Անկախ իշխանության գաղափարախոսությունից, դավանած արժեքներից արձանագրած հաջողություններից, մեր երգիչ–չերգիչ–երգչիստները, որ ընտանեկան նեղ շրջապատում աստղեր են որակվում, պատրաստ են երգել այդ իշխանության համար եւ քաղաքականությունից բան չհասկանալով մասնակցել քաղաքական քարոզարշավների։ Սրան ցավոք արդեն ընտելացել ենք։ Բայց որ մեր մեր երգիչ–չերգիչ–երգչիստները նաեւ հասարակական տրամադրությունները չեն հասկանում եւ հասարակության մեջ առկա լարվածությունը էլ ավելի թեժացնող երգիկներ են երգում, արդեն լուրջ մտահոգություն է եւ առաջին հերթին հարկ է մտահոգվել այդ երգիչ–չերգիչ–երգչիստների հոգեկան առողջությամբ։ Մեր երգիչ–չերգիչ–երգչիստներից մեկի անունը Ռուզան Ավետիքյան է եւ էս վերջերս նա երգում է «Առաջ, առաջ Հայաստան», ծովից–ծով դառնաս Հայաստան եւ այլն։
Ռուզան Ավետիքյանին եւ մեր մյուս երգիչ–չերգիչ–երգչիստներին ուզում եմ հիշեցնել, որ երբ իրենք երգեցին «Առաջ Հայաստան» ու Սերժ Սարգսյանը բազմեց ՀՀ նախագահի բարձր աթոռին մենք 10 զոհ, մոտ 300 վիրավոր եւ մոտ 200 քաղբանտարկյալ ունեցանք։ Հիմա «Առաջ, առաջ Հայաստան» երգելով ինչ են ակնկալում մեր երգիչ–չերգիչ–երգչիստները, քանի զոհ, քանի վիրավոր, քանի կալանավոր, վստա՞հ են մեր երգիչ–չերգիչ–երգչիստները որ մեր գերեզմանատներում, հիվանդանոցներում եւ կալանավայրերում այդքան տեղ կա։ «Առաջ Հայաստանով» մարտի մեկի հասնելուց հետո ցանկացած բանական մարդ պետք է հասկանար, որ «Առաջ» եւ «Հայաստան» բառերը չի կարելի իրար կողք դնել առնվազն մի 150 տարի։ Իսկ եթե ուզում գովերգել մեր հայրենիքը, հարգելի երգիչ–չերգիչ–երգչիստներ, այլ բառեր գտեք։ Սկսած ծլիր–ծաղկիր Հայաստանից մինչեւ հավերժ լինես Հայաստան։ Միայն ոչ «Առաջ Հայաստան»։
«Առաջ Հայաստանը» մեզ միայն ողբերգություն, վիշտ, արյուն, զոհ եւ մեծ–մեծ խնդիրներ է բերել։ Հասկացեք սա վերջապես, այ երգիչ–չերգիչ–երգչիստներ։
