Նորություններ

Վարսահարդարման դասընթաց կին դատապարտյալների համար

06.06.2016

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» (ՔՀԻ) հասարակական կազմակերպությունը նախաձեռնել է վարսահարդարման կարճաժամկետ ուսուցում «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում ազատազրկման ձևով պատիժ կրող և ազատման նախապատրաստվող կին դատապարտյալների համար:

Նախաձեռնությունն իրականացվում է Հայաստանում Լիտվայի դեսպանատան ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Ավելի բարենպաստ պայմանների ստեղծում նախկին կին դատապարտյալների վերաինտեգրման համար» ծրագրի շրջանակներում, ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի հետ համագործակցությամբ: Ուսուցանումն իրականացվում է Երևանի թիվ 6 արհեստագործական պետական ուսումնարանի դասընթացավարի կողմից:

Ծրագիրը նպատակ ունի փակ հաստատությունում գտվող կանանց աջակցել մասնագիտություն ձեռքբերելու և պատիժը կրելուց հետո զբաղվածություն և կայուն եկամուտ ունենալու հարցում: Ծրագիրը մեկնարկել է 2016թ. հունիսի 1-ին: Ներկայումս «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում ծրագրի միջոցներով և հիմնարկի վարչակազմի աջակցությամբ վերանորոգվում է մասնագիտական ուսուցման սենյակ: Այն կկահավորվի անհրաժեշտ գույքով և վարսահարդարման մասնագիտական ուսուցման համար անհրաժեշտ նյութերով ու պարագաներով:

Դասընթացը նախատեսվում է սկսել հուլիսի 1-ից: Այս փորձնական ծրագրին հնարավորություն կունենան մասնակցելու ազատման նախապատրաստվող առնվազն 10 կին դատապարտյալ: Դասընթացը բարեհաջող ավարտած մասնակիցները Թիվ 6 արհեստագործական պետական ուսումնարանի կողմից կստանան կարճաժամկետ ուսուցման ծրագրի մասնակցության վկայականներ:

ՔՀԻ տնօրեն Աննա Մելիքյանի խոսքերով՝ դասընթացի թեման ընտրվել է մասնակցային եղանակով: «Ազատազրկված կանայք են նշել, թե ինչ արհեստ կամ մասնագիտություն կցանկանան սովորել, որպեսզի հետագայում հնարավոր լինի աշխատանք գտնել և եկամուտ ունենալ: Ուսումնասիրել ենք նաև Հայաստանի աշխատաշուկան: Պատիժ կրելուց հետո կանանց համար շատ դժվար է վերադառնալ տուն, հասարակություն, իսկ նրանցից շատերը պետք է ստանձնեն ընտանիքի ծախսերը հոգացողի պարտավորությունը: Այս մասնգիտությունը նրանց թույլ կտա նվազագույն ներդրումներ անելու դեպքում ապահովել կայուն եկամուտ»,- նշում է Մելիքյանը:

Քաղաքացիական հասարակության ինստիտուտն ավելի քան 15 տարի գործունեություն է իրականացնում քրեակատարողական համակարգի բարեփոխումների ոլորտում:

«Մենք մշտապես կարևորել ենք դատապարտյալների վերականգնմանը և վերասոցիալականացմանն ուղղված ծրագրերը: Հույս ունենք, որ առաջիկայում հնարավորություն կլինի ընդլայնելու այսպիսի ծրագրերը՝ ներառելու ավելի մեծ թվով մասնակիցներ և նաև ավելացնելու նոր մասնագիտական դասընթացներ»,- ասում է ՔՀԻ տնօրենը:

Աղբյուրը՝ www.hra.am