Նորություններ

Մեղադրական ճառ. 13 տարի ազատազրկում Նազարյանին ինքնասպանության հասցնելու համար

14.03.2013

Մարտի 13-ին Իջևան քաղաքում, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում շարունակվեց պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարությունը: Նիստում մեղադրողներ Հայկ Հարոյանը և Հարություն Հարությունյանը հանդես եկան մեղադրական ճառով, որը կազմված էր մոտ 60 էջից։

Դատախազների ճառի հիմնական բովանդակությունը հետևյալն էր։ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետն ավարտած Արտակ Նազարյանը, հիմնական աշխատանք չունենալով, դարձել է պայմանագրային զինծառայող: Ծառայակիցները նրան բնութագրել են որպես բարի, կարեկից անձնավորության, ով, սակայն, դասակի հրամանատարի, հենակետի ավագի իր աշխատանքում թերացել է:

Ըստ մեղադրանքի` Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն ավարտած, գումարտակի հրամանատարի տեղակալ, կապիտան Հակոբ Մանուկյանը հակակրանք է տածել Արտակ Նազարյանի հանդեպ, նսեմացրել նրա արժանապատվությունը, ընդ որում` դա արել է զինվորների աչքի առաջ: Հակոբ Մանուկյանը տարբեր առիթներով մի քանի անգամ կռվի է բռնվել Արտակ Նազարյանի հետ, հարվածներ հասցրել նրան:

Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Նազարյանի արժանապատվությունը նսեմացրել, հարվածել են նաև հարևան հենակետի ավագ, լեյտենանտ Վահագն Հայրապետյանը և Արտակ Նազարյանի ենթակա, ժամկետային զինծառայողներ Մխիթար Մխիթարյանը, Հարութիկ Կիրակոսյանը, Ադիբեկ Հովհաննիսյանը: Մեղադրողները հայտարարեցին, որ ամբաստանյալների գործողությունների և Արտակ Նազարյանի ինքնասպանության միջև կա պատճառահետեւանքային կապ, որ Նազարյանը, ունենալով ներփակ բնավորություն և չկարողանալով հաշտվել իր իդեալների կործանման հետ, դիմել է ինքնասպանության:

Նշենք, որ Արտակ Նազարյանի հարազատներն իրենց ցուցմունքներում բազմիցս հերքել են այդ վարկածը՝ հիմնավորելով, որ Նազարյանը հավատում էր աստծուն և չէր կարող ինքնասպանություն գործել: Բացի այդ, Նազարյանի մարմնի վրա եղել են ֆիզիկական բռնության հետքեր։

Մեղադրողներն իրենց ճառում պահանջեցին քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների համակցությամբ կապիտան Հակոբ Մանուկյանին դատապարտել 13 տարվա ազատազրկման, լեյտենանտ Վահագն Հայրապետյանին, ժամկետային զինծառայողներ Ադիբեկ Հովհաննիսյանին, Մխիթար Մխիթարյանին 4-ական, իսկ ժամկետային զինծառայող Հարութիկ Կիրակոսյանին` 2 տարվա ազատազրկման:

Մեղադրական ճառն ընթերցելուց հետո Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գևորգյանը, որպես հեգնանքի նշան, ծափահարեց և ճառն անվանեց «հանճարեղ»:

Դատական նիստերի դահլիճը լեփ–լեցուն էր։ Նիստի ընթացքում քաղաքացիական ակտիվիստ Արթուր Գրիգորյանը փորձեց միջանցքից դատարանի դահլիճ բերել արդար դատավարության պահանջի կոչերով պաստառներ, սակայն դատական կարգադրիչները թույլ չտվեցին:

Դատական հաջորդ նիստը նշանակված է մարտի 26-ին։

Ոսկան Սարգսյան

Աղբյուրը՝ www.hra.am