Տեսանկյուն

Պրոբացիայի շահառուների համար վերականգնողական ծրագրեր

14.02.2017

Վերջերս կայացած կլոր-սեղանների և աշխատաժողովների արդյունքների հիման վրա Քաղաքացիական հասարակության ինստիտուտը մեկտեղել է պետական մարմինների, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների տեսակետները Պրոբացիայի ծառայության կայացման հարցում համագործակցության և նրա գործառույթների իրականացման, մասնավորապես պրոբացիայի շահառուների [1] համար վերականգնողական ծրագրերի մշակման հարցում առկա կարողությունների վերաբերյալ:

Նախքան ծառայության ստեղծումը, ՀՀ ԱՆ ՔԿՎ Այլընտրանքային պատիժների կատարման բաժինը չուներ իրավախախտների համար վերականգնողական ծառայությունների իրականացման գործառույթ, այլ նրանց նկատմամբ իրականացում էր միայն վերահսկողություն: Ուստի, երբ Պրոբացիայի ծառայությունը ստեղծվեց այս բաժնի հիման վրա, առկա չէր ոչ մի ենթակառուցվածք, որը թույլ կտար մեկնարկելու իրավախախտների վերասոցիալականացման և վերականգնողական ծրագրերը: Քանի դեռ չի ձևավորվել նման մեխանիզմ, հնարավոր չէ արդյունավետորեն աշխատել նոր հանցագործությունները կանխելու ուղղությամբ:

Պրոբացիայի մասին օրենքի համաձայն ենթադրվում է, որ պրոբացիայի ծառայողը պետք է գնահատի պրոբացիայի յուրաքանչյուր շահառուի [2] ռիսկերն ու կարիքները Պրոբացիայի ծառայության տիրույթում վերջինիս հայտնվելուց անմիջապես հետո:

Ծառայությունը պետք է աշխատի կասկածյալների/մեղադրյալների հետ, որոնց նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց, այն անձանց հետ, ում նկատմամբ նշանակվել է ազատությունից զրկելու հետ չկապված պատժատեսակ կամ կայացվել է պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին որոշում (փորձաշրջան), կամ ով մասնակցում է հաշտարարության գործընթացի կամ նրա վերաբերյալ պետք է ներկայացվի խորհրդատվական զեկույց:

Համեմատության համար նշենք, որ Այլընտրանքային պատիժների կատարման բաժինը պարտավոր էր վերահսկողություն իրականացնել այն անձանց նկատմամբ, որոնց համար սահմանվել էր այլընտրանքային պատժատեսակ, կայացվել էր պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին որոշում կամ պատժից պայմանական ազատվելու դեպքում նշանակվել էր փորձաշրջան: Օրենքի համաձայն ոչ միայն ընդլայնվել է պրոբացիայի շահառուների շրջանակը, այլ նաև պրոբացիայի ծառայությանը լիազորվել է աշխատել իրավախախտների հետ նախնական քննության, դատաքննության, պենիտենցիար և հետպենիտենցիար փուլերում: Ենթադրվում է, որ այս բոլոր փուլերում ծառայությունը պետք է օգնի պրոբացիայի շահառուներին և նրանց տրամադրի վերականգնողական ծրագրեր:

Սակայն օրենսդրությամբ կարգավորման չի ենթակվում այն հարցը, թե նման ինչ ծառայություններ պետք է տրամադրվեն: ՀՀ-ում Պրոբացիայի ծառայության հայեցակարգի համաձայն նախատեսված էր որոշ ծառայությունների պատվիրակում հասարակական կազմակերպություններին: Սակայն օրենքի մշակման ժամանակ պատվիրակման հարցը չկարգավորվեց, և ակնկալվում է, որ նման ծառայություններ տրամադրելու է Պրոբացիայի ծառայությունը: Ներկայումս սա հնարավոր չէ, քանի որ ծառայությունը չունի բավարար աշխատակազմ և տեխնիկական կարողություններ վերականգնողական ցանկացած ծրագիր իրականացնելու համար:

Սակայն որևէ սահմանափակում չկա նման ծառայություններն այլ մարմիններին, ներառյալ հասարակական կազմակերպություններին, ուղղորդելու համար: Ծառայություններ մատուցողների քարտեզագրումը, հատկապես ՀՀ շրջաններում, և բոլոր համապատասխան կառույցներին և կազմակերպություններին ուղղված պատշաճ ուղղորդման համակարգի ներմուծումը կարևորվում է ոչ միայն քաղաքացիական հասարակության հատվածի, այլ նաև համապատասխան պետական մարմինների կողմից: Պրոբացիայի ծառայության կայացմանն ուղղված միջոցառման ժամանակ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկա բարձրաստիճան պաշտոնյաները կոչ արեցին համագործակցել, համախմբել սոցիալական ծառայության ոլորտում համատեղ ջանքերը:

Առաջարկվեց օգտագործել արդեն գործող մեխանիզմները, ինչպիսիք են ազգային և տեղական ցանցերը, որոնք ստեղծվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից և աշխատում են նախարարության թիրախային խմբերի հետ:

