Հարցազրույց

«Դատավորը կայացրել է հանցավոր դատավճիռ». իրավապաշտպան

13.05.2013

Photo by hahr.am

Հարցազրույց Արտակ Նազարյանի գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան, զինվորական գործերով փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանի հետ։

Պարո՛ն Մարտիրոսյան, օրեր առաջ հրապարակվեց Արտակ Նազարյանի գործով դատավճիռը, որին տուժող կողմը ներկա չէր՝ նախապես հայտարարելով, որ դատավճիռը կանխատեսելի է և չի պատրաստվում հոտնկայս լսել այն: Իսկապես կանխատեսելի դատավճիռ կայացվե՞ց:  

Ինչպես նախաքննությունն էր իր հիմքում հանցավոր, այդպես էլ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ, գործող դատավոր Սամվել Մարդանյանի վճիռը:  Ամբողջ դատաքննության ընթացքում Մարդանյանը չարեց գոնե մեկ քայլ, որը կնպաստեր Նազարյանի սպանության բացահայտմանը, ընդհակառակը, ամեն կերպ նա խոչընդոտում էր այդ գործընթացին: Նա ընդամենը եղել և մինչև վերջ մնացել է նախաքննական մարմնի կցորդը: Պաշտոնապես հայտարարում եմ, որ նա կայացրել է հանցավոր դատավճիռ: Մենք կփորձենք նաև դատի տալ նրան նման անօրինական վճռի համար: Ըստ էության՝ նման վճռով նա տարբեր տարիների ազատազրկման դատապարտեց հինգ անմեղ զինծառայողների:

Բողոքարկելո՞ւ եք դատավճիռը, և հետագա ի՞նչ զարգացումներ եք ակնկալում:

Այո, վերաքննիչ բողոք ենք ներկայացնելու: Այդ գործով պետք է առնվազն երեսուն պետական պաշտոնյաներ պատասխանատվության ենթարկվեին: Դա է պատճառը, որ, ըստ էության, գործը կոծկեցին: Այն,  ինչ իրենք անվանում են դատավճիռ, մենք համարում ենք հանցավոր ճանապարհով գործի կոծկում:

Որևէ մեկից ոչինչ չենք ակնկալում, ներքին համոզմունք ունենք, որ ի վերջո գործը պետք է հասնի Եվրադատարան: Եվրախորհուրդը լավ տեղյակ է գործին, ԵԽ մարդու իրավունքների գծով հանձնակատար Թոմաս Համերբերգն անձամբ է հանդիպել Արտակ Նազարյանի մորը:

Տուժող կողմը պարբերաբար բարձրաձայնում էր հրամանատար  Գագիկ Ուդումյանի անունը` որպես կատարվածում ներգրավված անձի։ Նրա անունը քրեական գործում շոշափվե՞լ է:

Այո, իհարկե: Ուդումյանին մենք կասկածում ենք մի քանի պատճառով։ Գրեթե ներքին համոզմունք ունենք, որ սպանության ակտիվ մասնակից է եղել Ուդումյանը: Ուդումյանի անմիջական ենթական է եղել Արտակ Նազարյանը: Նազարյանի սպանությունից անմիջապես հետո Ուդումյանը զանգում է ներկայումս դատապարտյալ կապիտան Հակոբ Մանուկյանին, որին 10 տարի ազատազրկման է դատապարտել Մարդանյանը, և ոչ թե մտահոգություն կամ անհանգստություն է հայտնում մահվան փաստով, այլ Մանուկյանին հրամայում է Նազարյանի գրպանից հանել նոթատետրը, որում Նազարյանը ամեն օր գրառումներ էր անում իր կոնֆլիկտների,  գործողությունների և աշխատանքի մասին,  և գաղտնի փոխանցել իրեն, ինչն էլ կատարվում է:

Բացի այդ, Ուդումյանը մահվանից առաջ հեռախոսային խոսակցություն է ունեցել  Նազարյանի հետ, փոխադարձաբար հայհոյանքներ են տվել, և նա խոստացել է, իբր, առավոտյան գալ և Նազարյանի հարցերը լուծել: Ո՛չ նախաքննական մարմինը, ո՛չ դատարանը չփորձեց պարզել, թե ի՞նչն էր այդ փոխադարձ ատելության, փոխադարձ հայհոյանքների պատճառը: Դա, բնականաբար, ունեցել է նախապատմություն, որն այդպես էլ չբացահայտվեց: Ես, որպես այս գործում փորձառու անձ, ով աշխատել ՊՆ-ում, պայքարել է բանակում սպանությունների և ծանր հանցագործությունների դեմ, համզոված եմ, որ նման կոնֆլիկտից և նման հայհոյանքներից հետո չէր կարող Ուդումյանը ասել՝ վաղը կգամ հարցերդ կլուծեմ, նա հենց այդ պահին կաներ դա, քանի որ ինքն էլ էր գտնվում նույն մարտական դիրերում:

