Տեսանկյուն

Քրեական ենթամշակույթը բանտերում հանգեցնում է բռնության, խտրականության և վատ վերաբերմունքի դրսևորումների

31.01.2017

2016 թվականը սկսվեց Գևորգ Սաֆարյանի ձերբակալությամբ, ինչին հաջորդեց մեկ այլ աղմկահարույց պատմություն վերջինիս հետ կապված. նրա փաստաբանը հայտնեց, որ Գևորգին տեղափոխում են մի խուց, որտեղ նրա կյանքին վտանգ է սպառնում տեղի քրեական հեղինակությունների կողմից:

Խնդիրը լուծում ստացավ Արդարադատության նախարարության` քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի միջամտությամբ, և Գևորգին տեղափոխեցին մեկ այլ խուց: Սակայն, ցավոք, նման`քրեական ենթամշակույթով պայմանավորված խնդիրները քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ), շարունակում են արդիական մնալ և բազմաթիվ դեպքեր, որոնք հասարակական հնչեղություն չեն ստանում, այդպես էլ չեն բացահայտվում:

Հայաստանյան ՔԿՀ-ներում քրեական ենթամշակույթի և դրա արժեհամակարգի կրողների մասին մեկ անգամ չէ որ բարձրաձայնվել է թե՛ տեղական, թե՛ միջազգային կառույցների կողմից, սակայն խնդրի լուծմանն ուղղված քայլեր պետությունն այդպես էլ չի ձեռնարկում: Այս խնդրին հերթական անգամ անդրադարձ կատարվեց Եվրոպայի խորհրդի (ԵԽ) Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի (ԽԿԿ)՝ 2016թ. նոյեմբերին հրապարակած զեկույցում, որը ներկայացնում է 2015թ.-ին Հայաստան կատարված այցի արդյունքները և դիտարկումները [1], ինչպես նաև Միացյալ ազգերի կազմակերպության Խոշտանգումների դեմ կոմիտեի կողմից հրապարակված Եզրափակիչ դիտարկումներում [2], որում խնդիրը ներկայացված է դատապարտյալների շրջանում բռնության կիրառման համատեքստում: Բռնությունները Կոմիտեն պայմանավորում է լայն տարածում ունեցող քրեական ենթամշակույթով և հիերարխիկ հարաբերություններով։

ԽԿԿ փորձագետները, իրենց հերթին, թեև «Վանաձոր» և «Արմավիր» ՔԿՀ-ներ կատարած այցերի ընթացքում չեն արձանագրել վատ վերաբերմունքի դեպքեր անձնակազմի կողմից, անգամ որևէ բողոք չեն ստացել, սակայն որպես լուրջ մտահոգության տեղիք տվող պրակտիկա նշել են քրեական ենթամշակույթի և դրանով պայմանավորված հիերարխիկ հարաբերությունների առկայությունը, որն առնվազն հանդուրժվում է վարչակազմի կողմից։ Զեկույցում հտակ նշվում է «զոն նայողների» ինստիտուտի մասին, որոնց վարչակազմը ոչ պաշտոնապես փոխանցել է լրակազմի նկատմամբ վերահսկողոթյուն իրականացնելու և կարգապահությունն ապահովելու իր լիազորությունների մի մասը [3]։ Բացի այդ, նրանց տրվել են զգալի ծավալով արտոնություններ, այդ թվում՝ հիմնարկով հարաբերականորեն ազատ շրջելու, ակնհայտորեն շատ ավելի լավ, «շքեղ» պայմաններով խցում մնալու և այլն։

Ըստ ԵԽ ԽԿԿ-ի զեկույցների՝ Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում (Ադրբեջանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Թուրքմենստանի վերաբերյալլ զեկույցները այդ պետությունների պահանջով հրապարակման ենթակա չեն) մտահոգիչ են քրեական ենթամշակույթի ծավալը և այդ ենթամշակույթի կրողների գործունեությունը բանտերում [4]: ԽԿԿ-ն նման պրակտիկան անթույլատրելի է համարում, քանի որ այն հանգեցնում է դատապարտյալների միջև անհավասարության, մեծանում է բանտարկյալների շրջանում բռնության դրսևորումների ռիսկը և շատերը հայտնվում են խոցելի վիճակում։

