Նորություններ

Թեժ գիծ և 30 իրավական շտապ օգնություն ընտրությունների ընթացքում

16.04.2012

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ–ն իրականացնում է «Ընտրություններ 2012» իրավական նախաձեռնությունը՝ պաշտպանելու մարդկանց իրավունքներն ընտրական գործընթացում։

Ընտրական իրավունքի խախտումների հայտնաբերման և անվճար իրավական աջակցություն ցուցաբերելու նպատակով գործում է 080-080-804 թեժ գիծը։

Քվեարկության օրը՝ մայիսի 6-ին, խախտման մասին ահազանգերին կարձագանքեն «Իրավական շտապ օգնության» մեքենաները, որոնց կազմում կլինեն մեկական լրագրող, դիտորդ և փաստաբան: Թեժ գծի միջոցով ստացված ահազանգերի հիման վրա մեքենաները կմեկնեն դեպքի վայր՝ անհրաժեշտ իրավական խորհրդատվություն և օգնություն տրամադրելու նպատակով։

Ընտրությունների ընթացքում իրավական նախաձեռնությամբ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտը» հանդես է գալիս 2007թ. խորհրդարանական ընտրություններից սկսած՝ մի խումբ հասարակական կազմակերպությունների հետ համատեղ:

2008 թ. ՀՀ նախագահական ընտրությունների ընթացքում 080-080-804 թեժ գծին ստացվել է մոտ 700 ահազանգ, որից 475-ը գրանցվել է միայն քվեարկության օրը: 70 ահազանգի դեպքում շտապ օգնության մեքենաները մեկնել են դեպքի վայր, իսկ մնացած ահազանգերին նախաձեռնության իրավաբանները հեռախոսով խորհրդատվություն են տրամադրել:

«Մեր փորձը ցույց է տալիս, որ բազմաթիվ ընտրական տեղամասերում խախտումների տարբեր դրսևորումները կանխվել են միայն «Իրավական շտապ օգնության» խմբի ներկայության փաստի շնորհիվ»,- ասում է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ Արման Դանիելյանը։

«Ընտրություններ 2012» իրավական նախաձեռնության շրջանակում ՔՀԻ-ն, ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի ակտիվորեն համագործակցելու է զանգվածային լրատվամիջոցների հետ:

Այս տարի «Ընտրություններ 2012» իրավական նախաձեռնությունում ներգրավված են 90-ից ավելի լրագրողներ, իրավաբաններ և դիտորդներ: Գործելու է 30 իրավական շտապ օգնության մեքենա. 8-ը շրջելու է Երևանում, իսկ մնացած 22–ը՝ Հայաստանի մարզերում։

«Ընտրություններ 2012» իրավական նախաձեռնությունը չի հարում ոչ մի քաղաքական ուժի, չունի քաղաքական նախասիրություններ և իր օժանդակությունը պատրաստ է հավասար պայմաններով տրամադրել ցանկացած ՀՀ քաղաքացու և բոլոր քաղաքական ուժերին` պահպանելով անաչառությունը, տրամադրվող ծառայությունների բարձր որակը և քաղաքական չեզոքությունը:

«Ընտրություններ 2012» իրավական նախաձեռնությունն իրականացվում է Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հետ համագործակցությամբ։ Այն հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ինչպես նաև՝ USAID-ի աջակցությամբ։

Աղբյուրը՝ www.hra.am