Նորություններ

Պրոբացիայի պետական ծառայության մասին աշխատանքային հանդիպում Շիրակի մարզի ՀԿ-ների ներկայացուցիչների հետ

09.06.2017

Ս.թ. հունիսի 6-ին Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) Շիրակի մարզային մասնաճյուղի գրասենյակում Քաղաքացիական հասարակության ինստիտուտը (ՔՀԻ) ՀՀ ԱՆ Պրոբացիայի պետական ծառայության և Իրավաբանների հայկական ասոցիացիայի հետ համատեղ կազմակերպել էր «Պրոբացիայի պետական ծառայությունը. ակնկալիքներ և զարգացման հեռանկարներ» թեմայով աշխատանքային հանդիպում:

Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԱՆ Պրոբացիայի պետական Ծառայության մարզային աշխատակիցները, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Զբաղվածության պետական գործակալության, ՔՀԻ-ի, ԻՀԱ-ի, Շիրակի մարզի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Աշխատանքային հանդիպման հիմնական նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել նորաստեղծ Պրոբացիայի պետական ծառայության գործառույթներին և նրա առջև դրված խնդիրներին: Հանդիպման նպատակներից էր նաև նպաստել շահագրգիռ պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների համախմբմանը՝ ձևավորելով մի հարթակ, որը հնարավորություն կընձեռի արդյունավետ համագործակցություն հաստատել հասարակական կազմակերպությունների և Պրոբացիայի պետական ծառայության միջև, որի շրջանակներում հասարակական կազմակերպությունները կաջակցեն Ծաայության գործառույթների իրականացմանը, կմշակեն և կիրականացնեն այդ գործառույթներից բխող ծրագրեր:

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին Պրոբացիայի ծառայության հիմնական գործառույթները, ցուցադրվեց Պրոբացիայի ծառայության մասին պատմող տեսաֆիլմ, քննարկվեցին պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների միջև համագործակցության հեռանկարները և հնարավորությունները, ինչպես նաև դատապարտյալների զբաղվածության և կրթության ոլորտում առկա խնդիրները:

Աշխատանքային հանդիպումը կազմակերպվել էր ՄԱԿ-ի ժողովրդավարության հիմնադրամի (UNDEF) կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության ստեղծմանը» ծրագրի շրջանակներում:

Աղբյուրը՝ www.hra.am