Քրեական ենթամշակույթը հին արմատներ ունի, սակայն հիմնականում ինստիտուցիոնալացվել է ստալինյան ժամանակաշրջանի «Կուլակների ճամբարներում» 1930-1940-ականներին և նոր թափ ստացել 1960-ականներին: Քրեական կամ «գողական» օրենքները ոչ միայն տարածում են ստացել բանտերում և ճամբարներում, այլ բավականին լուրջ ազդեցություն են ունեցել հասարակության լայն շերտերի վրա, հատկապես՝ Հայաստանում։ Այդ ենթամշակույթին բնորոշ կանոնները բավականին խիստ էին և դրանք խախտելը կարող էր հանգեցնել շատ լուրջ հետևանքների, ընդհուպ մինչև մահ։

Ըստ այդ ոչ ֆորմալ «օրենքների», ողջ բանտային լրակազմը բաժանվում էր մի քանի խմբերի կամ կաստաների, որոնցում հայտնվելը մեքենայաբար ենթադրում էր վարքագծի հստակ ակնկալիքներ և այդ անձի նկատմամբ որոշակի վերաբերմունք, երբեմն շատ դաժան և նվաստացուցիչ։ Բարձրագույն կաստայի ներկայացուցիչները, բնականաբար, շատ արտոնյալ կարգավիճակ ունեին, իսկ ամենաստորին կաստայի ներկայացուցիչներն արժանանում էին անմարդկային վերաբերմունքի, ստորացվում էին, ենթարկվում բռնության, այդ թվում՝ սեռական բնույթի։

Այդ ոչ ֆորմալ «օրենքները» թեև ժամանակի ընթացքում ենթարկվել են փոփոխության, սակայն, ընդհանուր առմամբ, պահպանվել են։ Ներկայիս քրեական ենթամշակույթին բնորոշ բոլոր երևույթները հենց այս շրջանում են ձևավորվել, օրինակ՝ աշխատանք կատարելուց հրաժարվելը, թղթախաղը, հատուկ դաջվածքները, ուժով խնդիրների լուծումը, սեռական բռնությունը որոշ խմբին պատկանող դատապարտյալների նկատմամբ և այլն:

Այսօր` ԽՍՀՄ փլուզումից 25 տարի անց, նախկին խորհրդային երկրներից շատերում այդ պրակտիկան ոչ միայն չի վերացել, այլ ընդհակառակը՝ այն կարծես թե պրոպագանդվում է ԶԼՄ-ներով։

Քաղաքացիական հասարակության ինստիտուտի դիտարկումները ցույց են տալիս, որ լայնորեն տարածված է դրամական միջոցների շորթումն ի օգուտ ընդհանուր բյուջեի, այսպես կոչվող «օբշչակի», որից կատարվում են տարատեսակ ծախսեր։ Հիմնարկի գրեթե բոլոր խցերից գումար է հավաքվում, այն կարող են տրվել «կամավոր» կամ հավաքագրվել ստիպողաբար։

Ամենավտանգավոր երևույթը թղթախաղի կամ նմանատիպ գործունեության արդյունքում պարտադրված պարտքերն են, որոնց չվճարումը խիստ բացասաբար է ազդում ազատությունից զրկվածի վրա։ Պարտքերի հավաքագրման մեխանիզմն էլ է շատ լավ աշխատում։

Նույն տրամաբանությամբ է կազմակերպված նաև տեղեկությունների փոխանակումը, թմրամիջոցների և այլ արգելված իրերի շրջանառությունը։ Բացի այդ, նման համակարգը թույլ է տալիս վերահսկել իրավիճակը ողջ հիմնարկում, ինչի արդյունքում թեթևանում է նաև վարչակազմի աշխատանքը, ուստի վերջինս հանդուրժում և համագործակցում է բանտային հիերարխիայում բարձր դիրք գրավողների հետ։ Մասնավորապես, «Արմավիր» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ների վարչակազմերը ԽԿԿ-ին բացահայտ հայտնել են, որ վարչակազմի համալրման հետ կապված դժվարությունների պատճառով «զոն նայողներ» ունենալու պրակտիկան պարզապես անխուսափելի է բանտում կարգ ու կանոն հաստատելու համար [5]:

