Նորություններ

Դատաբժշկի դեմ քրեական գործ հարուցելու միջնորդությունը մերժվեց

16.01.2013

Ա.Նազարյանի գործով դատական նիստ, 15.01.2013թ.

2010թ. Տավուշի «Մեհրաբ» զորամասում կասկածելի հանգամանքներում մահացած սպա Արտակ Նազարյանի գործով հունվարի 15-ի դատական նիստում կրկին մերժվեց նիստերը Երևանում անցկացնելու միջնորդությունը:

Կողմերը հիմնավորում էին, որ հեռավորության և վատ եղանակի պատճառով պաշտպանները և տուժող կողմը երբեմն նիստերին չեն հասնում, իսկ ամբաստանյալներին էլ «Նուբարաշեն» ՔԿՀ–ից միշտ ուշացումով են բերում դատարան։ Երևանում արտագնա նիստերի անցկացումը, կողմերի կարծիքով, հնարավորություն կտա դատավարությունը ողջամիտ ժամկետներում ավարտել։

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Մարդանյանը որոշեց միջնորդությունը մերժել՝ նշելով, որ ինքն Իջևանում նաև այլ քրեական գործերով է դատեր վարում։ Բացի այդ, նա դատարանի նախագահն է և իրականացնում է դատարանի բնականոն աշխատանքն ապահովելու  գործառույթներ ևս:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը և փաստաբան Մուշեղ Շուշանյանը մեկ այլ միջնորդությամբ պահանջեցին դատարանում սուտ ցուցմունք տալու համար քրեական գործ հարուցել որպես վկա հարցաքննված դատաբժիշկ–փորձագետ Վիգեն Ադամյանի նկատմամբ:

Դատավոր Մարդանյանը այս միջնորդությունն էլ մերժեց։

Գործով ամբաստանյալներից երեքի պաշտպան Ալվարդ Մնացականյանը միջնորդեց քրեական  գործով  վկաներ Արման Մնացականյանի, Արթուր Մկրտչյանի, Գարեգին Սայադյանի, Արտակ Հովհաննիսյանի նախաքննական ցուցմունքները  համարել անթույլատրելի ապացույց և մեղադրանքի ծավալից հանել, քանի որ վկաները ցուցմունքները տվել են  ռազմական ոստիկանությունում ապօրինի կալանքի տակ պահվելու ժամանակ, նրանք եղել են  հոգեբանական ճնշման տակ, գտնվել են նույն խցում, ինչն անթույլատրելի է, և ցուցմունքները գրվել են քննիչի թելադրանքով: Հիշեցնենք, որ վկաներից մեկը դատարանում հերքել էր իր նախաքննական ցուցմունքները։

Մյուս պաշտպանները և տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները միացան միջնորդությանը, իսկ դատախազ Հարություն Հարությունյանն առարկեց՝ նշելով, որ  վկաները ՌՈ–ում են պահվել օրինական։ Դատավոր  Մարդանյանը որոշեց միջնորդության մեջ արծարծված հարցերին անդրադառնալ խորհրդակցական սենյակում՝ վերջնական դատական ակտ կայացնելիս։

Պաշտպան Ալվարդ Մնացականյանը միջնորդեց նաև իր պաշտպանյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել և ազատ արձակել, քանի որ նրանք ծառայության ընթացքում արդեն կարգապահական տուժի ենթարկվել են, և նույն արարքի համար երկրորդ անգամ պատասխանատվության ենթարկելը օրենքի խախտում է: Պաշտպանը հղում արեց Վճռաբեկ դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումներին։

Դատավորը հայտարարեց, որ հեռանում է խորհրդակցական սենյակ և միջնորդության վերաբերյալ կայացված որոշումը կհրապարակի հունվարի 16-ին։

Ոսկան Սարգսյան

Իջևան 

Աղբյուրը՝ www.hra.am