Նորություններ

Ավարտվեցին ՔՀԻ-ի կողմից կազմակերպված թաղիքագործության և ձեռներեցության դասընթացները

07.07.2017

Ս.թ. հուլիսի 4-ին Քաղաքացիական հասարակության ինստիտուտի (ՔՀԻ-ի) գրասենյակում կայացավ ս.թ. մայիս-հունիս ամիսներին ՔՀԻ-ի կողմից ՀՀ ԱՆ Պրոբացիայի պետական ծառայության և Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի հետ համագործակցությամբ կազմակերպված թաղիքագործության և ձեռներեցության դասընթացների ավարտական վկայականների հանձնման արարողությունը: Դասընթացներում ներգրավված էին ինչպես ՀՀ ԱՆ Պրոբացիայի պետական ծառայության շահառուներ, այնպես էլ այլ անձինք։

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱՆ Պրոբացիայի պետական ծառայության պետը, Ծառայության աշխատակիցներ, ինչպես նաև օտարերկրյա հյուրեր:

Միջոցառման հյուրերը ծանոթացան թաղիքագործության դասընթացի մասնակիցների աշխատանքներին (թաղիքե հողաթափեր, գլխարկներ, կրծքազարդեր), իսկ ձեռներեցության դասընթացի մասնակիցները ներկայացրին իրենց կազմած իրատեսական բիզնես նախագծերը, որոնք համապատասխան ֆինանսավորման դեպքում պատրաստ են կյանքի կոչել:

Վկայականների հանձնման պաշտոնական արարողությանը հաջորդած հյուրասիրության ընթացքում հյուրերը հնարավորություն ունեին համտեսելու ձեռներեցության դասընթացի մասնակցի՝ արդեն իսկ կյանքի կոչված բիզնես նախագծի` հրուշակեղենի արտադրության առաջին արդյունքները:

Դասընթացները կազմակերպվել էին ՄԱԿ-ի ժողովրդավարության հիմնադրամի (UNDEF) կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության ստեղծմանը» ծրագրի շրջանակներում:

Աղբյուրը՝ www.hra.am