Հիմնարկում գտնվողները առնվազն ֆորմալ առումով իրենց հարում են այդ ենթամշակույթի կրողներ և հանդիսանում են միջին խավի ներկայացուցիչներ։ Սակայն ամենախոցելի իրավիճակում հայտնվում են ստորին խավի ներկայացուցիչները, որոնց անվանում են «արվամոլներ»։ Այդ խմբում հայտնվելն ամենևին էլ կարող է պայմանավորված չլինեն անձի սեռական կողմնորոշմամբ, պատճառները կարող են տարբեր լինել։ Որոշ դեպքերում պատճառ կարող է լինել սեռական բռնության ենթարկվելը, որոշ դեպքերում, երբ անձը մեղադրվում է սեռական բնույթի հանցագործություն կատարելու մեջ կամ դատապարտվել է այդ արարքի համար, նրան վարչակազմը հորդորում է դիմում գրել՝ իրեն այդ խմբին պատկանող անձանց խուց տեղափոխելու խնդրանքով, քանի որ հակառակ դեպքում շատ բարձր է խցակիցների կողմից բռնության ենթարկվելու հավանականությունը։ Անկախ պատճառներից, այդ խավից այլ խավ տեղափոխվելու որևէ հեռանկար չկա, և պատժի կրման ողջ ընթացքում այդ խավին դասվող անձինք ենթարկվում են արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի այլ դատապարտյալների կողմից, նրանք ներգրավվում են ամենակեղտոտ և այլ դատապարտյալների համար ոչ վայել համարվող աշխատանքներում, նրանց պահման պայմանները գրեթե բոլոր ՔԿՀ-ներում (հատկապես «Նուբարաշենում») ծայրահեղ վատն են։ Նրանց չի թույլատրվում պատիժը կրել այլ խավերին պատկանող դատապարտյալների հետ նույն խցում։ Միաժամանակ, նրանք ենթարկվում են նաև սեռական շահագործման այլ դատապարտյալների կողմից։ Այս ամենը հանդուրժվում է վարչակազմի կողմից։ Ավելին, նույն վերաբերմունքն այս խմբի նկատմամբ ունի նաև հենց վարչակազմը։ Այս համատեքստում լուրջ մտահոգություններ է հայտնել նաև ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն, որն արձանագրել է, որ սեռական բնույթի հանցագործություն կատարած անձինք, ինչպես նաև նույնասեռականներն ատելության խոսքի թիրախ են դառնում, ենթարկվում են խտրականության, բռնության և նվաստացնող վերաբերմունքի, ինչպես նաև այլ դատապարտյալներից ոչ կամավոր մեկուսացման [6]։

Քրեական ենթամշակույթի հետ կապված խնդրին իր 2015թ. Մարդու իրավունքների իրավիճակի մասին տարեկան հաղորդման մեջ անդրադարձել է նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը (ՄԻՊ)` մասնավորապես արձանագրելով.

«ՄԻՊ փորձագետները կիսամյակային մշտադիտարկման ընթացքում ուսումնասիրել են կալանավորված անձանց և դատապարտյալների զբաղվածության խնդիրը: Փաստվել է, որ հիմնականում քրեակատարողական հիմնարկի տարածքում սանիտարահիգիենիկ մաքրման աշխատանքներում (սանհանգույցների, աղբահանության) ներգրավված են նույնասեռական դատապարտյալները, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ նման աշխատանքների կատարումը քրեական ենթամշակույթում համարվում է «ոչ հարիր» աշխատանք: Ավելին, քրեական ենթամշակույթով առաջնորդվող ազատությունից զրկված անձինք առանձնազրույցների ընթացքում մշտապես նշում են, որ ցանկացած աշխատանք լինելու պարագայում չեն ներգրավվի այդ աշխատանքներում, քանի որ դա հարիր չէ իրենց»:

Հիերարխիկ հարաբերությունների և դրանցով պայմանավորված խնդիրը բազմիցս բարձրաձայնել է նաև ՔԿՀ-ներում վերահսկողություն իրականացնող դիտորդների խումբը։ Ավելին, վերջին տարիներին, անգամ Արդարադատության նախարարության ներկայացուցիչները չեն ժխտում խնդրի առկայությունը, սակայն որևէ քայլ չեն ձեռնարկում այն լուծելու ուղղությամբ։ Դատապարտյալները չունեն ուղղվելու մոտիվացիա: Եթե վաղաժամկետ ազատման հանձնաժողովը տարբերություն չի դնում հանրօգուտ աշխատանք կատարած և ոչինչ չանող, քրեական ենթամշակույթի կրող դատապարտյալի միջև, ապա ինչո՞ւ պետք է դատապարտյալներն աշխատեն ու փորձեն ուղղվել:

