Հարցազրույց

Նոր Ընտրական օրենսգիրք. խնդիրներ դեռ չեն առաջացել

06.03.2012

Հարցազրույց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Գեորգի Մարտիրոսյանի հետ

Նախորդ տարի ընդունված Ընտրական նոր օրենսգիրքը որքանո՞վ է ապահովում քաղաքացու ընտրելու իրավունքը:

Նոր օրենսգրքում կան էական փոփոխություններ նախորդի հետ համեմատ: Իրավունքի սկզբունքը նույնն է՝ բոլորն ունեն ընտրելու և ընտրվելու հավասար իրավունք՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Փոփոխություններն էական են մասնավորապես քվեարկության գաղտնիության վերաբերյալ: Նաև սահմանված են բավական խիստ պատիժներ կեղծարարների համար, և նաև նրանց համար, ովքեր կչարաշահեն իրենց իրավունքները:

Նոր օրենսգիրքում նաև էական փոփոխություններ կան ԶԼՄ-ների համար: Նախկին օրենսգիրքը նկարահանումների վերաբերյալ մի տեսակ երկակի մեկնաբանություն էր տալիս, և պարզ չէր՝ երբ կարելի է նկարել, ինչ կարելի է նկարել... Ներկայիս օրենսգիրքը հստակ սահմանում է, որ ամբողջ ընտրական գործընթացը կարելի է լուսանկարել և տեսանկարել՝ չխոչընդոտելով հանձաժողովի աշխատանքներին: Չի կարելի նկարել միայն ընտրողների ստորագրվող ցուցակը՝ հաշվի առնելով, որ դա խախտում է ընտրության գաղտնիությունը, և չի կարելի նկարահանել քվեախցի հետևը: Իսկ արդյունքների ամփոփման, հաշվարկի ժամանակ թույլատրվում է նկարել նաև քվեաթերթիկները:

Իսկ հաշմանդություն ունեցող մարդկանց կարիքները հաշվի առնվե՞լ են:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընդունել է մի շարք որոշումներ: Միայն մի պայման կա՝ բոլորը պետք է ներկա լինեն ընտրատեղամասում, այսինքն՝ հասնեն ընտրատեղամաս: Դժվար տեղաշարժվողների համար հատուկ որոշում կա, որ եթե ընտրական տեղամասը հարմարեցված չէ և հնարավոր չէ մուտք գործել, հանձնաժողովի նախագահը պետք է աջակցի նրան, և նա կարող է գրանցվել և քվեարկել:

Տեսողության խնդիր ունեցողներին ընտրատեղամասում կարող է որևէ մեկն օգնել: Կույրերի համար կան հատուկ կաղապարներ, որոնցով իրենք հանգիստ կարող են կատարել իրենց ընտրությունը: Եթե ընտրողը ցանկանում է, որ որևէ մեկն իրեն օգնի, նա կարող է դիմել ցանկացած անձի՝ բացառությամբ հանձնաժողովի անդամներից և վստահված անձանցից։ Դա կարող է լինել դիտորդ, ԶԼՄ ներկայացուցիչ, այլ ընտրող: Բայց պարտադիր պայման է, որ օգնողը պետք է մատյանում գրանցվի և նույն անձը երկրորդ անգամ իրավասու չէ ինչ-որ մեկին օգնել, այսինքն՝ չի կարող այնպես լինել, որ մեկը կանգնի և մի քանի ընտրողի օգնի:

Խորհրդարանական ընդդիմությունը առաջարկում էր հրապարակել ընտրողների ստորագրված ցուցակը, որը չընդունվեց այն պատճառաբանությամբ, որ խախտում է քվեարկության գաղտնիության սկզբունքը: Ինչո՞ւ են ընտրությանը մասնակցած անձանց անունները գաղտնի պահվում:

Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ, յուրաքանչյուր դիտորդ, վստահված անձ կամ ԶԼՄ ներկայացուցիչ ներկայումս ունեն լայն իրավասություն ընտրատեղամասերում վերահսկողություն, ստուգում իրականացնելու համար, և նաև կա վերահաշվարկի դիմումի ինստիտուտ: Եթե նախկինում հստակ չէր այդ գործընթացը, ապա ներկայիս օրենսգիրքը՝ դիմումների, բողոքների առկայության դեպքում վերահաշվարկի մեծ հնարավորություն է տալիս: Այդ ժամանակ դիմումատու կողմը կարող է ստորագրված ցուցակներից քաղվածքներ անել ՝ առանց լուսապատճենահանելու, լուսանկարելու կամ տեսագրելու: Եթե դիմումատուն կասկածներ ունի, որ մի քանի կամ մի խումբ անձինք անօրինական են քվեարկել, կարող է քաղվածքներ անել և ճշտել՝ միայն բողոքարկումից հետո: Եվ պարտադիր չէ, որ նա ունենա քվեարկող բոլոր անձանց տվյալները:

