Նորություններ

Հիմնադրվեց «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցը

04.12.2017

Դեկտեմբերի 3-ին պրոբացիայի ոլորտում գործունեություն ծավալող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները (ՔՀԿ) ստորագրեցին համագործակցության հռչակագիր՝ այդպիսով հիմնադրելով «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցը: Ցանցի նպատակն է խթանել Հայաստանում պրոբացիայի ինստիտուտի զարգացումը՝ օգտագործելով ՔՀԿ-ների ներուժը:

«Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցը ստեղծվեց «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի նախաձեռնությամբ՝ ՀՀ ԱՆ Պրոբացիայի պետական ծառայության, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի և «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի միջև սերտ համագործակցության արդյունքում:

«Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցին միացել են թվով 12 հասարակական կազմակերպություններ, որոնցից յուրաքանչյուրը իր հնարավորությունների սահմանում գործուն աջակցություն է ցուցաբերում պրոբացիայի շահառուներին՝ նպաստելով Պրոբացիայի պետական ծառայության զարգացմանը:

Ցանցի ստեղծման նպատակով «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ը «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի և ՀՀ ԱՆ Պրոբացիայի պետական ծառայության հետ համագործակցությամբ կազմակերպված «Պրոբացիայի պետական ծառայության և հասարակական կազմակերպությունների համագործակցության հեռանկարները» խորագրով երկօրյա աշխատաժողովին ներկա էին ՀՀ ԱՆ Պրոբացիայի պետական ծառայության պետ Արսեն Նավասարդյանը, Պրոբացիայի պետական ծառայության, ՀՀ պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ և Հայաստանի տարբեր մարզեր ներկայացնող, պրոբացիայի ոլորտում գործունեություն ծավալող և պրոբացիայի շահառուներին ծառայություններ մատուցող հասարակական կազմակերպությունների անդամներ:

Պրոբացիայի պետական ծառայության պետ Արսեն Նավասարդյանը նշեց, որ քաղհասարակության կազմակերպությունների դերը պրոբացիայի ինստիտուտի կայացման հարցում մեծ է: «Չպետք է միայն պատժող կառույց լինել, պետք է անձին ինտեգրենք հասարակությունում»,- հավելեց Արսեն Նավասարդյանը:

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի տնօրեն Արտակ Կիրակոսյանը կարևորեց պրոբացիայի շահառուների համար վերականգնողական ծրագրերում ՔՀԿ-ների ներգրավումը:

«Պրոբացիայի շահառուների համար մեր կողմից կազմակերպված մասնագիտական վերապատրաստման դասընթացները ցույց տվեցին, որ պրոբացիայի շահառուներին օգնում է ոչ միայն նոր մասնագիտություն ձեռք բերելը, այլև այն միջավայրը, որում նրանք հայտնվում են, շփվում այլ անձանց հետ»,- նշեց Արտակ Կիրակոսյանը:

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը նշեց, որ «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցի հիմնադրման համար ցանցի հիմնադիրներին տրամադրվել է անվճար իրավաբանական խորհրդատվություն Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հաձնառություն» ծրագրի շրջանակում:

Կարեն Զադոյանը, կարևորելով ՔՀԿ-ների ցանցերի ստեղծումն ու դրանց գործունեությունը, օրինակ բերեց Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան, որի գործունեության շնորհիվ հնարավոր դարձավ Հայաստանում քրեականացնել ապօրինի հարստացումը, ներդնել ազդարարների պաշտպանության համակարգը, ունենալ անկախ հակակոռուպցիոն մարմին և այլն:

«Մենք աշխատում էինք այդ ծրագրերի իրականացման ուղղությամբ 6-7 տարի, բայց առարկայական արդյունքի չէինք հասնում: Հասկացանք, որ այդ խնդիրները պետք է միասնական ձևով բարձրաձայնենք: Եվ միայն այդ դեպքում շոշափելի արդյունքներ ունեցանք»,-ասաց Կարեն Զադոյանը:

Նշենք, որ «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցի հիմնադրման հռչակագրին կարող են միանալ այն բոլոր ՔՀԿ-ները, որոնք շահագրգռված են պրոբացիայի ինստիտուտի զարգացմամբ:

«Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցի հիմնադրման նպատակով հրավիրված աշխատաժողովը կազմակերպվել էր ՄԱԿ-ի ժողովրդավարության հիմնադրամի (UNDEF) կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության ստեղծմանը» ծրագրի շրջանակներում:

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ը հիմնադրվել է 1998թ. ` նպատակ ունենալով աջակցել Հայաստանում մարդու արժանապատվության, հավասարության և օրենքի գերակայության վրա հիմնված ազատ և ժողովրդավարական հասարակության ստեղծմանը:

ՔՀԻ-ն գործունեություն է ծավալում երկու հիմնական ուղղություններով՝ մարդու իրավունքներ և խաղաղաշինություն ու հակամարտությունների կառավարում:


Աղբյուրը՝ www.hra.am