Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարություն, մայիսի 2, 2012թ.
Մայիսի 2-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում շարունակվեց պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարությունը:
Դատարանում ցուցմունքտվեց նախկին զինծառայող Հայկ Նազարյանը՝հարցերի մեծ մասին պատասխանելով՝ «չեմ հիշում»։ Հայկն իր հիշողության կորուստը բացատրեց նրանով , որ դեպքից 2 տարի է անցել, ինքն անձնական խնդիրներ ունի, և դա վատ է ազդել հիշողության վրա: «Այդ պահվածքով մտավոր հետամնացի տպավորություն ես թողնում, մինչդեռ իրականում առողջ մարդ ես»,–նշեց Հրանտ Գևորգյանը՝ ամբաստանյալ կապիտան Հակոբ Մանուկյանի պաշտպանը:
Հայկ Նազարյանը նշեց, որ մահացած Արտակ Նազարյանին դեպքի վայրում երկու անգամ է տեսել: Նա մի դեպքում հիշում էր, որ Արտակ Նազարյանին 30-40մ հեռավորությունից է տեսել, մյուս դեպքում չէր հիշում՝ ինչքան է մոտեցել, շարունակ կրկնելով, որ Նազարյանի մարմինն իրեն «տեսանելի էր»: Նա այդպես էլ չկարողացավ բացատրել, թե ի՞նչ նպատակով, ո՞ւմ հրամանով է ռազմական ոստիկանության հետ բարձրացել ժայռի մոտ՝ մահացած Արտակ Նազարյանի գտնվելու վայր:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ իրենք անհերքելի ապացույցներ ունեն, որ վկան դատարանում սուտ է խոսում և որ միջնորդելու են կեղծ ցուցմունքի համար նրա նկատմամբ քրեական գործ հարուցել: «Դու այստեղ աֆերիստ մի խաղա»,–խորհուրդ տվեց իրավապաշտպանը։
Հարցերին պատասխանելով՝ Հայկ Նազարյանն ասաց, որ իրենց զորամասում զինծառայողների և Արտակ Նազարյանի միջև նորմալ հարաբերություններ են եղել, որ Արտակ Նազարյանը հոգեպես ընկճված չի եղել:
Վկան դեպքից հետո 10 օր պահվել է Բերդի Ռազմական ոստիկանությունում: Սա Քրեական դատավարության օրենսգրքի 106 հոդվածի, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի դրույթների խախտում է: Հայկ Նազարյանի պնդմամբ՝ նրան մի քանի անգամ հարցաքննել են ռազմական ոստիկանությունում։ Սակայն քրեական գործում միայն մի հարցաքննության արձանագրություն է առկա:
Արտակ Նազարյանի մահվան գործով դատական հաջորդ նիստը կկայանա մայիսի 15-ին: Դատավոր Սամվել Մարդանյանը հայտարարեց, որ ինքը որոշում է կայացնելու գործով վկա Արթուր Մկրտչյանին դատարան բերման ենթարկելու մասին։ Իսկ վկա Արման Մնացականյանին նիստին մասնակցելու ծանուցագիր կուղարկվի: Արման Մնացականյանը դատարանում նախկինում հարցաքննվել է, սակայն նրա հարցաքննությունը կիսատ է մնացել:
Ոսկան Սարգսյան
Իջևան

















