Նորություններ

Հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի առաջարկը մերժվեց

01.03.2012

Փետրվարի 29-ին ՀՀ ազգային ժողովը քվեարկությամբ մերժեց «Ժառանգություն» և ՀՅ Դաշնակցություն կուսակցությունների՝ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու օրենսդրական առաջարկը: «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերին պատգամավորները քվեարկեցին 30 կողմ, 54 դեմ և 4 ձեռնպահ:

Խորհրդարանական ընդդիմությունը դեռ անցյալ տարի Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկման ժամանակ էր արել այս առաջարկը, որը չէր ընդունվել: «Ժառանգության» և ՀՅԴ-ի կարծիքով՝ մեծամասնական ընտրակարգը չի ծառայում իր էությանը, իսկ մեծամասնականով ընտրված պատգամավորներն աշխատում են իշխանության թելադրանքով և նրանք են ընտրակեղծիքների հիմնական մեղավորները:

Օրենքի քննարկումների ժամանակ հարակից զեկուցող, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը կարևորել է մեծամասնական ընտրակարգը հետևյալ հիմնավորմամբ.

«Մեծամասնական ընտրությունների արդյունքում, որպես կանոն, հաղթում են այն անձինք, ովքեր ներկայացնում են ձևավորվող իշխող կուսակցությունը։ Բնականաբար, մեծամասնական մոդելը հնարավորություն է՝  կայուն մեծամասնություն ստեղծել խորհրդարանում»:

Հիշեցնենք, որ հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու նախաձեռնությանը միացել էին և կողմ էին քվեարկել նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորները: Իսկ փետրվարի 28-ին «Ժառանգությունը», ՀՅԴ-ն և Հայ ազգային կոնգրեսը ցույց էին կազմակերպել ԱԺ շենքի առջև՝ ի պաշտպանություն 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի:

Մերի Ալեքսանյան

Աղբյուրը՝ www.hra.am

Աղբյուրը՝ www.hra.am