Հարցազրույց

Երեխաների իրավունքների խախտումները պետք է դիտարկել անհատական մոտեցմամբ

31.05.2012

Հարցազրույց «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության «Հայաստանում երեխաների նկատմամբ բռնության նվազեցում» ծրագրի ղեկավար Անահիտ Գրիգորյանի հետ

Ձեր դիտարկմամբ՝ Հայաստանում երեխաների ո՞ր իրավունքներն են ավելի շատ խախտվում, ոտնահարվում:

Իրավունքների խախտման դեպքերը շատ տարբեր են՝ կախված նրանից մենք դիտարկում ենք հաստատությունների երեխաներին, թե` ընտանիքում ապրող երեխաներին:

Հաստատությունների երեխաների դեպքում ընտանիքում ապրելու իրավունքն է ոտնահարվում, ընտանիքի հետ շփման սահմանափակումներն են, կրթության որակի և երեխայի սոցիալիզացիայի ապահովման խնդիրն է, որովհետև, ամեն դեպքում, հաստատությունների երեխաներին ընկալում են որպես հաստատությունների երեխաներ, որպես մի խումբ, ոչ թե որպես անհատներ՝ անկախ այն բանից նրանց կրթությունը կազմակերպվում է հատուկ, թե` հանրակրթական դպրոցում:

Եթե դիտարկում ենք ընտանիքում ապրող երեխաներին, պիտի նորից տարանջատեմ՝ սոցիալապես անապահովներին և քիչ թե շատ ապահով ընտանիքների երեխաներին:

Սոցիալապես ապահով ընտանիքների երեխաները հնարավորություն ունեն օգտվելու կյանքի բոլոր բարիքներից, նրանց ամեն ինչ պատրաստի մատուցվում է: Իսկ սոցիալապես անապահով ընտանիքներում վիճակը մի փոքր ավելի տխուր է, որովհետև, նախ, երեխաների ազատ ժամանցը չի կազմակերպվում՝ հնարավորություններ չլինելու պատճառով, երեխան չի կարողանում իր ճաշակը զարգացնել, նա ընտրության հնարավորություն չունի, օրինակ՝ պարտադրված հագնում է իր մեծ եղբորից կամ քրոջից մնացած հնամաշ հագուստը: Իսկ եթե մարդ ընտրության հնարավորություն չունի, դրանից մեծ իրավունքի ոտնահարում չի կարող լինել:

Այսինքն՝ երեխաների իրավունքների խախտումները պետք է դիտարկել անհատակա՞ն մոտեցմամբ:

Անշուշտ: Ընդհանրապես, ցանկացած երեխայի և, առհասարակ, մարդու պետք է դիտարկել անհատի տեսանկյունից, ցանկացած մարդ տարբեր իրավիճակներում տարբեր վարքային դրսևորումներ է ցուցաբերում և տարբեր կարիքներ է ունենում. պետք է կարողանանք այդ կարիքներին պատասխանենք ու արձագանքենք:

Իսկ երեխաների ո՞ր խմբերն են առավել խոցելի:

Հաստատություններում գտնվող, հանրակրթությունից դուրս մնացած, միակողմանի, երկկողմանի ծնողազուրկ, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները, այն ընտանիքների երեխաները, որտեղ կան հաշմանդամներ, թմրանյութեր և ալկոհոլ օգտագործող ծնողների երեխաներ: Հիմնական խոցելի խմբերը սրանք են:

Դուք նաև հատուկ դպրոցների մշտադիտարկման խմբի անդամ եք: Այդ հատատություններում ի՞նչ խնդիրներ կան, երեխաների իրավունքների պաշտպանվածության մակարդակն ինչպիսի՞ն է:

Այս հաստատություններում հիմնականում անտեսման երևույթն է տարածված, որը բռնության մի ձև է, որովհետև անտեսումը բերում է հոգեբանական բռնության: Դեպքեր կան ֆիզիկական բռնություններ էլ են լինում, բայց, ելնելով մեր ազգային մտածելակերպից, մենք երեխայի վզակոթին թեթևակի հասցնելը կամ հրմշտելը բռնություն չենք համարում: Բռնություն համարում ենք ծեծը, ընդ որում՝ շարունակական ծեծը: Մասնագիտական լեզվով ասած՝ դա խոշտանգում է, բայց մինչև խոշտանգման աստիճանի չի հասնում, հասարակությունը դա չի ընկալում որպես բռնություն: Բռնությունը դեռ լավ գիտակցված չէ մեր հասարակությունում:

