Նորություններ

Հովակիմյանին խոշտանգելու փաստը կապացուցեն վկաները

15.12.2011

Ստեփան Հովակիմյանի նկատմամբ խոշտանգումներ իրականացնելու փաստը ապացուցելու համար կհարցաքննվեն վկաներ: Այս գործով դատական նիստերը մի քանի անգամ հետաձգելուց հետո ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր բավարարեց փաստաբանի միջնորդությունը՝ հաջորդ դատական նիստի ժամանակ հարցաքննել այն վկաներին, ովքեր ապացուցում են Հովակիմյանի նկատմամբ իրականացված խոշտանգումը:

Հիշեցնենք, որ Ստեփան Հովակիմյանը և Վահրամ Քերոբյանը մեղադրվում են «Մոսկվա» կինոթատրոնից 5 մլն 80 հազար դրամ և 10 հազար ռուսական ռուբլի գողանալու մեջ: Գործի հիմքում ընկած է Ս. Հովակիմյանի ինքնախոստովանական ցուցմունքը, որն, ինչպես նա է հետագայում հայտարարել, կորզվել է բռնությունների միջոցով։ Այդ կապակցությամբ ընթանում է առանձին դատական գործ:

Հովակիմյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանը www.hra.am –ին հայտնեց, որ դատարանում ներկայացրել են այն բոլոր ապացույցները, որոնցով հաստատվում է Ստեփան Հովակիմյանին ապօրինի կերպով երեք անգամ ոստիկանություն տանելու և այդ ընթացքում բռնությունների կիրառվման հանգամանքները:

«Ներկայացրել ենք Ստեփան Հովակիմյանի հորը հարցման ենթարկելու վերաբերյալ արձանագրությունը, որտեղ նա մանրամասն նշել էր այդ ամենի մասին, քրոջ ամուսնուն` Կարեն Զոհրաբյանին հարձակման ենթարկելու արձանագրությունը, նաև ընկերոջ` Վարազդատ Թանգամյանի և քեռու արձանագրությունն այն մասին, որ ականատես են եղել փետրվարի 6-ին քննիչի կողմից փաստաբանին մուտք չտալուն և այն մասին, որ նրանք դրսում ժամերով սպասել են, այն ժամանակ, երբ քննիչը այդ ժամանակ Հովակիմյանից վերցրել է ինքախոստովանական ցուցմունք»,- ասում է Սաֆարյանը:

Ներկայացվել են նաև Հովակիմյանի երեք խցակիցների գրավոր հայտարարությունները, որտեղ նրանք ասում են, որ Ստեփանը բողոքել է գլխի ու մեջքի ցավերից, որոնք, նրա ասելով՝ ծեծի հետևանք են: Ոստիկանությունից անընդհատ նշում են, որ Հովակիմյանին հունվար ամսվա ընթացքում ոստիկանություն չեն տարել, այն դեպքում, երբ նրա մի քանի ընկերների ևս տարել են ոստիկանություն:

«Հատուկ քննչական ծառայությունը ու դատախազը բացատրություն չեն վերցրել, ասել են, թե այդ մարդիկ իրենց ծանոթ չեն եղել այն դեպքում, երբ նյութերում առկա են նրանց անունները ու մեր բողոքը հիմնավոր է: Նրանք ոչ միայն արդյունավետ քննություն չեն արել, այլ ընդհանրապես քննություն չեն արել, բացի Հովակիմյանից, լսելով միայն ոստիկաններին, ովքեր, բնականաբար, սուտ ցուցմունք են տվել»,- համոզված է Սաֆարյանը:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին՝ ժամը 15:00-ին:

Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am