Մենք պահանջեցինք, որպեսզի մի շարք վկաների, այդ թվում՝ նաև Ուդումյանի հեռախոսազանգերը  վերծանվեն, սակայն մեր միջնորդությունները չբավարարվեցին:  Հեռախոսազանգերի վերծանումը մեզ շատ կարևոր փաստեր կտար, և դա հասկանալով՝ Մարդանյանը մերժեց:

Դատաքննության ընթացքում բազմաթիվ միջնորդություններ եք ներկայացրել: Որքանո՞վ են դրանք հաշվի առնվել և բավարարվել:

Ասեմ մի զավեշտալի բան: Մարդանյանին միջնորդել ենք կրկնակի դատահոգեբանական հետմահու փորձաքննություն կատարել, ասում է՝ այդ հարցին կպատասխանեմ խորհրդակցական սենյակում:

Մինչև օրս Արտակ Նազարյանի հագուստը  դատաքիմիական, դատակենսաբանական փորձաքննության չի ուղարկվել, մենք չգիտենք կա՞ արդյոք հագուստի վրա արյուն, որտե՞ղ են դրանք տեղակայված, ո՞ւմ են պատկանում, մարդո՞ւ են, թե՞ կենդանու: Եթե մարդու են, ո՞ր խմբին են պատկանում, կարո՞ղ էին արդյոք պատկանել Արտակ Նազարյանին: Կա՞ն արդյոք այլ խմբի արյան հետքեր, որոնք չէին կարող պատկանել Արտակ Նազարյանին: Բազմաթիվ չբացահայտված հարցեր կան, որոնք կարևորագույն նշանակություն ունեն գործով իրականությունը բացահայտելու համար:

Զրահաբաճկոնի վերաբերյալ միջնորդությունը ևս մերժվեց: Դատարանում զրահաբաճկոնը զննվեց, և մենք ակնհայտ տեսանք, որ զրահաբաճկոնի վրա առկա են կրակոցին բնորոշ երկու հետքեր: Միջնորդեցինք, որ զրահաբաճկոնն ուղարկվի ձգաբանական փորձաքննության, սակայն սա ևս դատավորի կողմից մերժվեց:

Մի շարք վկաներ հրաժարվեցին նախաքննության ժամանակ տված ցուցմունքներից, հայտարարեցին, որ դա իրենցից կորզվել է հանցավոր ճանապարհով քննիչ Լևոն Պետրոսյանի կողմից, դա ևս անտեսվեց:

Եվ ամենակարևորը, այդպես էլ չբացահայտվեց թե ովքեր էին ծեծել և խոշտանգել Արտակ Նազարյանին մահվանից վեց ժամ առաջ և մահվանից ոչ շատ առաջ:  Նաև դատարան չհրավիրվեց մատնահետքաբանը, որ բացատրեր, թե ինչպես կարող էր Արտակ Նազարյանը ինքնասպան լինել և նրա զենքի վրա իր մատնահետքերը չմնային:

Հարցերն ու հակասություններն այնքա՜ն շատ են, դրանք ծագել են հանցավոր նախաքննության արդյունքում:

Միջնորդությունները ի՞նչ հիմքով են մերժվել:

Միջնորդությունների զգալի մասը նա ոչ թե մերժել է, այլ ասել է, որ դրանց կանդրադառնա խորհրդակցական սենյակում: Հարց է՝ ինչպե՞ս կարող է դատավորը խորհրդակցական սենյակում պարզել՝  կա՞ն արդյոք Նազարյանի հագուստի վրա արյան հետքեր և ո՞ւմ արյան հետքերն են դրանք:

Երբ նախաքննության ժամանակ սպանվածի մայրը տեսել էր Նազարյանի գլխարկը, դրա վրա եղել էր հրազենային անցք, սակայն արյուն չէր եղել անցքի շուրջ: Դա զարմանք էր առաջացրել մոր մոտ: Դրանից հետո, երբ գլխարկը դատարանում մեզ ներկայացրեցին, դրա վրա կար հոծ արնանման հետքի զանգված: Մոր արձագանքից հետո քննիչը ինչ-որ նյութ էր քսել գլխարկի վրա, թե ինչ էր դա, չիմացանք, քանի որ չնայած մեր հիմնավոր միջնորդությանը, Մարդանյանը գլխարկը ևս չուղարկեց փորձաքննության:

Իսկ նախաքննության ժամանակ ի՞նչ ակնհայտ խախտումներ են կատարվել:

Անօրինականությունները թե՛ նախաքննության  ժամանակ և թե՛ դատարանում այնքան շատ են, որ անհնար է դրանք թվարկել:

Օրինակ` դատաբժիշկ Վիգեն Ադամյանին ստիպեցին գալ դատարան և տալ ակնհայտ կեղծ ցուցմունք: Ըստ Ադամյանի՝ «մահվանից ոչ շատ առաջ» արտահայտությունը նշանակում է մահվանից 3-5 օր առաջ: Այդ հարցով դիմեցի ՌԴ դատաբժշկական կենտրոնի տնօրենին և նա տվեց սպառիչ պատասխան, որ իր կարծիքով «մահվանից ոչ շատ առաջ» արտահայտությունը նշանակում է մահվանից 0-30 րոպե առաջ: Սա երևի ամենաբացահայտ, լկտի, ցինիկ կեղծիքն էր, որ հնչեց դատարանում:

Գործով ապացուցված է, որ վկաներին ապօրինաբար զրկել են ազատությունից: Մենք այդ մասին հաղորդում ուղարկեցինք ՀՔԾ, ՄԻՊ-ին, գլխավոր դատախազին, նախագահին, սակայն ոչ մի արդյունք: Նաև միջնորդեցինք, որ ապօրինի ճանապարհով կորզված ցուցմունքները ճանաչվեն անթույլատրելի ապացույցներ, սակայն եթե Մարդանյանը վճիռ է կայացրել, նշանակում է՝ նա մերժել է նաև մեր այդ միջնորդությունը, ինչը բացահայտ անօրինականություն է:

Ծեծի  ու խոշտանգումների վերաբերյալ  ցուցմունք տվեցին գործով երկու ամբաստանյալներ: Ըստ օրենքի՝ այդ ցուցմունքները պիտի քննության առնվեր հատուկ քննչական ծառայության կողմից, քանի որ վերաբերում էր պետական պաշտոնատար անձանց, սակայն ևս մեկ անգամ գնալով հանցագործության՝ խախտելով օրենքը, գլխավոր դատախազությունը պահանջեց, որպեսզի ՀՔԾ-ն հանցագործության մասին մեր հաղորդումը հանձնի զինդատախազությանը և քննությունը կատարվի նույն կայազորում, որը հսկել էր այդ հանցավոր նախաքննությունը և որի ցուցումով էլ Արտակ Նազարյանի սպանությունը վերափոխվել էր ինքնասպանության:

Ո՞վ է կոծկել սպանությունը, ըստ Ձեզ։

Պետք է ասեմ, որ կայազորի դատախազը շատ փոքր է, որպեսզի այդպիսի գործեր կոծկի: Իմ համոզմամբ՝ Նազարյանի սպանության կոծկման հրամանը տվել են Աղվան Հովսեփյանը և Գևորգ Կոստանյանը: 40-ից ավելի հանցագործությունների մասին հաղորդում ենք տվել, բողոքի ցուցեր կազմակերպել, ամբաստանյալներից մեկի ծնողը հանդիպեց Հովսեփյանի  հետ և պատմեց իրողությունը, սակայն նա ոչ մի կերպ չարձագանքեց, որևէ քայլ չկատարեց, ինչը նշանակում է, որ իր հրամանով է այդ ամենը կատարվել:

Գործը կոծկողները եղել են Ռազմական ոստիկանությունը, Զինդատախազությունը, Գլխավոր դատախազությունը և ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը:

Պարոն Մարտիրոսյան, իսկ դատավարությունը Տավուշից Երևան, ապա նորից Տավուշի դատարան տեղափոխելն ինչպե՞ս եք մենկաբանում:

Դա արդեն բացահայտ անօրինականություն էր, Տավուշ տեղափոխելն էապես խոչընդոտում էր արդարադատության իրականացմանը, բայց Մարդանյանը կատարեց հրաման: Ըստ մեր ունեցած հավաստի տեղեկությունների՝ նրան նման հրաման տվեց Վճռաբեկ դատարանի նախագահը՝ Մկրտումյանը: Այս ամբողջ գործում Մարդանյանը որևէ ինքնուրույն քայլ չի կատարել, նա ամբողջությամբ եղել է կամակատար և կատարել է իր վերադասների հրամանները: Այսինքն՝ Մարդանանը անկախ է եղել միմիայն օրենքից և կախյալ է եղել բոլոր մեծ ու փոքր պետական պաշտոնյաներից:

Իսկ ո՞րն է գործը ձգձելու պատճառը.  նախաքննությունը մեկ տարի տևեց, դատաքննությունը՝ 1,9 տարի:

Ուզում էին ձևացնել, թե, իրոք, փորձում են արդար դատաքննություն իրականացնել, լսում են բոլոր բողոքները: Բացի այդ, գործում այնքան շատ էին հակասությունները, հանցագործության փաստերը, որ ուղղակի չէին կարողանում կարճ կապել, չնայած ի վերջո դատավորին հրաման տվեցին միջնորդություններին չարձագանքել և փակել գործը, ի վերջո չդիմացան: 

Հարցազրույցը՝  Հայկուհի Բարսեղյանի

Աղբյուրը՝ www.hra.am