Նորություններ

FIDH-ը և ՔՀԻ–ն պահանջում են արդար դատաքննություն իրականացնել Ստեփան Հովակիմյանի և Վահրամ Քերոբյանի գործով

23.02.2012

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան և Քաղաքացիական հասարակության ինստիտուտը պահանջում են արդար դատաքննություն և անկախ քննություն իրականացնել Ստեփան Հովակիմյանի և Վահրամ Քերոբյանի գործով

Փարիզ - Երևան, 22 փետրվարի, 2012 - Երկու տարի է անցել Ստեփան Հովակիմյանին 2010 թ. փետրվարի 6-ին Մոսկվա կինոթատրոնում 2010 թ. հունվարի 10-ին գողություն կազմակերպելու և իրականացնելու համար մեղադրանք առաջադրելուց հետո:

2010 թ. փետրվարի 6-ին Հովակիմյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: 72 ժամ ձերբակալությունից հետո նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: Մինչ օրս Հովակիմյանը և Քերոբյանը, ում նույնպես հետագայում կալանավորել են, պահվում են Նուբարաշեն ՔԿՀ-ում: Նրանց դատաքննությունն անհիմն ձգձգվում է: Մինչ օրս չի իրականացվել անկախ և արդար քննություն: Չնայած երկու տարիների ընթացքում մեղադրանքն այլ ապացույցներով հիմնավորելու փորձերին, Հովակիմյանի դեմ հիմնական ապացույցը մնում է ոստիկանությունում 2010 թ. փետրվարի 6-ին ճնշման և հոգեբանական բռնության հետևանքով նրանից ստացված ինքնախոստովանական ցուցմունքը։ 

2010 թ. հունվարի 11-ին և 14-ին Հովակիմյանը ներկայացել էր ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղ պահվել է 10 ժամ և, ըստ Հովակիմյանի, ենթարկվել է բռնության, այնուհետև՝ ազատ է արձակվել առանց խոստովանելու:

2010 թ. փետրվարի 6-ին Ստեփան Հովակիմյանը կրկին ներկայացել է Երևան քաղաքի վարչություն, որտեղ նրան ենթարկել են խոշտանգումների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի: Մասնավորապես, ենթարկել են ծեծի, փորձել են հանել նրա շորերը և անարգանքի ենթարկել, հանել են կոշիկները, ռետինե մահակներով հարվածել են ոտքերի տակ, հարվածել են գլխին։ Հարվածել են այնքան ժամանակ, մինչև վերջինս համաձայնել է տալ պահանջվող խոստովանությունը։ Հովակիմյանը պնդում է, որ նրան ոստիկանություն են հրավիրել առանց պատշաճ ծանուցման' մինչև տուժողի հայտարարությունը ստանալը և քրեական գործի հարուցումը: Ս. Հովակիմյանին թույլ են տվել տեղեկացնել հարազատներին իր ձերբակալության մասին և պաշտպան հրավիրել միայն նրա ինքնախոստովանական ցուցմունքը ստանալուց հետո:

Հիմնվելով Ս. Հովակիմյանից կորզված ցուցմունքների վրա, Վ. Քերոբյանը կալանավորվել է 2010 թ. մարտի 12-ին. Ներկայումս նա կալանավորված է և մեղադրվում է գողություն իրականացնելու համար:

Հատուկ քննչական ծառայություն ներկայացված 2010 թ. փետրվարի 6-ին տեղի ունեցած խոշտանգումների վերաբերյալ Հովակիմյանի բողոքին ընթացք չի տրվել: ՀՔԾ որոշել է գործ չհարուցել, հիմնվելով այդ առիթով ոստիկանության ծառայողների տված բացատրությունների վրա և մերժել է հետագա քննություն իրականացնել խոշտանգումների հայտարարության վերաբերյալ: Այդ որոշումը բողոքարկվել է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում և մերժվել է 2011 թ. օգոստոսի 2-ին: Այնուհետև Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քրեկան դատարան, սակայն դատարանը անփոփոխ է թողել այդ որոշումը: Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկվել է ՀՀ վճռաբեկ դատարան։ Վերջինս որոշում դեռ չի կայացրել բողոքը վարույթ ընդունելու վերաբերյալ։

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան և Քաղաքացիական հասարակության ինստիտուտը կոչ են անում ՀՀ իշխանություններին.

  • Անհապաղ ազատ արձակել Ս. Հովակիմյանին և Վ. Քերոբյանին՝ կալանավորումը փոխարինելով գրավով.
  • Ապահովել մեղադրյալի ողջամիտ ժամկետում արդար դատաքննության իրավունքի իրականացումը՝ անթույլատրելի ճանաչելով բռնության և ճնշումների միջոցով ստացված ապացույցները.
  • Կատարել խոշտանգումների հայտարարությունների անկախ, արդյունավետ և լիարժեք քննություն' մեղավորներին հայտնաբերելու և արդարադատության առջև կանգնեցնելու նպատակով.
  • Հարգել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոնվենցիայի և Խոշտանգումների և դաժան, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների պահանջները: Կոնվենցիաները հստակ պարտավորեցնում են Հայաստանին քննություն իրականացնել խոշտանգումների հայտարարությունների վերաբերյալ և արդարադատության առջև կանգնեցնել մեղավորներին, ինչպես նաև դադարեցնել ճնշումների միջոցով ստացված ցուցմունքների հիման վրա կասկածյալներին մեղադրանք առաջադրելու արատավոր պրակտիկան։

Աղբյուրը՝ www.hra.am