Նորություններ

Երևանում կայացավ «Կյանքը սահմանում» ֆոտոցուցահանդեսը

23.12.2016

Դեկտեմբերի 23-ին Հայաստանի նկարիչների միությունում տեղի ունեցավ «Կյանքը սահմանում» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի բացման արարողությունը: Ցուցահանդեսին ներկայացվեցին Չինարի, Մովսես, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Պառավաքար, Վազաշեն, Բաղանիս, Ոսկեվան և Կոթի համայնքների դպրոցականների աշխատանքները: Այսպիսով,  «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը և PAN Photo գործակալությունն ամփոփեցին «Կյանքը սահմանում» համատեղ նախաձեռնությունը: PAN Photo-ն նույնպես պատրաստել էր յուրաքանչյուր գյուղի առօրյան պատկերող ֆոտոշարք, որի հեղինակն էր լուսանկարիչ Արեգ Բալայանը:

«Մեր նպատակն էր փորձել այլ կերպ ներկայացնել մեր սահմանապահ գյուղերը: Մենք ցանկանում էինք ցույց տալ, որ բացի անընդհատ հնչող կրակոցների ու սահմանային լարվածության մասին խոսելը, կյանքն այնտեղ շարունակվում է: Իսկ մենք տաղանդաշատ երեխաների պակաս չունենք, ովքեր կարող էին լավագույնս ցույց տալ համայնքի կյանքն՝ իրենց նկարների միջոցով»,- ողջույնի խոսքում նշեց ՔՀԻ նախագահ Արտակ Կիրակոսյանը:

Բացման արարողությանը մասնակցում էին նաև լուսանկարների երիտասարդ հեղինակները: Քաղաքացիական հասարակության ինստիտուտը խրախուսական նվերներ էր պատրաստել բոլոր մասնակիցների համար: Լավագույն երեք աշխատանքների հեղինակները, ովքեր ներկայացնում էին Չինարի, Մովսես և Այգեպար համայնքները, կազմակերպիչների կողմից ստացան մրցանակներ:

Մովսեսից Անահիտ Ապերյանը, ում լուսանկարները լավագույնների շարքում էին, նշեց. «Իմ նկարները վերաբերում են գյուղի առօրյային, որը գտնվելով սահմանից ընդամենը 300 մետր հետավորության վրա, շարունակում է ապրել իր առօրյա հոգսերով: Անգամ սահմանային կրակոցները չեն խանգարում գյուղի բնակչությանն՝ իր ամենօրյա գործերը կատարելիս»: 

«Կուզենայի, որ նման ուղղվածության ծրագիր չլիներ, որը ցույց տար սահմանային գյուղերի կյանքը, որ չլիներ պատերազմական դրություն և դրանից բխող դժվարություններ: Սակայն մյուս կողմից, այս ծրագրի շնորհիվ մենք ծանոթանում ենք սահմանապահ գյուղերի կյանքին: Իսկ այն, ինչ երեխաները ցույց տվեցին իրենց նկարների միջոցով, դառնում է 2016թ. փաստերի արձանագրությունը ու պատմագրության մի մասը»,- իր խոսքում ասաց PAN Photo գործակալության համահիմնադիր Վահան Ստեփանյանը:

Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա էին նաև սահմանամերձ համայնքների ղեկավարները:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր մշտապես կանգնած են սահմանապահ համայնքի կողքին: Սահմանում ապրող մարդիկ բոլորը՝ փոքրից մինչև մեծ, ի ծնե հերոսներ են», -իր խոսքում ասաց Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը:

Նշենք, որ նախագծի շրջանակում, մինչ ցուցահանդեսը, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը և PAN Photo գործակալությունը ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ ինը գյուղերի երեխաների համար կազմակերպել էին լուսանկարչության դասընթացներ: Դպրոցականները ծանոթացել էին լուսանկարչության պատմությանը, սովորել լուսանկարչական տեխնիկայի հիմունքներն ու ֆոտոշարի ստեղծման առանձնահատկությունները:

Դասընթացի ավարտից հետո երիտասարդ լուսանկարիչները ստացած գիտելիքների օգնությամբ փորձել են լուսանկարների միջոցով փոխանցել իրենց հայրենի գյուղի կյանքը, առանձնահատկությունները, սիրելի անկյուններն ու տրամադրությունը: Ցուցահանդեսը և դասընթացը կազմակերպվել են SaferWorld բրիտանական կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։

Հեղինակը՝ Մոնիկա Հովհաննիսյան

Ամբողջական ֆոտոշարքն՝ այստեղ

Աղբյուրը՝ www.hra.am