Իսկ բողոքարկման համար կոնկրետ փաստեր, ապացույցներ պե՞տք են, թե միայն կարող ես կասկածներ ունենալ:

Առաջնահերթ բացվում են այն պարկերը, որոնց վերաբերյալ դիմումին կից կան հիմնավոր ապացույցներ: Ընտրատարածքային հանձնաժողովը, ուսումնասիրելով տեղամասային ընտրական հանձնաժողովների կողմից կազմված արձանագրությունները և մատյանի գրառումները, կարող է կասկածի տակ առնել տեղամասային հանձնաժողովի աշխատանքը և որոշում կայացնել՝ բացելու պարկերը: Հստակ չափանիշ չկա, որ այս դեպքում պետք է բացել, մյուս դեպքում՝ ոչ: Հանձնաժողովը քվեարկությամբ որոշում է՝ կատարե՞լ վերահաշվարկ, թե՞՝ ոչ:   

Ասացիք, որ Ընտրական օրենսգիրքն ընդհանուր առմամբ լավն է, իսկ օրենքի կիրառման ժամանակ ի՞նչ խնդիրներ են առաջանում, քաղաքացին ի՞նչ խնդիրների է բախվում՝ իր ընտրական իրավունքն իրացնելիս:

Գիտեք, եթե մարդը ցանկանում է չարաշահումներ անել, աշխարհի ամենալավ օրենքով էլ կարող է անել՝ անկախ նրանից, թե ինչ հետևանքներ կունենա դա: Եվ օրենքի իդեալական լինելը դեռ չի նշանակում, որ խնդիրներ չեն առաջանա: Ներկայիս օրենսգրքով անցկացվեցին ՏԻՄ ընտրությունները, և լուրջ բացթողումներ կամ խնդիրներ չեն առաջացել: Հուսով ենք համապետական ընտրությունների ժամանակ էլի չեն առաջանա:

Երկար ժամանակ քննարկումներ եղան հարյուր տոկոսանոց համամասնական և խառը ընտրակարգերի շուրջ: Հաշվի առնելով Հայաստանի ներկայիս քաղաքական իրավիճակը, ո՞ր ընտրակարգն է ավելի նպատակահարմար՝ նաև հաշվի առնելով այլ երկրների փորձը:

Ես ուսումնասիրել եմ այլ երկրների ընտրական օրենսդրությունը: Կան թե՛ 100 տոկոսանոց համամասնական, թե՛ 100 տոկոսանոց մեծամասնական, և թե՛ խառը ընտրակարգեր: Եվ իդեալական տարբերակ, որ սա լավ է, մյուսը վատ է՝ չկա: Ամեն երկրում ձևավորվել է մի սկզբունք, և գուցե մի ձևը մի երկրի համար լավ լինի, մյուսի համար՝ ոչ: Փաստը մնում է փաստ, որ մեր օրենսգիրքը սահմանում է խառը ընտրակարգ՝ մի մասը համամասնական, մի մասը՝ մեծամասնական: Եվ հաշվի առնելով, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատասխանատվություն է կրում ընտրությունների համար, մենք պարտավոր ենք ամեն ինչ անել, որ, անկախ  ընտրակարգի ձևից, ընտրություններն օրինական անցնեն:

Ընդդիմությունը պնդում է, որ իր նպատակին չի ծառայում մեծամասնական ընտրակարգը:

Ես չեմ կարող մեկնաբանել ընդդիմության կամ քաղաքական կոալիցիայի ասածները: Երկու կողմն էլ ունեն հիմնավորումներ, և մեկը մյուսի հիմնավորումը համարում է ոչ հիմնավոր: Քաղաքական հարցերը թող լուծեն քաղաքական գործիչները:

ՀԿ-ներից  մեկը վերջերս առաջարկեց քվեաթերթիկների մեջ մտցնել «Բոլորին դեմ եմ» տարբերակը, այն հիմնավորմամբ, որ բոլոր թեկնածուներին դեմ եղող անձանց ձայնը կորչում է, քանի որ  նրանք այնպես են անում, որ իրենց  քվեաթերթիկն անվավեր ճանաչվի: Ձեր դիրքորոշումն ինչպիսի՞ն է այս հարցի շուրջ:

Թե՛ իմ, և թե՛ ԿԸՀ դիրքորոշումը այն է, որ «բոլորին դեմ» տարբերակ չի կարող լինել, որովհետև սկզբունքորեն մարդը գնում է ընտրելու ապագա իշխանությունը՝ դա կլինի տեղական, թե համապետական ընտրություն: Իմ խորին համոզմամբ, չի կարող Հայաստանում ապրող մի մարդ կողմնորոշում չունենալ որևէ թեկնածուի, կուսակցության կամ գաղափարախոսության նկատմամբ: Եվ եթե նա գնում է բոլորին դեմ քվեարկելու ճանապարհով, այսինքն՝ բոյկոտում է բոլոր թեկնածուներին, ի՞նչ է դրանից շահում ինքը, տվյալ համայնքը կամ Հայաստանը: Բողոքի ակցիան կարելի է այլ ձև անել, ոչ թե ընտրություններին բոլորին դեմ քվեարկելու միջոցով: Ընտրությունների նպատակն է ձևավորել իշխանություն: Իսկ ընտրություններին գնալը և բոլորին դեմ քվեարկելն իմ կարծիքով աբսուրդ է:

