Նորություններ

Ազատազրկված կանայք սովորում են վարսահարդարում (լուսանկարներ)

30.07.2016

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում ազատազրկման ձևով պատիժ կրող և ազատման նախապատրաստվող 12 կին դատապարտյալ մասնակցում է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի կազմակերպած վարսահարդարման կարճաժամկետ ուսուցման ծրագրին:

Դասընթացը մեկնարկել է հուլիսի 1-ից և նպատակ ունի փակ հաստատությունում գտվող կանանց աջակցել մասնագիտություն ձեռքբերելու և պատիժը կրելուց հետո զբաղվածություն և կայուն եկամուտ ունենալու հարցում:

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության այս նախաձեռնությանը մասնրամասն կարող եք ծանոթանալ մեր նախորդ հրապարակման մեջ:

Վարսահարդարման դասընթաց կին դատապարտյալների համար

Նախաձեռնությունն իրականացվում է Հայաստանում Լիտվայի դեսպանատան ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Ավելի բարենպաստ պայմանների ստեղծում նախկին կին դատապարտյալների վերաինտեգրման համար» ծրագրի շրջանակներում: Ծրագրի միջոցներով և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի աջակցությամբ հիմնարկում վերանորոգվել և անհրաժեշտ գույքով, նյութերով ու տեխնիկայով կահավորվել  է մասնագիտական ուսուցման սենյակ:

Վարսահարդարման ուսուցման սենյակը վերանորոգումից առաջ:


Վարսահարդարման ուսուցման սենյակը վերանորոգումից հետո:

Ուսուցանումն իրականացվում է Երևանի թիվ 6 արհեստագործական պետական ուսումնարանի փորձառու դասընթացավարի կողմից, իսկ դասընթացը բարեհաջող ավարտած մասնակիցները ուսումնարանի կողմից կստանան կարճաժամկետ ուսուցման ծրագրի մասնակցության վկայականներ:

Ծրագիրը ներառում է վարսահարդարի հիմնական հմտությունները՝ մազերի խնամքից սկսած մինչև կանացի և տղամարդու կտրվածքներ, տոնական և ամենօրյա սանրվածքներ, հարդարում, հյուսքեր և այլն: Տեսական գիտելիքներին զուգահեռ մասնակիցները դրանք կիրառում են պրակտիկայում:

Սանրվածքները կտրել և հարդարել են դասընթացի մասնակիցները:


Սանրվածքների հեղինակները կին դատապարտյալներն են:

Ծրագիրն իրականացվել է ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի հետ համագործակցությամբ:

Աղբյուրը՝ www.hra.am