Նորություններ

Դատարանը որոշեց «կորած» վկային բերման ենթարկել

13.02.2013

2010թ. Տավուշի «Մեհրաբներ» զորամասի մարտական դիրքերից մեկում կասկածելի հանգամանքներում մահացած սպա Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության փետրվարի 12-ի նիստում դատարանը բավարարեց վկա Համլետ Աղամիրյանին հարցաքննության համար դատարան բերման ենթարկելու միջնորդությունը։

Որպես վկա դատակոչված Համլետ Աղամիրյանը նիստին չէր ներկայացել։ Դատավոր Սամվել Մարդանյանը ընթերցեց ոստիկանության Հրազդանի բաժնից ստացված գրությունը, որի համաձայն՝ Աղամիրյանի մայրը տեղեկացրել է, որ որդին փետրվարի 4-ին Հրազդանից մեկնել է Երևան աշխատանք գտնելու, մինչև օրս նրա գտնվելու վայրը ընտանիքին հայտնի չէ, նրա հետ  հեռախոսային կապ չկա:

«Կարո՞ղ է  բանջարի է գնացել»,- հարցրեց  տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը՝ ակնարկելով գործով մյուս կարևոր վկայի «անհայտացումը», ում վերաբերյալ բացատրություն էին տվել, թե գնացել է Արցախ բանջար հավաքելու և չի վերադարձել։

Համլետ Աղամիրյանը իր ծառայակիցների` քրեական գործով ամբաստանյալների դեմ ցուցմունքներ է տվել, մասնակցել մի շարք դատաքննչական գործողությունների, և տուժողի իրավահաջորդների կարծիքով՝ նրա հարցաքննությունը դատարանում կարևոր է։

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը միջնորդություն ներկայացրեց նաև դատարան հարցաքննության կանչել «Մեհրաբներ» զորամասի հրամանատարի նախկին տեղակալ, փոխգնդապետ Եղոյանին։

Մարտիրոսյանը նշեց, որ վկա Արման Մնացականյանն իր ցուցմունքում ասել է, թե  կապրոնե շշի պատճառով 2010թ. հուլիսի 19-ին կապիտան Հակոբ Մանուկյանի և Արտակ Նազարյանի միջև տեղի ունեցած վիճաբանության մասին Մանուկյանը զեկուցել է իր անմիջական վերադասին` զորամասի հրամանատարի  անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, փոխգնդապետ Եղոյանին:

Իրավապաշտպանի խոսքերով՝ Եղոյանին հարցաքննելու իրենց նպատակն է պարզել, թե վիճաբանության մասին տեղեկանալուց հետո նա ի՞նչ քայլեր է  ձեռնարկել։ Եղոյանը կարող է ներկայացնել նաև Նազարյանի հոգեբանական վիճակը։ Ի դեպ, Եղոյանը հրամանատարի տեղակալի պաշտոնից ազատվել է Արտակ Նազարյանի մահվանից հետո և տեղափոխվել է այլ զորամաս։

Դատավոր Մարդանյանը որոշեց, որ դատարանն այդ միջնորդությանը կանդրադառնա խորհրդակցական սենյակում՝ վերջնական դատական ակտ կայացնելու ժամանակ:

Ռուբեն Մարտիրոսյանը դատարանին միջնորդեց նաև հարցում ուղարկել ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական կենտրոն` պարզելու համար, թե ինչ է նշանակում Ա.Նազարյանի հետմահու դատաբժշկական փորձաքննության մեջ նշված «մահից ոչ շատ առաջ» եզրույթը: Դատաբժիշկ Վիգեն Ադամյանը դատարանում հարցաքննվելիս հայտարարել էր, որ «մահից ոչ շատ առաջը» կարող է նշանակել նաև մահից մինչև 3 օր առաջ: Իրավապաշտպանը, սակայն, այլ բան է պնդում. «Ես դիմել եմ ՌԴ դատաբժշկական կենտրոնի ղեկավար Կովալյովին, ով ասել է, որ «մահից ոչ շատ առաջ» նշանակում է ոչ ավել քան վեց ժամ առաջ»։

Դատավորը մերժեց այս միջնորդությունը՝ նշելով, որ  դատական բժշկությունը չի կարող պարզել վնասվածքների ստացման ստույգ ժամանակը,  փորձագետների նշած ժամկետները մոտավոր են:

Դատական նիստը հետաձգվեց մինչև փետրվարի 26-ը։ Այդ օրը տուժողի իրավահաջորդի փաստաբան Մուշեղ Շուշանյանը նոր միջնորդություններ կներկայացնի։

Հավելենք, որ Արտակ Նազարյանի գործով շուրջ երկու տարի ընթացող դատավարությունը շուտով կմտնի վիճաբանությունների փուլ, որից հետո դատարանը վճիռ կկայացնի։

Ոսկան  Սարգսյան

Իջևան

Աղբյուրը՝ www.hra.am