Տեսանկյուն

Հետընտրական հայտարարություններ. կուսակցություններն ամփոփում են ընտրությունները

17.05.2012

ԱԺ նիստերի դահլիճ, նկարը՝ Ֆոտոլուրի

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն ամփոփել է մայիսի 6-ին կայացած ՀՀ ազգային ժողովի ընտրության արդյունքները: Ըստ այդմ՝ ընտրված 6 քաղաքական ուժերի միջև 90 համամասնական տեղերը բաշխվել են այսպես՝ Հայաստանի հանրապետական կուսակցություն՝ 40 պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 28 պատգամավոր, Հայ ազգային կոնգրես՝ 7 պատգամավոր, «Ժառանգության», Հայ Յեղափոխական Դաշնակցության և «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ցուցակներից ԱԺ կմտնեն 5-ական պատգամավորներ:

Մեծամասնական ընտրակարգով ընտրված 41 պատգամավորներից 29-ը ՀՀԿ առաջադրած թեկնածուներն են, 9-ը՝ ԲՀԿ-ի, մեկական թեկնածուներ ունեն ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն: Անկուսակցական պատգամավորների թիվը ԱԺ-ում 8-ն է, որից միայն մեկ պատգամավորն է ինքնառաջադրված:

Այսպիսով՝ ՀՀԿ-ն կունենա 69 մանդատ, ԲՀԿ-ն ՝ 37, ՀԱԿ-ը՝ 7, ՀՅԴ-ն ու ՕԵԿ-ը՝ 6-ական, «Ժառանգությունը»՝ 5 պատգամավորական մանդատ:

Կուսակցությունները դեռ չեն ներկայացրել համամասնական ցուցակներից այն թեկնածուների ցանկը, ովքեր կհայտնվեն 5-րդ գումարման Ազգային ժողովում: Սակայն հասցրել են գնահատական տալ խորհրդարանական ընտրություններին:

Չնայած քաղաքական ուժերի կողմից հնչեցված կարծիքներին, թե ընտրությունները չեն արտահայտում ժողովրդի իրական կամքը և ստվերված են բազմաթիվ ընտրախախտումներով, ոչ մի կուսակցություն առայժմ չի հայտարարել ընտրությունները բոյկոտելու կամ պատգամավորական մանդատները վայր դնելու մասին:

Հայտնի է, որ մայիսի 18-ին ՀՀ սահմանադրական դատարան է դիմելու Հայ ազգային կոնգրես դաշինքը՝ համամասնական ընտրակարգով անցկացված ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումով: Իսկ մեծամասնական կարգով առաջադրված թեկնածուներից ՍԴ-ն ընդունել է 4 դիմում:

«Խորհրդարանական ընտրությունները մթագնած են բազմաթիվ ընտրախախտումներով». «Ժառանգություն»

Ընտրությունների վերաբերյալ առաջին պաշտոնական արձագանքը եղավ «Ժառանգություն» կուսակցության կողմից:

Մայիսի 8-ին տարածած հաղորդագրության մեջ «Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբը հայտարարեց, որ «խորհրդարանական ընտրությունները մթագնած են բազմաթիվ ընտրախախտումներով»:

Կուսակցությունը գտնում է, որ ընտրակաշառքների և կեղծ բարեգործությունների ծավալները հասան աղաղակող չափերի, ինչը աննախադեպ մեծ ազդեցություն ունեցավ ընտրությունների արդյունքների վրա:

Որպես տարածված ընտրախախտումներ, նշված են իշխանությունների կողմից վարչական ռեսուրսների օգտագործումը, մարզերում հաշվառված ընտրողների ժամանակավոր գրանցումը Երևանում:

«Ժառանգությունը» նախորդ բոլոր ընտրությունների համեմատ առաջընթաց է համարում ընտրատեղամասերում քվեարկության և քվեաթերթիկների հաշվարկման գործընթացի կազմակերպումը, նախընտրական քարոզչության շրջանում հեռուստաեթերի օգտագործման համեմատաբար հավասար պայմանների ապահովումը: Այդուհանդերձ, հայտարարում է, որ ընտրատեղամասերից դուրս իրականացված զանգվածային ընտրախախտումները «ստվերեցին ընտրությունների օրինականությունն ու լեգիտիմությունը»:

«Ժողովրդի կամքը ստորադասվեց ընտրակաշառքների տարափին». «Ազատ դեմոկրատներ»

Գրեթե նույնաբովանդակ հայտարարություն է տարածել նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչությունը մայիսի 15-ին: Հիշեցնենք, որ «Ժառանգությունը» և «Ազատ դեմոկտրատները» մասնակցում էին ընտրությանը մեկ միասնական ցուցակով:

Կուսակցությունն արձանագրում է, որ այս ընտրությունները չարդարացրեցին իրենց ևև հասարակության ակնկալիքները, չարտացոլեցին ՀՀ քաղաքացու իրական կամքը և քաղաքական ուժերի իրական հարաբերակցությունը խորհրդարանում:

«Ազատ դեմոկրատները» գտնում են, որ այս անգամ ևս ժողովրդի կամքը ստորադասվեց ընտրակաշառքների տարափին: «Ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ ՀՀ քաղաքացու ընտրության իրավունքի ազատ իրացման վրա մեծ ազդեցություն ունի երկրի սոցիալ-տնտեսական անմխիթար վիճակը, ինչից էլ օգտվեցին իշխանական կուսակցությունները՝ գործի դնելով իրենց վարչական և ֆինանսական ողջ ռեսուրսը»,- գրված է հայտարարության մեջ:

«Ընտրություններն անցան համատարած օրինախախտումներով». միասնական շտաբ՝ ԲՀԿ, ՀՅԴ և ՀԱԿ

Ընտրությունների հանրային վերահսկողության միասնական շտաբը, որի կազմում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Հայ ազգային կոնգրեսը և Հայ յեղափոխական դաշնակցությունը, մայիսի 10-ին հայտարարեց, որ ընտրություններն անցան համատարած օրինախախտումներով։

Միասնական շտաբը կարծում է, որ ԿԸՀ-ն խախտել է օրենքի պահանջները և չի ապահովել անձնագրերի դրոշմակնքման պատշաճ կիրառումը, որը բազմակի քվեարկության բացառման կարևոր գործիք է։ Երեք քաղաքական ուժերի համար խիստ անարժանահավատ են նաև ընտրությունների ընթացքում օգտագործված ընտրացուցակը և ընտրություններին մասնակցած ընտրողների պաշտոնապես հրապարակված թիվը։ «Հիմնվելով երեք քաղաքական ուժերի դիտարկումների վրա, ինչպես նաև լրատվամիջոցների հրապարակումների վրա, Միասնական շտաբն արձանագրում է, որ մայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքում ձևավորված խորհրդարանը չի արտացոլում ժողովրդի կողմից քաղաքական ուժերի աջակցության իրական պատկերը»,- հայտարարում են ԲՀԿ-ն, ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն:

Քաղաքական ուժերը պատրաստակամություն են հայտնում շարունակել համատեղել ջանքերը «երկրում ստեղծված արատավոր ընտրական համակարգի վերափոխման և իրապես ժողովրդավարական ընտրությունների մեխանիզմների հաստատման ուղղությամբ»:

ՀՀԿ-ն գոհ է ընտրությունների արդյունքից

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը իր հարցազրույցներում հայտարարել է, որ ՀՀԿ-ն գոհ է ընտրությունների արդյունքից: Նա ասել է նաև, որ, իր կարծիքով, հասարակությունը նույնպես գոհ է:

«Մենք կարողացանք այս ընտրություններով ապացուցել, որ Հայաստանը իրոք ժողովրդավարական երկիր է, որ Հայաստանում ժողովրդավարական արժեքները այլընտրանք չունեն»,- ասել է Շարմազանովը:

Նրա խոսքերով` ընտրության ողջ գործընթացքը և ընտրարշավը ցույց տվեցին, որ կա մրցակցություն, և կան հավասար պայմաններ բոլոր քաղաքական ուժերի համար:

«Գոնե մի բան փաստ է, որ որևէ լուրջ ինցիդենտ չգրանցվեց, նաև՝ որևէ լուրջ խախտում, որը որ կապված էր նաև իշխող Հանրապետականի հետ, չգրանցվեց... Հիմնականում գերակշռում էին տեղեկություններ, որոնք հետագայում արդեն հերքվում էին», - նշել է ՀՀԿ խոսնակը։ Խոսելով ընտրությունների արդյունքից՝ նա ասել է, որ իր կարծիքով՝ որևէ մեկը չէր կասկածում, որ Հայաստանում քաղաքական օրակարգը ձևավորողը ՀՀԿ-ն է և այդպես շարունակելու է մնալ նվազագույնը առաջիկա հինգ տարիների ընթացքում։

Ներկայումս խորհրդարան անցած քաղաքական ուժերն ակտիվ քննարկումների և բանակցությունների փուլում են: Կուսակցությունները դեռ չեն հրապարակել համամասնական ցուցակի այն թեկնածուների անունները, ովքեր կհայտնվեն խորհրդարանում: Հասարակության ուշադրությունը բևեռված է նաև իշխանական կոլիացիա կազմել-չկազմելու, նախարարական պորտֆելների բաշխման խնդիրների շուրջ:

Հեղինակը՝ Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am