Նորություններ

Պաշտպանը պահանջեց կա՛մ արդարացնել իր պաշտպանյալին, կա՛մ վերսկսել դատաքննությունը

02.04.2013

Նազարյանի գործով պաշտպանական կողմը

2010թ.–ին Տավուշի մարզի «Մեհրաբներ» զորամասի հենակետում հրազենային վիրավորումից մահացած Արտակ Նազարյանի գործով դատավարության ապրիլի 2-ի նիստում ճառով հանդես եկան ամբաստանյալների պաշտպանները։

Զինծառայողներ Մխիթար Մխիթարյանի, Ադիբեկ Հովհաննիսյանի և Հարութիկ Կիրակոսյանի պաշտպան Ալվարդ Մնացականյանն իր ճառում նշեց, որ դատաքննության ընթացքում չապացուցվեց իր պաշտպանյալների մեղքը, և վերջիններիս գործողությունների ու Նազարյանի ինքնասպանության միջև չկա պատճառահետևանքային կապ:

Պաշտպանը հայտարարեց, որ իր պաշտպանյալներին մեղադրանք է առաջադրվել նույն խցում պահված 4 վկաների իրարամերժ, հակասական, իրականությանը չհամապատասխանող ցուցմունքների հիման վրա, որ վկաները 25 օր գտնվել են ռազմական ոստիկանությունում, անազատության մեջ, նրանց նկատմամբ հոգեբանական ճնշում և ֆիզիկական բռնություն է գործադրվել, որ նրանց ցուցմունքները ուղղորդվել են քննիչների կողմից, քանի որ, ինչպես դատարանում պարզվեց, դրանցում օգտագործված շատ տերմիններ՝ «գերակայություն», «նվաստացնել» և այլն, վկաների համար անհասկանալի են:

Մնացականյանն ասաց, որ Մխիթար Մխիթարյանը, Ադիբեկ Հովհաննիսյանը և Հարութիկ Կիրակոսյանը Նազարյանի մահից հետո կարգապահական տույժի են ենթարկվել և 10 օր պահվել են ռազմական ոստիկանությունում և հիմա նույն արարքների համար քրեական հետապնդման են ենթարկվում: Մինչդեռ, ըստ օրենքի, նույն արարքի համար անձը չի կարող երկու անգամ դատապարտվել:

Նա նաև նշեց, որ դատարանն իր պաշտպանյալներին պետք է արդարացնի: Իսկ եթե, այնուամենայնիվ, դատարանը նրանց մեղավոր ճանաչի, ապա պատիժ նշանակելիս պետք է հաշվի առնի նրանց երիտասարդ լինելը, սահմանափակվի նրանց կրած 2 տարի և 8 ամիս կալանքով և ազատ արձակի:

Ամբաստանյալ Մխիթարյանի, Հովհաննիսյանի և Կիրակոսյանի մյուս պաշտպանը՝ Ազատ Շահբազյանն էլ հավելեց, որ նախաքննության ժամանակ իր պաշտպանյալների դեմ ցուցմունք տված «ամենատես և ամենահաս» 4 վկաները այդպես էլ չկարողացան հայտնել, թե Նազարյանի մահվանից ոչ շատ առաջ և մինչև 6 ժամ առաջ վերջինիս ստացած վնասվածքներն ում կողմից են հասցվել կամ ինչ պայմաններում է Նազարյանը ոգելից խմիչք օգտագործել:

Ամբաստանյալ Վահագն Հայրապետյանի պաշտպան Լևոն Պողոսյանը կասկածելի է համարում, որ չորս վկաները Նազարյանի մահից 8 ամիս հետո են հիշել, որ իր պաշտպանյալը հարվածել է Նազարյանին։

Նրա խոսքերով՝ նախաքննության ընթացքում վկաներն ասել են, թե Հայրապետյանը ոտքերով և ձեռքերով հարվածել է Նազարյանին, մինչդեռ դատարանում վկաները խոսեցին ձեռքով մեկ հարվածի մասին:

Պողոսյանը հայտարարեց, որ Վահագն Հայրապետյանը որևէ պատճառ չուներ Նազարյանի նկատմամբ վատ վերաբերմունք դրսևորելու համար:

Նա պահանջեց արդարացնել իր պաշտպանյալին և ազատել դատարանի դահլիճից, հակառակ դեպքում՝ անց կացնել Նազարյանի հետմահու կրկնակի դատահոգեբուժական, դատահոգեբանական փորձաքննության և վերսկսել դատաքննությունը:

Դատական հաջորդ նիստում, որ նշանակված է ապրիլի 12-ին, ճառով հանդես կգա քրեական գործով գլխավոր ամբաստանյալ Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գևորգյանը:

Ոսկան Սարգսյան

Իջևան

Աղբյուրը՝ www.hra.am