Նորություններ

Արտակ Նազարյանի գործով դատավճիռը հրապարակվեց

07.05.2013

Մայիսի 7-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Սամվել Մարդանյանը հրապարակեց 2010թ. հրազենային վիրավորումից մահացած պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով դատավճիռը:

Դատարանը վճռեց քրեական գործով գլխավոր ամբաստանյալ, կապիտան, գումարտակի հրամանատարի տեղակալ Հակոբ Մանուկյանին դատապարտել 10 տարվա ազատազրկման, Վահագն Հայրապետյանին, Մխիթար Մխիթարյանին և Ադիբեկ Հովհաննիսյանին՝ 4 տարվա ազատազրկման, իսկ Հարութիկ Կիրակոսյանին՝ 3 տարվա ազատազրման:

Հակոբ Մանուկյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 360 հոդվածի 2-րդ մասով, 365 հոդվածի 1–ին մասով, 375 հոդվածի 1-ին և 2-րդ մասով։

Լեյտենանտ Վահագն Հայրապետյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 38-375 հոդվածի 2-րդ մասով, Ադիբեկ Հովհաննիսյանը և Մխիթար Մխիթարյանը՝ Քրեական օրենսգրքի 358 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Իսկ Հարութիկ Կիրակոսյանը մեղավոր ճանաչվեց Քրեական օրենսգրքի 358 հոդվածի 1-ին մասով, միաժամանակ դատարանը վճռեց կիրառել ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին որոշումը և Հարութիկ Կիրակոսյանին ազատել պատժի կրումից:

Հիշեցնենք, որ քրեական գործով մեղադրողները պահանջել էին Հակոբ Մանուկյանին դատապարտել 13 տարվա, Վահագն Հայրապետյանին, Ադիբեկ Հովհաննիսյանին և Մխիթար Մխիթարյանին` 4-ական տարվա, իսկ Հարութիկ Կիրակոսյանին` 2 տարվա ազատազրկման:

Դատավճռի հրապարակումից հետո դահլիճում իրարանցում սկսվեց, մարդիկ բղավում էին «ամոթ», «անմեղ երեխուն ինչո՞ւ եք դատում»։ Դատավորն ու դատախազները ծառայողական ելքով հեռացան դահլիճից։ Ադիբեկ Հովհաննիսյանի մայրը բղավեց և գիտակցությունը կորցրեց։ Դատական կարգադրիչները նրան օգնություն ցուցաբերեցին, դատարան կանչեցին շտապ օգնության մեքենա։

Նշենք, որ վճռի հրապարակմանը ներկա չէր տուժող կողմը։ Առավոտյան Արտակ Նազարյանի իրավահաջորդը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ իրենք կանխատեսում են կայացվելիք վճիռը և անտեղի է համարում այն հոտնկայս հարգելը:

Գործով ամբաստանյալները՝ վճռի հրապարակման ժամանակ։

Ադիբեկ Հովհաննիսյանի մորն ուղեկցում են դահլիճից դուրս։

Լուսանկարները՝ www.hra.am –ի

Հեղինակ՝ Ոսկան Սարգսյան

Իջևան

Աղբյուրը՝ www.hra.am