Եղել են դեպքեր, երբ ուսուցիչները նվաստացնում են երեխաներին, «վիժվածքներ» են անավանում, կոպիտ բառեր են օգտագործում, երեխայի երեսին կարող են շպրտել՝ թե ինքն ինչ ընտանիքից է, օրինակ՝ «մայրդ այսպիսինն է» կամ «հայրդ այսպիսինն է»: Հիմնականում այդ վերաբերմունքն է:

Մենք «Հայաստանում երեխաների նկատմամբ բռնության նվազեցում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ, հաստատություններում իրականացրեցինք զարգացման նախադրյալների վերաբերյալ ուսումնասիրություն:

Արդյունքները հետաքրքիր էին. երեխաներն աջակցություն ստանում են մեծահասակներից միայն այն դեպքում, երբ դիմում են աջակցության համար: Աջակցությունը կրում է տարերային բնույթ և միայն խնդրի լուծմանն է արձագանքում, այլ ոչ թե զարգացնում է երեխայի ներաշխարհը, ինքնավստահություն է զարգացնում կամ նպաստում նրա անձնական աճին:

Ձեր կարծիքով՝ պե՞տք են հատուկ դպրոցները, թե կան դրանց փոխարինող այլ՝ ավելի լավ մոդելներ հատուկ կարիքներով երեխաների համար:

Միանշանակ ասել հաստատությունները պետք են կամ պետք չեն, չի կարելի, որովհետև տարբեր պետություններ՝ ունենալով իրենց երկրի փորձը, տարբեր արդյունքների են եզրահանգել: Օրինակ՝ եթե հիշենք Ռումինիայի փորձը, մեկ օրվա մեջ որոշում կայացվեց բոլոր հաստատությունները փակել և երեխաներին վերադարձնել ընտանիքներ: Արդյունքում շատացավ թափառաշրջիկ և մուրացիկ երեխաների թիվը, և պետությունը կանգնեց մեկ այլ խնդրի առջև:

Լավ էր, որ կարողացան ճիշտ և ճկուն որոշում կայացնել՝ ստեղծելով ընտանեկան միջավայրին մոտ ցերեկային խնամքի հաստատություններ, աջակցեցին խնամատար ընտանիքների ստեղծմանը: Խնամատար ընտանիքում երեխաներին պահելն ավելի փոքր գումար է պահանջում կառավարությունից, քան հաստատություն պահելը:

Հաստատությունները, կախված տիպերից, պետք է լինեն՝ գոնե մեկական, որովհետև ներառական կրթությունը մեզ մոտ դեռ պատրաստ չէ բավարարելու կրթության առանձնահատուկ կարիք ունեցող բոլոր երեխաների պահանջներին:

Ադապտացված դպրոցներ՝ մասնագիտացված մանկավարժներով, հատուկ ծառայություններով և նաև շենքային պայմաններով, միանշանակ պետք են այս երեխաներին: Բայց այդ հաստատությունները ոչ թե պետք է երեխաներին ընդունեն և մինչև 12-րդ դասարան ուղղորդեն և փոխարինեն ընտանիքին, այլ ավելի շատ պետք է ռեսուրս կենտրոնի դեր ունենան, պետք է ծառայություններ մատուցեն նաև այն ներառական դպրոցներում, որտեղ այդ կարիքներն ունեցող երեխաներ կան: Սա իդեալական տարբերակ է, և մեր պետությունն արդեն սկսել է որդեգրել այդ մոտեցումը։ Ներկայումս մշակվում է Երեխաների իրավունքների պաշտպանության 2012-2016թթ. ռազմավարությունը, որի մի մասն է լինելու դա:

Իսկ խնամատար ընտանիքի գաղափարին ի՞նչպես եք վերաբերում, և այդ մոդելը Հայաստանում ինչո՞ւ չտարածվեց:

