Հարցազրույց

Կողմնակալ դիտորդները կարող են զրկվել դիտորդական իրավունքից

02.04.2012

Հարցազրույց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Տաթևիկ Օհանյանի հետ

Ո՞րն է դիտորդական առաքելության նպատակը:

Դիտորդական առաքելության նպատակն ընտրական գործընթացների վերաբերյալ հավաստի տեղեկատվության հավաքագրումն է, և այդ տեղեկատվության հիման վրա անկախ եզրակացության կազմումը: Ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություններն իրականացվում են դիտորդների միջոցով՝ անկողմնակալության, չեզոքության և ընտրական գործընթացներին չմիջամտելու սկզբունքների հիման վրա: ՀՀ-ում դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունք ունեն միջազգային կազմակերպությունները, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունները, ինչպես նաև տեղական և օտարերկրյա այն ՀԿ-ները, որոնց կանոնադրական խնդիրները ներառում են մարդու իրավունքների պաշտպանությանը և ժողովրդավարությանն առնչվող հարցեր:

Ինչպե՞ս են միջազգային դիտորդական առաքելությունները գրանցվում և հետևում ընտրություններին:

Միջազգային կազմակերպությունները, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունները, ինչպես նաև օտարերկրյա ՀԿ-ները դիտորդական առաքելություն կարող են իրականացնել միայն համապատասխան հրավերի առկայության դեպքում: Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով հրավեր ուղարկելու իրավասություն ունի ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը, վարչապետը և Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Այս պահի դրությամբ քանի՞ կազմակերպություն և քանի՞ դիտորդ է գրանցված ԿԸՀ-ում:

Միջազգային կազմակերպություններից հրավեր է ուղարկվել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակին (ԺՀՄԻԳ): Վերջինս արդեն Հայաստանում բացել է իր գրասենյակը, և այս պահի դրությամբ ԿԸՀ-ում հավատարմագրված է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ից 39 դիտորդ: Հրավեր է ուղարկվել նաև ԵԽԽՎ-ին, բայց այս պահին դեռ հավատարմագրված չեն:

Տեղական հասարակական կազմակերպություններից այս պահի դրությամբ ԿԸՀ-ում հավատարմագրված են 15 ՀԿ և, ընդհանուր առմամբ, 12.778 դիտորդ:

Իսկ մերժումներ եղե՞լ են:

Այս պահի դրությամբ չորս ՀԿ–ների գրանցում մերժվել է: Երեքի դեպքում կազմակերպության կանոնադրական խնդիրները չէին ներառում մարդու իրավունքներին և ժողովրդավարությանն առնչվող հարցեր: Իսկ մյուս կազմակերպությունն, իր փաստաթղթերը ԿԸՀ ներկայացնելիս, կցել էր մեկ այլ կազմակերպության կանոնադրություն։

Մտահոգություններ են հնչում, որ դիտորդական առաքելություն իրականացնող ՀԿ-ները կամ դիտորդները երբեմն կողմնակալություն են դրսևորում և ուղղորդվում են այս կամ այն կուսակցության կողմից: ԿԸՀ-ն ինչպե՞ս է վերահսկում այս գործընթացը:

Ես արդեն նշեցի, որ դիտորդական առաքելության բուն նպատակը անկողմնակալ և գնահատականներից զերծ եզրակացության տրամադրումն է: Ընտրական օրենսգիրքը հստակ սահմանում է, որ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները պետք է չսատարեն այս կամ այն քաղաքական ուժին և ցուցաբերեն անկողմնակալություն:

Կարծում եմ, որ ընդհանուր առմամբ պետք է ընտրական մշակույթի զարգացման, դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների իրավագիտակցության և իրենց առաքելությունն իրականացնելու բուն նպատակի արժևորման արդյունքում հասնենք այդ ամենին:

Իսկ Ընտրական օրենսգրքով ի՞նչ պատասխանատվություն է սահմանված կողմնակալություն դրսևորած դիտորդի նկատմամբ:

Այն հասարակական կազմակերպությանը կամ այն դիտորդին, որը սատարում է թեկնածուներին, կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին, ԿԸՀ-ն կարող է զրկել դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունքից: Սակայն յուրաքանչյուր դեպք պետք է դիտարկել առանձին, և, բնականաբար, ԿԸՀ-ն համապատասխան որոշում կկայացնի ողջամտության սահմաններում:

Նոր Ընտրական օրենսգրքով դիտորդն ի՞նչ լիազորություններ ունի ընտրատեղամասում: 

Ընտրական օրենսգիրքը լայն հնարավորություններ է ընձեռում թե՛ դիտորդներին, թե՛ վստահված անձանց, թե՛ ԶԼՄ ներկայացուցիչներին ընտրական ողջ գործընթացը վերահսկելու համար: Դիտորդը կարող է ներկա գտնվել ընտրական հանձնաժողովների նիստերին, ծանոթանալ ընտրական հանձնաժողովների տնօրինության տակ եղած ողջ տեղեկատվությանը, ընտրական փաստաթղթերին, նաև կարող է առանց որևէ արգելքի հետևել քվեաթերթիկների տպագրման, փոխադրման և պահպանման գործընթացին: Քվեարկության օրը նա կարող է ազատորեն տեղաշարժվել քվեարկության սենյակում, հետևել քվեարկության ընթացքին, քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացին։ Դիտորդը կարող է նաև առաջարկություններ ներկայացնել տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներին, սակայն չի կարող մասնակցել ՏԸՀ որոշումների ընդունման գործընթացին:

Նորարարություն է դիտորդների ստուգարքը, որն անցկացնում է ԿԸՀ-ն: Նպատակն այն է, որ դիտորդներն իրավական գիտելիքներ ունենան ընտրական գործընթացների վերաբերյալ, ծանոթ լինեն Ընտրական օրենսգրքին, Սահմանադրությանը և կարողանան հավաքել և ներկայացնել անկախ և ճշգրիտ տեղեկատվություն: Քվեարկության օրվանից մինչև 17 օր առաջ կազմակերպությունը կարող է հայտ ներկայացնել ստուգարք անցկացնելու համար, որի արդյունքում նրանց կտրամադրվեն դիտորդական առաքելություն իրականացնելու վկայականներ:

Ընտրական նոր օրենսգիրքը թույլ է տալիս քվեարկության ողջ գործընթացը տեսանկարահանել՝ բացառությամբ այն տեսարանների, որոնք խախտում են քվեարկության գաղտնիությունը: Ո՞րն է ընտրողների ստորագրած ցուցակը չհրապարակելու միտումը:

Քվեարկության գաղտնիությունը լայն հասկացություն է, դա կարող է պարունակել թե՛ քաղաքացու անձնական տվյալների գաղտնիությունը, թե՛ քաղաքացու՝ քվեաթերթիկում նշում կատարելը: Ես կարծում եմ, որ ԿԸՀ-ն համապատասխան պարզաբանմամբ հանդես կգա և այդ բոլոր սկզբունքները կմատնանշի:  

Հեղինակը՝ Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am