Նորություններ

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց քրեական օրենսգրքում հանրային աշխատանքը տուգանքով փոխարինելու մասին փոփոխությունները

02.03.2017

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Կառավարության կողմից ներկայացված «Քրեական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը:

Խոսքը, հիշեցնենք, քրեական օրենսգրքի տուգանքը հանրային աշխատանքով փոխարինելուն առնչվող 51-րդ հոդվածում փոփոխություներ կատարելու մասին է:

Մասնավորապես՝ կառավարությունն առաջարկում է տարանջատում մտցնել տուգանքը վճարելու անհնարինության ու դրանից չարամտորեն խուսափելու հանգամանքների միջև, ինչպես նաև տուգանքը հանրային աշխատանքով փոխարինելու պատժատեսակի կիրառման դեպքում վերացնել հանրային աշխատանքի համար սահմանված 270 ժամ նվազագույն ժամաքանակը:

Բանն այն է, որ 2013թ-ին Քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածի 4-րդ մասը Սահմանադրական դատարանի կողմից հակասահմանադրական է ճանաչվել, ինչի հետևանքով Պրոբացիայի ծառայությունը չի կարողանում կիրառել տուգանքը հանրային աշխատանքով փոխարինելու պատժատեսակը. դատարանները վերադարձնում են այս պատժատեսակի վերաբերյալ միջնորդությունները:

Քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ տուգանքը վճարելու անհնարինության դեպքում դատարանը տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը փոխարինում է հանրային աշխատանքներով, և այս դեպքում հանրային աշխատանքների հինգ ժամը հաշվարկվում է նվազագույն աշխատավարձի դիմաց:

51-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է նաև, որ եթե տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու համար կատարված հաշվարկի արդյունքում ստացված թիվը պակաս է, քան 270 ժամը, ապա անձի նկատմամբ նշանակվում է 270 ժամ հանրային աշխատանք:

Սահմանադրական դատարանը վերը նշված հոդվածի 4-րդ մասը հակասահմանադրական է ճանաչել՝ պատճառաբանելով, որ տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու համար կատարված հաշվարկի արդյունքում համարժեքորեն չի երաշխավորվում 270 ժամից պակաս տևողությամբ հանրային աշխատանքների կիրառման իրավական հնարավորություն այն անձանց նկատմամբ, որոնք չունեն տուգանքը վճարելու հնարավորություն: Ըստ ՍԴ-ի՝ այսպիսով արգելափակվում է այդ անձանց իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի իրացումը:

Բացի այդ, ՍԴ-ն նշել է նաև, որ 51-րդ հովածի 4-րդ մասում տարբերակված մոտեցում չի դրսևորվում տուգանքը վճարելու անհնարինության և տուգանքից չարամտորեն խուսափելու հանգամանքների միջև:

Օրենքը ՍԴ որոշմանը համապատասխանեցնելու համար Կառավարության կողմից մշակվել է այսօր ԱԺ-ի կողմից ընդունված քրեական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը:

Արաքս Մամուլյան

Աղբյուրը՝ hetq.am