Նորություններ

Սահմանվել են Պրոբացիայի պետական ծառայության կամավորներին ներկայացվող չափանիշները. ԱՆ

23.02.2017

Պրոբացիայի պետական ծառայության կամավորներ կարող են լինել 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիներ, որոնք ուսանում են իրավագետի, սոցիոլոգի կամ հոգեբանի մասնագիտությամբ կամ ունեն պրոբացիայի պետական ծառայության գործառույթների իրականացման համար անհրաժեշտ որակավորում:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում, ներկայացնելով «ԱՆ պրոբացիայի պետական ծառայության կամավորներին ներկայացվող չափանիշները և նրանց ներգրավման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը՝ այս մասին նշել է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Նախագծով կարգավորվում են նաև որպես կամավոր ներգրավվելու ընթացակարգը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, լիազորությունների դադարեցման և դադարման հիմքերը:

Պրոբացիայի ծառայության կամավորների ինստիտուտի շրջանակներում վերջիններս սոցիալական, կրթական, մշակութային, հոգեբանական ծրագրեր իրականացնելու միջոցով կնպաստեն հանցանք կատարած անձանց վերասոցիալականացմանը և կխթանեն հասարակության մեջ նրանց վերաինտեգրմանը: Արդյունավետ վերասոցիալականացումը կնպաստի նաև կրկնահանցագործությունների նվազեցմանը:

Պրոբացիայի ծառայության գործունեությունում կամավորների ակտիվ ներգրավմամբ կբարձրանա պրոբացիայի ծառայության գործունեության որակը:

Աղբյուրը՝ tert.am