Կարող է օգտակար լինել նաև շահառուների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մեխանիզմի ձևավորումը, որի դեպքում կկիրառվի գաղտնիության սկզբունքը և անձնական կյանքի պաշտպանության իրավունքը՝ երաշխավորելով, որ տարբեր պետական մարմինների կողմից միևնույն շահառուի հետ աշխատանք իրականացնելիս կիրառվող ռեսուրսները ապահովեն արդյունավետություն և մեկը մյուսին չկրկնեն:

Ըստ փորձագետների ներկայումս հատկապես անհրաժեշտ են հետևյալ ծառայությունները՝ խորհրդատվություն և բուժում, հատուկ ծրագրեր զայրույթի կառավարման համար, խնդիրների լուծման հմտություններ, անտուն իրավախախտների համար ժամանակավոր կացարան, մասնագիտական վերապատրաստումներ, զբաղվածության ապահովման հարցում աջակցություն և այլն: Սոցիալական աշխատողների կողմից պրոբացիայի շահառուների և նրանց ընտանիքների հետ տարվող աշխատանքը կարևոր է իրենց կարիքներն ավելի լավ հասկանալու և ավելի արդյունավետ արձագանքնման միջոցներ առաջարկելու համար:

Կարևոր է նաև նշել, որ եթե որոշ դեպքերում ծրագրերում մասնակցությունը կամավոր է, ապա կան նաև դեպքեր, երբ այն պետք է պարտադիր կերպով նշանակվի դատարանի կողմից: Պրոբացիայի մասին օրենքով հատուկ նշվում է, որ հոգեբանական օգնությունը տրամադրվելու է դատական ակտի հիման վրա:

Ծառայության կարևոր գործառույթներից է պայմանականորեն վաղաժամկետ ազատված կամ պատիժն արդեն կրած անձանց հետ աշխատանքը, քրեակատարողական հիմնարկներում վերականգնողական ծառայությունների ստեղծումը, ներառյալ նախքան անձի ազատ արձակումը: ՀԿ-ների , մասնավորապես ՔՀԻ-ի կողմից [3] քրեակատարողական հիմնարկներում արդյունավետ աշխատանք է կատարվում ազատ արձակման պատրաստվող բանտարկյալների վերապաստրաստման ուղղությամբ: Ավելին, նման ծրագրերը հաշվի են առնում տարբեր խմբերի, ներառյալ կանանց, անչափահասների, հաշմանդամություն ունեցող անձանց և տարբեր փոքրամասնությունների, խոցելիությունը և հատուկ կարիքները: 

Ամփոփելով ներկայումս առկա վերականգնողական աշխատանքների հնարավորությունների մասին ՔՀԻ-ի տեղեկությունները՝ կատարվում են հետևյալ կարևոր դիտարկումներն ու առաջարկությունները:

Կարևոր է՝

  • իրականացնել համայնքում ծառայություններ մատուցողների համապարփակ քարտեզագրում՝ ազգային և տեղական մակարդակում,
  • մշակել ուղղորդման արդյունավետ մեխանիզմ՝ ներառելով բոլոր ծառայություններ մատուցողներին (պետական մարմիններ և ՀԿ-ներ),
  • պրոբացիայի շահառուների համար մշակել վերականգնողական ծրագրեր, ինչպիսիք են զայրույթի կառավարումը, խնդիրների լուծման հմտությունները, ոչ բռնի միջոցներով կոնֆլիկտների լուծումը և այլն,
  • ապահովել համայնքում խորհրդատվական բարձր մակարդակի ծառայություններին հասանելիությունը,
  • ստեղծել պրոբացիայի շահառուների համար կացարան, որտեղ նրանք կարող են նաև վերականգնողական ծառայություններից օգտվել,
  • մասնագիտական դասընթացներ կազմակերպել պրոբացիայի շահառուների համար շուկայում պահանջարկ ունեցող մասնագիտություններով՝ դյուրին դարձնելով պետական զբաղվածության կենտրոնի ընթացակարգերը և նման ծրագրեր ներմուծելով արդարադատության նախարարության ենթակայության ներքո, ինչպես նաև նման հատուկ կարճատև ծրագրեր պետական ուսումնական հաստատություններում,
  • նախատեսել անձի վերականգնմանն ուղղված որոշակի ծառայությունները պատվիրակելու հնարավորություն:

Հղումներ

[1]Պրոբացիայի շահառուն անձն է, ում նկատմամբ կիրառվել է որի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց, կամ նշանակվել ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ կամ անվտանգության միջոց, կամ նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու կամ նրան պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու դեպքում նշանակվել է փորձաշրջան, կամ նա պատիժը կրելուց ազատվել է, կամ նրա պատժի կրումը հետաձգվել է, կամ որը մասնակցում է հաշտարարության գործընթացի (բացառությամբ տուժողի և տուժողի իրավահաջորդի)

[2]Տես http://hra.am/hy/point-of-view/2016/12/02/probation

[3]Տես http://hra.am/hy/events/2016/09/29/varsahardarum

Աղբյուրը՝ www.hra.am