Խնամատար ընտանիքի ինստիտուտը Հայաստանում ներդրվեց որպես պիլոտային ծրագիր, քսաներկու խնամատար ընտանիքներ ընտրվեցին, որից միայն երկուսի դեպքում երեխաները վերադարձվեցին հաստատություն: Ծրագիրն ավարտվել է, և այս պահին արդյունքները դեռ վերջնականապես ամփոփված չեն: Արդյունքներն ամփոփելուց հետո, ինձ թվում է, նորից կանդրադառնան այդ ծրագրին:

Այսինքն՝ թվային տվյալները դեռ ոչինչ չեն ասում, խոսել ծրագրի դրական կամ բացասական ազդեցության մասին՝ ոչ ոք չի կարող: Մենք դեռ պետք է հասկանանք այդ 20 երեխայի կյանքի վրա ինչ ազդեցություն է ունեցել խնամատար ընտանիքը, դա լուրջ հետազոտութան կարիք ունի: Իսկ ընդհատումը կապված էր ֆինանսական ճգնաժամի հետ, պետությունն ի վիճակի չեղավ շարունակելու ֆինանսավորումը:

Հայաստանում երեխաների իրավունքները պաշտպանող օրենսդրական դաշտն ինչպիսի՞ն է, և օրենքները որքանո՞վ են կիրառվում գործնականում:

Մեր ծրագրի իրավական փորձագետը միշտ ասում է, որ ՀՀ օրենսդրությունը շատ լավն է համեմատած տարածաշրջանի երկրների հետ: Այդուհանդերձ, Հայաստանի օրենսդրությամբ ամրագրված չէ երեխաների իրավունքների պաշտպանության եռաստիճան համակարգը, որը գործում է 2006 թվականից:

Մենք մեր ծրագրի շրջանակներում մշակել ենք Ընտանեկան օրենսգրքի փոփոխությունների նախագիծ, որպեսզի օրենքը մոտեցնենք իրականությանը և միջազգային նորմերին:

Նախագծում հստակ սահմանվում են՝ ինչպիսի պարտականություններ և պատասխանատվություն ունեն առաջին մակարդակում համայնքի Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովները, երկրորդ մակարդակում՝ մարզային կառույցների Ընտանիքի, կանանց, երեխաների պաշտպանության բաժինները, և երրորդ մակարդակում՝ Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովը, որը գործում է Աշխատանքի և սոցիալական հարցրեի նախարարությանը կից:

Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում ո՞ր խնդիրն է ամենաառաջնայինը, որն օր առաջ պետք է լուծել:

Շատ դժվար հարց է. 0-18 տարեկան ցանկացած անհատի: Խոցելի խմբերը, որոնք ես թվարկեցի, բոլորն իրենց խնդիրներն ունեն: Բայց վերջերս մեր քննարկումների արդյունքում որպես լուրջ խնդիր դիտարկվում է դեռահասների հոգեկան առողջության խնդիրը: Չունենք մասնագիտացված ոչ մի ծառայություն այս երեխաների համար: Առողջապահության նախարարությունը, որպես այլընտրանք, մեծերի հոգեկան առողջության կենտրոններին կից ստեղծել է մանկական բաժանմունքներ, բայց մասնագիտացված կլինիկա կամ կենտրոն չունենք: Այս պահին առաջնայինն այս խնդիրն է, որ բարձրացել է:

Բայց նաև ունենք խնդիրներ համայնքային մակարդակում ծառայությունների մատուցման հետ: Այսինքն, եթե մենք կարողանանք համայնքներում ունենալ այնպիսի ծառայություններ, որոնք միանգամից կարձագանքեն երեխայի խնդրին, վաղ կանխարգելման աշխատանք կիրականացնենք և չենք թողնի, որ խնդիրն էլ ավելի խորանա:

Հարցազրույցը՝ Մերի Ալեքսանյանի

ՀԳ. Հունիսի 1–ը երեխաների պաշտպանության միջազգային օրն է: «Հայաստանում երեխաների նկատմամբ բռնության նվազեցում» ծրագրի շրջանակում նկարահանվել է «Երեխաների նկատմամբ բռնության հետևանքները» տեսահոլովակը.

Աղբյուրը՝ www.hra.am