Նորություններ

Կին դատապարտյալներն ավարտեցին վարսահարդարման դասընթացը և ստացան վկայականներ (լուսանկարներ)

29.09.2016

Սեպտեմբերի 28-ին «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի ուսումնական մասում տեղի ունեցավ վարսահարդարման կարճաժամկետ դասընթացի մասնակիցներին վկայականների հանձնման միջոցառումը: Դասընթացը կազմակերպվել էր «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության և Երևանի թիվ 6 արհեստագործական պետական ուսումնարանի կողմից, ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի հետ համագործակցությամբ:

Քրեակատարողական հիմնարկի աջակցությամբ Քաղաքացիական հասարակության ինստիտուտը բանտի ուսումնական մասում վերանորոգել և կահավորել է մասնագիտական սենյակ, որը հագեցած է վարսահարդարման ուսուցման համար անհրաժեշտ գույքով, նյութերով ու պարագաներով:

Նախաձեռնությունը հնարավոր է դարձել իրականացնել Լիտվայի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ և Հայաստանում Լիտվայի Հանրապետության դեսպանատան հետ համագործակցությամբ իրականացվող՝ «Ավելի բարենպաստ պայմանների ստեղծում նախկին կին դատապարտյալների վերաինտեգրման համար» ծրագրի շրջանակներում:

Ազատազրկված 8 կին դատապարտյալներ հաջողությամբ ավարտեցին վարսահարդարման կարճաժամկետ դասընթացը և ստացան վկայականներ: Ուսուցանումն իրականացվեց Երևանի թիվ 6 արհեստագործական պետական ուսումնարանի փորձառու դասընթացավարի կողմից:

Միջոցառմանը ներկա էին Լիտվայի դեսպանն ու հյուպատոսը, ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության, «Աբովյան» ՔԿՀ և «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները, դասընթացի կազմակերպիչները:

«Սա շատ կարևոր նախաձեռնություն է, որն օգնելու է կանանց, որ ազատվելուց հետո ավելի հեշտ ինտեգրվեն հասարակությանը և իրենց տեղը գտնեն այս կյանքում»,- ասաց Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասը՝ հետագա հաջողություններ մաղթելով դասընթացի մասնակիցներին:

«Աբովյան» ՔԿՀ պետ Մանուկ Միքայելյանը նույնպես ողջունեց նախաձեռնությունը: «Դասընթացը շատ արդյունավետ է անցել: Իսկապես, ճիշտ մասնագիտություն էր ընտրվել, և մեր կանանց շրջանում շատ մեծ էր մասնակցության ցանկությունը»,- հավելեց նա:

«Դասընթացը մեկնարկել է հուլիսի 1-ից և նպատակ ուներ դատապարտյալ կանանց աջակցել մասնագիտություն ձեռքբերելու և պատիժը կրելուց հետո զբաղվածություն և կայուն եկամուտ ունենալու հարցում»,- նշեց Քաղաքացիական հասարակության ինստիտուտի տնօրեն Աննա Մելիքյանը՝ հույս հայտնելով, որ ՀԿ-ի կողմից իրականացվող պիլոտային ծրագրից հետո դասընթացները կշարունակվեն արդեն պետական ֆինանսավորմամբ:

Ամփոփիչ միջոցառման ժամանակ դասընթացին մասնակցած կանայք ցուցադրեցին իրենց ձեռքբերած հմտությունները՝ կտրվածքներ, տոնական և ամենօրյա սանրվածքներ, հարդարում, հյուսքեր և այլն:

***

ՔՀԻ այս նախաձեռնության մասնրամասներին կարող եք ծանոթանալ մեր նախորդ հրապարակումներից:

Ազատազրկված կանայք սովորում են վարսահարդարում (լուսանկարներ)

Վարսահարդարման դասընթաց կին դատապարտյալների համար

Ձախից՝ Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասը և «Աբովյան» ՔԿՀ պետ Մանուկ Միքայելյանը

ՔՀԻ տնօրեն Աննա Մելիքյանը և Լիտվայի հյուպատոս Դովիլե Սուրվիլայտեին

Աղբյուրը՝ www.hra.am