Այսինքն, ստացվում է, որ իրավախախտ քաղաքացիներին ազատությունից զրկելով` մենք ոչ թե նպաստում ենք վերջիններիս ուղղմանը, այլ հակառակը` մղում ենք նրանց դեպի քրեական ենթամշակույթ և նրանք ինչ-որ տեղ ավելի են «մասնագիտանում» իրենց գործում:

Աշխարհի լավագույն փորձը ցույց է տալիս, որ ՔԿՀ-ներում քրեական ենթամշակույթի և դատապարտյալների ուղղման գործընթացները հավուր պատշաճի իրականացնելու համար անհրաժեշտ է առաջին հերթին ապահովել բավարար քանակությամբ և մասնագիտական բարձր որակներով օժտված վարչակազմ, որը կունենա բարձր աշխատավարձ և այլ սոցիալական երաշխիքներ: Այդպես հնարավոր կլինի կանխել դատապարտյալների միջև բռնությունը և կարգ ու կանոն հաստատել բանտում՝ առանց արտոնյալ դատապարտյալների օգնության: Բազմիցս բարձրաձայնվել է Հայաստանի ՔԿՀ-ներում մարդկային և այլ ռեսուրսների բացակայության խնդիրը, ինչն էլ հանգեցնում է նման իրավիճակի:

Հաջորդ կարևոր գործոնը, որը կիրառվում է աշխարհի մի շարք զարգացած երկներում դատապարտյալներին վերասոցիալականացնելու և քրեական ենթամշակույթից դուրս բերելու համար, նրանց մոտիվացնելն է: Ուղղվելը նրանց համար ավելի շահավետ պետք է լինի, քան քրեական ենթամշակույթի մաս դառնալը, մինչդեռ մեզ մոտ հակառակն է. եթե դու խմբավորման անդամ ես, ապա ունես ավելի լավ կահավորված խուց և ավելի շատ արտոնություններ, իսկ նման դեպքում ո՞վ կցանկանա աշխատել կամ ուղղվել: Այդ իսկ պատճառով մեզ անհրաժեշտ է յուրաքանչյուր դատապարտյալի համար նախատեսված վերասոցիալականացման անհատական պլան, որը հաջողությամբ ավարտելու դեպքում դատապարտյալը հնարավորություն կունենա փոխել իր ազատազրկման ռեժիմը կամ վաղաժամկետ ազատվել: Ավելին, կարելի է սահմանել պայմանական վաղաժամկետ ազատման հստակ չափանիշ՝ եթե դատապարտյալը հայտարարում է, որ նա քրեական ենթամշակույթի կրող է, նա չի կարող ներկայացվել վաղաժամկետ ազատման։ Այս դեպքում այն դատապարտյալները, որոնք դառնում ենթամշակույթի կրող, թեև մեծամասամբ չեն կիսում այդ գաղափարախոսությունը, գուցե և ձեռնպահ մնան այդ քայլից։

Շատ կարևոր է, որ մշտադիտարկում իրականացնող կառույցների կողմից այս խնդիրը և ամենախոցելի խմբերը միշտ գտնվեն ուշադրության կիզակետում, իսկ Արդարադատության նախարարությունը, որպես ոլորտի պատասխանատու, լուրջ և գործուն քայլեր ձեռնարկի արմատախիլ անելու խտրականությունը և բռնության դրսևորումները։

Հղումներ

[1] ԽԿԿ՝ 2015թ.-ին Հայաստան կատարված այցի վերաբերյալ զեկույցը (ԽԿԿ զեկույց), հասանելի է անգլերեն լեզվով հետևյալ հղմամբ՝ http://www.cpt.coe.int/en/states/arm.htm

[2] Տե՛ս ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոմիտեի 2016թ. եզրափակիչ դիտարկումները (ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոմիտեի զեկույց), պարբ. 31, հասանելի է հետևյալ հղմամբ` http://tbinternet.ohchr.org/Treaties/CAT/Shared%20Documents/ARM/INT_CAT_COC_ARM_25977_E.pdf

[3] նույն տեղում, պարբ. 53

[4] Օրինակ, տե՛ս ԽԿԿ՝ 2015թ. սեպտեմբերի 14-ից 25-ը Մոլդովա կատարած զեկույց, էջ 6, հասանելի է http://www.cpt.coe.int/documents/mda/2016-16-inf-eng.pdf;

[5] ԽԿԿ զեկույց, պարբ․ 54

[6] ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոմիտեի զեկույց, պարբ. 31

Աղբյուրը՝ www.hra.am