Նորություններ

Մեկնարկել է ՔՀԻ-ի «Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության ստեղծմանը» ծրագիրը

11.02.2016

Այս տարվա հունվարին մեկնարկել է Քաղաքացիական հասարակության ինստիտուտ (ՔՀԻ) հասարակական կազմակերպության «Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության ստեղծմանը» երկամյա ծրագիրը, որը ֆինանսավորվում է ՄԱԿ-ի ժողովրդավարության հիմնադրամի կողմից (UNDEF):

Ծրագրի նպատակն է այլընտրանքային պատիժների կիրառման արդյունավետությունը բարձրացնելու միջոցով նպաստել Հայաստանում լիարժեք գործող Պրոբացիայի ծառայության ստեղծմանը: Ծրագրի հիմնական խնդիրներից է աջակցել ՀՀ քրեակատարողական համակարգի անցմանը պատժողական քաղաքականությունից դեպի վերականգնողական քաղաքականության, հեշտացնել իրավախախտում կատարած անձանց վերականգնումը և վերասոցիալականացումը, ինչպես նաև՝ նպաստել քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության խնդրի լուծմանը:

ՀՀ արդարադատության նախարարությունը (ԱՆ) շրջանառության մեջ է դրել «Պրոբացիայի մասին» և «Պրոբացիայի պետական ծառայության մասին» օրենքների նախագծերը: Ներկայումս Պրոբացիայի ծառայության գործառույթների մի մասն արդեն իսկ իրականացվում է ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության Այլընտրանքային պատիժների կատարման բաժնի (ԱՊԿԲ) կողմից, իսկ 2015թ.-ից Երևանի Շենգավիթ վարչական շրջանի և Լոռու մարզի ԱՊԿԲ բաժանմունքների հենքի վրա գործում են Պրոբացիայի ծառայության պիլոտային գրասենյակները, որոնք ստեղծվել են Եվրոպայի խորհրդի կողմից ֆինանսավորված ծրագրի շրջանակներում։

Քաղաքացիական հասարակության ինստիտուտը, համագործակցելով Արդարադատության նախարարության հետ, կաշխատի ԱՊԿԲ-ի, իսկ ստեղծվելուց հետո՝ Պրոբացիայի ծառայության (ՊԾ) հետ միաժամանակ մի քանի ուղղություններով.

  • Պրոբացիայի ծառայության համար կստեղծի աշխատանքային գործիքներ:
  • Կիրականացնի պրոբացիայի ծառայողների շարունակական վերապատրաստումներ:
  • Կաջակցի Պրոբացիայի ծառայության շահառուների մասնագիտական ուսուցման համար տեխնիկապես հագեցած արհեստանոցների ստեղծմանը՝ նպաստելով շուկայում պահանջարկ ունեցող մասնագիտության ձեռքբերմանը և վերասոցիալականացմանը:
  • Կկազմակերպի աշխատաժողովներ շահագրգիռ կողմերի՝ դատավորների, դատախազների, փաստաբանների, պրոբացիայի ծառայողների մասնակցությամբ, որոնց ընթացքում կներկայացվեն ՊԾ գործունեության առանձնահատկությունները և կարևորությունը՝ նպատակ ունենալով խրախուսել պրոբացիայի կիրառումը:
  • Տեղեկատվական արշավներ կիրականացնի այլընտրանքային պատիժների կիրառման, մասնավորապես, Պրոբացիայի ծառայության գործունեության կարևորության և առավելությունների մասին իրազեկելու նպատակով:
  • Կնպաստի պետական շահագրգիռ գերատեսչությունների, Պրոբացիայի ծառայության, հասարակական կազմակերպությունների և ՊԾ բոլոր տարածքային կառույցների միջև արդյունավետ համագործակցությանը: Քաղաքացիական հասարակության ինստիտուտը 2001 թվականից մինչ օրս զբաղվում է Հայաստանում քրեակատարողական ոլորտի, մասնավորապես՝ բանտային բարեփոխումներով:

Այլընտրանքային պատիժների կիրառման խթանումը կազմակերպության համար առաջնահերթ ոլորտներից է, և 2012 թվականից ՔՀԻ-ն ակտիվ աջակցություն է ցուցաբերում Պրոբացիայի ծառայության ներդրման աշխատանքներին: Մասնավորապես, կազմակերպությունը պարբերաբար նախաձեռնել է կլոր սեղաններ, աշխատաժողովներ ոլորտի շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, իրականացրել է հետազոտություններ և հանդես եկել առաջարկություններով, ՀՀ տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպել է ուսումնական այց պրոբացիայի օտարերկրյա փորձն ուսումնասիրելու նպատակով, ինչպես նաև՝ վերապատրաստման դասընթացներ է կազմակերպել քրեակատարողական ծառայողների համար, իսկ դատապարտյալների համար կազմակերպել է վերականգնողական ծրագրեր (դասընթացներ):

Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ

Աղբյուրը՝ www.hra.am