Իսկ եթե ՏԻՄ ընտրություն է, և ընտրողը առաջադրված 2 թեկնածուներից ոչ մեկին չի տեսնում իր համայնքի ղեկավարի դերում, ի՞նչ անի այդ ընտրողը:

Այդ դեպքում թող ինքը փորձի դառնալ երրորդ թեկնածուն, և իր նման «բոլորին դեմ» քվեարկողներին համախմբի այլընտրանքային թեկնածուի շուրջ, թեկուզ հավաքի շատ քիչ ձայն, բայց լինի այլընտրանք: Թե չէ շատ հեշտ է տանը նստել և ասել՝ թեկնածուներից ոչ մեկին չեմ սիրում, բոլորին դեմ եմ:

Խոսակցություններ կան, որ նոր ներդրված էլեկտրոնային քվեարկությունը և նաև վաղուց գործածվող շրջիկ քվեատուփերը կարող են ընտրակեղծիքների պատճառ դառնալ: Օրենքը որքանո՞վ է երաշխավորում չարաշահումներից զերծ մնալը:      

Շրջիկ քվեատուփերով քվեարկում են բուժհաստատություններում ստացիոնար բուժում ստացող մարդիկ, և ձերբակալվածներին պահելու վայրերում (ՁՊՎ) գտնվող մարդիկ: Միշտ այդ մարդկանց թիվը քիչ է եղել, այնպես չէ, որ այդ ընտրության օրը բոլորը հիվանդանում են կամ ձերբակալվում:

Իսկ էլեկտրոնային քվեարկությունը նոր է ներդրվել Հայաստանում, սա էլ է սահմանափակ թվով մարդկանց համար: Քվեարկելու են միայն Հայաստանի դեսպանատան և հյուպատոսական ներկայացուցչությունների աշխատակիցները և նրանց ընտանիքի՝ ընտրելու իրավունք ունեցող անդամները, ինչպես նաև այլ երկրներում մշտապես գործող իրավաբանական ներկայացուցչությունների աշխատակիցները:

Էլեկտրոնային քվեարկությունը մեծ թափ է առնում բոլոր եվրոպական երկրներում, իսկ Հայաստանում հետագայում ինչ զարգացումներ կունենա, չեմ կարող ասել, դեռ թերություններ չենք տեսնում: Բայց, եթե բողոք եղավ, կարող է և՛ թղթային քվերակության, և՛ էլեկտրոնային քվեարկության վերաբերյալ լինել:  

Օրենքով ի՞նչ պատժամիջոցներ են նախատեսված այն թեկնածուների համար, ովքեր նախընտրական քարոզչության ժամանակ կխախտեն Ընտրական օրենսգիրքը, օրինակ՝ պաստառ կփակցնեն արգելված վայրում կամ քվեարկությունից մեկ օր առաջ քարոզչություն կանեն:

Եթե խախտում է հայտնաբերվում, առաջին հերթին այն պետք է վերացվի թեկնածուի կողմից: Օրինակ, եթե պաստառի մասին է խոսքը, պետք է միջամտի նաև ՏԻՄ-ը, հարկ եղած դեպքում՝ ոստիկանությունը: Պատժամիջոցները կարող են լինել վարչական տուգանքների տեսքով, կարող են նաև շատ ավելի խիստ լինել: Շատ տեղերում ընտրություններից հետո լինում են դատական վեճեր, և եթե ապացուցվի, որ տվյալ թեկնածուի կատարած ապօրինի գործողություններն էական ազդեցություն են ունեցել ընտրությունների արդյունքների վրա, կարող են ընտրություններն անվավեր ճանաչվել:

Գումարային պատժամիջոցները մի կողմ դրած՝ սխալ տեղում պաստառ փակցնելը կարող է շատ ավելի «թանկ» նստել տվյալ թեկնածուի վրա: Մանավանդ հիմա օրենքը հստակ սահմանում է պաստառներ փակցնելու անվճար տեղերը, և չեմ կարծում, որ որևէ թեկնածու փորձի այլ տեղ փակցնել և դրա պատճառով ավելորդ խոչընդոտների բախվի: Իմ կարծիքով՝ թեկնածուները պիտի որ դրան չգնան:

Հարցազրույցը՝ Մերի Ալեքսանյանի

Աղբյուրը՝ www.hra.am