Նորություններ

Տուժող կողմը պահանջեց արդարեցնել ամբաստանյալներին

26.03.2013

2010թ.–ին կասկածելի հանգամանքներում մահացած լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության մարտի 26-ի նիստում՝ դատական վիճաբանությունների փուլում, ճառով հանդես եկան տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը և տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը:

Ռ. Մարտիրոսյանն ասաց, որ Ա. Նազարյանի սպանության գործը դատարանում, չգիտես ինչու, անվանում են ինքնասպանություն: Նա անդրադարձավ Նազարյանի մարմնի դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը: Նազարյանի մարմնի վրա հայտնաբերվել է 54 վնասվածք, որոնք ժամանակագրական առումով դատաբժիշկը բաժանել է 3 խմբի՝ «մահվանից 3-5 օր առաջ», «մահվանից մինչև 6 ժամ առաջ» և «մահվանից  ոչ շատ առաջ»: Նախաքննական մարմինը քննություն չի կատարել պարզելու համար, թե «մահվանից ոչ շատ առաջ» և «մահվանից մինչև 6 ժամ առաջ» Նազարյանի ստացած 53 վնասվածքներն  ի՞նչ հանգամանքներում և ո՞ւմ կողմից են պատճառվել:

«Նման պայմաններում հայտարարել, որ Նազարյանն ինքնասպան է եղել մահվան նախորդ օրերին ամբաստանյալների կողմից, իբր, բռնության և ստորացումների ենթարկվելու հետևանքով, ըստ մեր համոզման, նախաքննական մարմնի կողմից անամոթություն և ցինիզմի ծայրահեղ դրսևորում է, իր հիմքով՝ հանցագործություն»,– հայտարարեց իրավապաշտպանը։

Նրա վկայությամբ՝գործով չի կատարվել բազմակողմանի և լրիվ նախաքննություն, իսկ մեղադրող կողմի նախաձեռնությամբ դատարան ներկայացած դատական փորձագետ Վիգեն Ադամյանն այդպես էլ չպատասխանեց, թե ո՞ւր է քրեական  գործից անհետացած 3 լուսանկարը և դատարանում փորձեց արժեզրկել իր տված փորձագիտական եզրակացությունը՝ նշելով, որ այնտեղ տեխնիկական վրիպակներ կան:

Ռ.Մարտիրոսյանը հիշեցրեց, որ ինքը դատարան է ներկայացրել ՌԴ դատաբժշկական փորձագիտական կենտրոնի տնօրեն Կովալյովի գրությունը, որը դատարանը չի ընդունել:

Փորձաքննությամբ Ա.Նազարյանի մարմնում հայտնաբերվել է ալկոհոլ, սակայն  նախաքնական մարմինը չի ցանկացել և չի պարզել, թե մահվանից մեկուկես ժամ առաջ Նազարյանն ո՞ւմ հետ, ի՞նչ հանգամանքներում է ալկոհոլ օգտագործել: Նախաքննությամբ չի պարզվել նաև այն, որ ոգելից խմիչք օգտագործելուց հաշված ժամեր առաջ հեռախոսային զրույցի ժամանակ վաշտի հրամանատար Գագիկ Ուդումյանը Նազարյանի  հասցեին վիրավորական արտահայտություններ է արել, և Նազարյանի կողմից պատասխան ստանալուց հետո սպառնացել է գալ և պատասխան պահանջել նրանից:

Իրավապաշտպանն ասաց, որ գործով վկաները և ամբաստանյալները Բերդի ռազմական ոստիկանությունում ապօրինի կալանքի տակ են եղել, նրանց տված ցուցմունքները խեղաթյուրվել են, որ Նազարյանի ինքնաձիգի պահունակների բոլոր փամփուշտները  տեղում են եղել, հետևաբար՝ նա չէր կարող իր ինքնաձիգով ինքնասպան լինել։ Բացի այդ, Նազարյանի ինքնաձիգի վրայի մատնահետքերը ոնչացվել են, նրա դիակի դիրքը հետո փոխվել է, Նազարյանի զինվորական գլխարկը հետագայում արյունի մեջ թաթախվել է, դատական փորձաքննության ուղարկված պարկուճը փոխվել է, Արտակ Նազարյանի հետմահու դատահոգեբանական փորձաքննությունը կեղծ  է և այլն:

Չնայած մատնանշած բոլոր հակասություններին՝ դատարանը մերժել է տուժողի իրավահաջորդների միջնորդությունները և բավարարել մեղադրական կողմի միջնորդությունները:

Ռուբեն Մարտիրոսյանը և Ծովինար Նազարյանը դատավարության ողջ ընթացքում պնդել են և շարունակում են պահանջել, որ պետք է բացահայտվեն Նազարյանի սպանության իրական մեղավորները:

Տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը դատարանում հայտարարեց, որ կատարված նախաքննությունը թերի է, և իրենք կարծում էին, որ դատարանը գործն այս տեսքով վարույթ չի ընդունի: Նա պնդում է, որ դատաքննությունը ճշմարտությունը չբացահայտեց:

Նրա ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը հավելեց, որ  դատարանը կայացվելիք դատավճռով պետք է հաստատի, որ Արտակ Նազարյանի ինքնասպանության մասին պնդումը ճիշտ չէ, որ ներկայացված ապացույցներով չի հիմնավորվել ամբաստանյալների գործողությունների և Նազարյանի մահվան մեջ պատճառահետևանքային կապի առկայությունը։ Նրա կարծիքով՝ դատարանը պետք է ամբաստանյալների հանդեպ կայացնի արդարացման վճիռ և տուժողի կողմի ներկայացրած՝ հանցագործությունների մասին տասնյակ հաղորդումներում առկա փաստերի առթիվ քրեական գործ հարուցելու համար միջնորդությամբ դիմի ՀՀ գլխավոր դատախազություն:

Դատական հաջորդ նիստը նշանակված է ապրիլի 2-ին։ Այդ նիստում ճառով հանդես կգա պաշտպանական կողմը:

Ոսկան Սարգսյան

Իջևան

Աղբյուրը՝ www.hra.am