Նորություններ

ԵԱՀԿ-ն խթանում է կանանց մասնակցությունը սոցիալ–տնտեսական և քաղաքական ոլորտներում

07.05.2015

Britt-Marie Söderberg Torstensson, Ruzanna Torozyan and Oliver McCoy. Photo by Photolur.

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ Հայաստան է այցելել Կանանց ռեսուրս կենտրոնների եվրոպական ասոցիացիայի՝ «ՎԻՆՆԵՏ Եվրոպայի» պատվիրակությունը՝ տեղում գործող կանանց ռեսուրս կենտրոնների շրջանում համագործակցությունը խթանելու և իր փորձը ներկայացնելու նպատակով։

2009թ.–ին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ Հայաստանի մի քանի մարզերում հիմնադրված Կանանց ռեսուրսային կենտրոնները ստեղծեցին «ՎԻՆՆԵՏ Հայաստան» կանանց ռեսուրս կենտրոնների ցանցը՝ նպատակ ունենալով բարձրացնել կանանց դերն ու մրցունակությունը սոցիալական, տնտեսական և քաղաքական ոլորտներում՝ ազգային, մարզային և տեղական մակարդակներում։

«ՎԻՆՆԵՏ Հայաստանը», որը ներկայումս ներառում է Գորիսի, Կապանի, Մեղրիի, Սիսիանի, Դիլիջանի, Իջևանի ու Եղեգնաձորի Կանանց ռեսուրսային կենտրոնները, 2014թ.–ին դարձավ «ՎԻՆՆԵՏ Եվրոպայի» անդամ:

«Կարևոր է ստեղծել այնպիսի ցանց, որի ուշադրության կենտրոնում կլինի նորարարությունը և հնարավորությունների ստեղծումը Հայաստանի մարզերի զարգացումը խթանելու, կանանց և տղամարդկանց հավասար ներառումը ապահովելու համար։ Դա ենթադրում է համագործակցություն քաղաքական գործիչների՝ որոշում կայացնողների, մասնավոր հատվածի և ՀԿ–ների միջև, ինչպես նաև՝ հետազոտողների, որպեսզի փաստերով ցույց տրվի, թե ինչ քայլեր է պետք կատարել կանանց իրական մասնակցության ապահովման համար»,– մայիսի 7-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «ՎԻՆՆԵՏ Շվեդիա» և «ՎԻՆՆԵՏ Եվրոպա» կազմակերպությունների նախագահ և տնօրեն Բրիտ-Մարի Սյոդերբերգ Թորսթենսոնը։

ԵԱՀԿ գրասենյակի ժողովրդավարացման ծրագրերի ղեկավար Օլիվեր Մըք Քոյը կարևորեց ռեսուրս կենտրոնների դերը՝ որպես զարգացման և համագործակցության հարթակ։ Նա նշեց, որ կենտրոնները վերջին տարիներին բավական առաջընթաց են արձանագրել ,և բազմաթիվ այլ կազմակերպություններ օգտագործում են այս հարթակն իրենց ծրագրերն իրականացնելու համար։

«ՎԻՆՆԵՏ Հայաստանի» նախագահ Ռուզաննա Տոռոզյանը նշեց, որ վերջին երեք տարում ցանցին հաջողվել է Սյունիքի մարզում ստեղծել 100-ից ավելի աշխատատեղ կանանց համար։ Ամենահաջողված փորձը «Բրդից մինչև կարպետ» արտադրամասի ստեղծումն է, որի շնորհիվ 43 կին ապահովվել է աշխատանքով։ Բացի այդ, կանայք պատրաստում են հուշանվերներ և ձեռքի այլ աշխատանքներ, որոնք վաճառվում են Հայաստանում և դրա սահմաններից դուրս։

«ՎԻՆՆԵՏ Հայաստանն» աջակցում է նաև կանանց քաղաքական մասնակցությանը։ «Մենք ունենք լավագույն փորձը։ 2012թ. Սյունիքի ռեսուրս կենտրոններին հաջողվել է աջակցել, հզորացնել քաղաքականությամբ հետաքրքրված 39 կանանց տարածաշրջանում, որոնցից 28-ն ընտրվել են որպես տեղական ինքնակառավարման մարմինների անդամներ և այսօր նպաստում են իրենց համայնքների զարգացմանը»,– նշեց Տոռոզյանը։

Հայաստան կատարած այցի ընթացքում «ՎԻՆՆԵՏ Եվրոպայի» ներկայացուցիչները հանդիպումներ են ունենալու ՀՀ պետականմարմինների ներկայացուցիչների հետ Երևանում և այցելելու են Գորիս՝ ծանոթանալու կանանց ռեսուրս կենտրոնների հայաստանյան ցանցի գործունեությանը և քննարկելու հետագա համագործակցության հարցեր:

Աղբյուրը՝ www.hra.am