2։ 

[4] «ՀՀ Օրենքը Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքումփոփոխություններ և լրացում կատարելու մասին», հոդված 3։   

Աղբյուրը՝ www.hra.am