Նորություններ

Երևանում կայացավ Պրոբացիայի պետական ծառայության գործունեությունը ներկայացնող հերթական աշխատանքային հանդիպումը

03.10.2017

Ս.թ. սեպտեմբերի 25-ին «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը «Իրավաբանների հայկական ասոցիացիայի» և ՀՀ ԱՆ Պրոբացիայի պետական ծառայության հետ համագործակցությամբ ՔՀԻ-ի գրասենյակում կազմակերպել էր Պրոբացիայի պետական ծառայության վերաբերյալ հերթական աշխատանքային հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում էին ինչպես հասարակական ոլորտի ներկայացուցիչներ, այնպես էլ շահագրգիռ պետական կառույցների աշխատակիցներ, որոնց համախմբել էր Պրոբացիայի ծառայության կայացման մասին առաջարկություններ և քննարկումներ կատարելու ընդհանուր ցանկությունը:

«Պրոբացիայի պետական ծառայություն. ակնկալիքներ և համագործակցության հեռանկարներ» թեմայով աշխատանքային հանդիպումները միտված են հասարակական ոլորտի ներկայացուցիչներին ծանոթացնել նորաստեղծ Պրոբացիայի պետական ծառայության գործառույթներին և նրա առջև դրված խնդիրներին, խթանել շահագրգիռ պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների միջև երկխոսության և հետագա համագործակցության ձևավորումը, ինչի արդյունքում հասարակական կազմակերպությունները կաջակցեն Ծառայության գործառույթների կատարմանը, կմշակեն և կիրականացնեն այդ գործառույթներից բխող ծրագրեր ու կնպաստեն իրավախախտների վերականգնմանը:

Աշխատանքային հանդիպման ընթացքում բացման խոսքով հանդես եկան ՔՀԻ ՀԿ-ի տնօրեն Արտակ Կիրակոսյանը, ԻՀԱ ՀԿ-ի նախագահ Կարեն Զադոյանը և Պրոբացիայի պետական ծառայության պետ Արսեն Նավասարդյանը, ովքեր իրենց խոսքում շեշտեցին համագործակցության զարգացման կարևորության մասին:

ՀՀ ԱՆ Պրոբացիայի պետական ծառայության պետի խոսքով դեռ չլուծված է մնում հանրային աշխատանքներ պատժատեսակի հետ կապված մի շարք հարցեր, որոնք հիմնականում կապված են դատապարտյալներին համապատասխան աշխատատեղերով ապահովելու և հանրային աշխատանքների համար սահմանվող ժամաքանակի հետ: Բացի այդ, Պրոբացիայի պետական ծառայության պետը շեշտեց իրազեկվածության բարձրացման խնդիրը, մասնավորապես նշելով, որ Պրոբացիայի ծառայության կայացման փուլում կարծես թե նվազել է Ծառայության նկատմամբ ցուցաբերվող ուշադրությունը, իսկ հիմա, առավել քան երբևէ, Պրոբացիայի ծառայությունը զգում է դրա կարիքը:

Աշխատանքային հանդիպման ընթացքում հնչեցին Պրոբացիայի ծառայության կայացմանը միտված առաջարկներ, քննարկվեցին համագործակցության հնարավոր ուղղությունները և միջոցները, փորձ արվեց համատեղ լուծումներ գտնել Պրոբացիայի ծառայության գործունեությանը խոչընդոտող խնդիրների համար:

Քննարկումնրի առանցքում էր հատկապես Պրոբացիայի ծառայության՝ հանրային աշխատանքների դատապարտված շահառուներին համապատասխան աշխատատեղերով ապահովելու հարցը, որը կերաշխավորեր օրենքի պահանջը՝ դատապարտյալի կողմից չվարձատրվող, հատուկ մասնագիտական գիտելքներ չպահանջող հանրօգուտ աշխատանքներ կատարելը: Հիմնական խնդիրը կապված է գործատուների սահմանափակ շրջանակի հետ, իսկ առկա գործատուներն էլ, որոնք գերազացապես պետական և տեղական ինքանակառավարման մարմիններն են, ոչ միշտ են համագործակցելու պատրաստակամություն դրսևորում:

Մասնակիցները հավաստիացրին Պրոբացիայի ծառայությանը աջակցելու իրենց պատրաստակամության մասին և խոստացան իրենց ներկայացրած կառույցներում բարձրաձայնել Պրոբացիայի ծառայության հետ համագործակցելու անհրաժեշտության և Ծառայության առջև ծառացած խնդիրների մասին:

Պրոբացիայի ծառայությունն այն հաստատությունն է, որի կայացման հարցում թե՛ հասարակական կազմակերպությունների և թե՛ պետական կառույցների շահերն ու նպատակները քիչ թե շատ համընկնում են և արդյունավետ համագործակցության հարթակ ձևավորում:

Աշխատանքային հանդիպումը կազմակերպվել էր ՄԱԿ-ի ժողովրդավարության հիմնադրամի (UNDEF) կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության ստեղծմանը» ծրագրի շրջանակներում:

Աղբյուրը՝ www.hra.am