Նորություններ

Դատապարտյալներին կընձեռվի մասնագիտություն ձեռք բերելու հնարավորություն

12.10.2017

Հոկտեմբերի 12-ի կառավարության նիստում որոշվել է պետական բյուջեից միջոցներ հատկացնել ազատազրկման ձևով պատիժը կրելու ավարտին վեց ամիս մնացած աշխատանք փնտրող անձանց համար մասնագիտական ուսուցման դասընթացներ կազմակերպելու նպատակով: Նրանցից բացի նախատեսվում է մասնագիտական ուսուցման դասընթացներում ներառել նաև գործազուրկներին և նրանց, ովքեր գտնվում են աշխատանքից ազատվելու շեմին, թվով 500 մարդ:

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ը ողջունում է նման նախաձեռնությունը և հույս հայտնում, որ այն շատ շուտով կունենա մասնագիտություն ձեռքբերած իր առաջին շրջանավարտները:

Իրավախախտների վերականգնումը և վերասոցիալականացումը վերականգնողական արդարադատության կարևոր հիմնասյուներն են: Վերականգնման ծրագրերում, իհարկե, կարևոր տեղ են զբաղեցնում իրավախախտների մասնագիտական ուսուցման և վերապատրաստման դասընթացները, որոնք կարող են օգնել ազատության պատրաստվող դատապարտյալներին՝ ստանալու պահանջարկ ունեցող մասնագիտություն և կայուն եկամտի աղբյուր: Ուստի կարևոր է նման դասընթացներ կազմակերպել ինչպես ազատության պատրաստվող բանտարկյալների, այնպես էլ Պրոբացիայի ծառայության մի շարք շահառուների համար, ովքեր շատ հաճախ բախվում են նույն խնդրին:

Այս նախաձեռնությունը կնպաստի ազատազրկման ձևով պատիժը կրելու ժամկետի ավարտին գտնվող, աշխատանք փնտրող անձանց մրցունակության բարձրացմանը աշխատաշուկայում, կլուծի նրանց զբաղվածության ապահովման հարցը և կնվազեցնի կրկնահանցագործության ռիսկը:

Աղբյուրը՝ www.hra.am