Ֆաշիզմ բառը նախորդ պոստից արձագանքներ հարուցեց։
Կարծում եմ, որ ոչ բոլոր դիկտատուրաներն են ֆաշիստական։ Երբ երկրում չկա քաղաքացիական հասարակություն, ապա պարզ է, որ այն կլինի ոչ ազատ՝ դիկտատորական։ Դիկտատորն էլ ժամանակ առ ժամանակ բռնություններ կգործի որպեսզի մնա իշխանության ղեկին։ Մենք դա տեսել ենք։
Նորությունը այլ տեղ է։ Ռ. Քոչարյանը մի կես ժամ բացատրում էր մեզ, թե ինչպես զարգացնել թատրոնը և կինոն։ Իսկ այն, որ նա մեծ ճարտարապետ է, ավելորդ է բացատրել։ Մի կող թողնելով Հյուսիսային Պողոտան, մի քանի օր առաջ լսեցի, որ Գետառի վրայի Համալիրի մտահաղացումը իրենն է։ Երկու անգամ կրկնեց։ Սովորական դիկտատորը կկանչեր մեկին և կհարցներ կինոյից կամ քաղաքաշինությունից։
Դա կարող է ծիծաղելի թվալ, եթե չլիներ մեկ հանգամանք. այլևս ճշմարտությունը գիտի միայն մի մարդ՝ Ռ. Քոչարյանը։ Այսինքն ադմինիստրատիվ բռնությանը ավելանում է գաղափարական բռնությունը։ Մեր մարմինը ստացել են, հիմա էլ բռնանում են հոգու վրա։
10 տարի առաջ 98 թ. էր, հիմա 37:
Քաղաքական մեղանդրանքով բանտարկվածների թիվը այսօր ամենամեծն է Ստալինից հետո:
Սա դեմոկրատիայի շեղում չէ, այլապես ընդիմության հետ երկխոսությունը սկսված կլիներ: Իսկ այդ երկխոսության սկզբունքները միանգամայն պարզ են. իշխանությունները համաձայնեցնում են իրենց գործողությունները ԼՏՊ-ի թիմի հետ: Այն տպավորություն է, որ երկիրը գլորվում է դեպի ֆաշիստական դիկտատուրա:
ԼՏՊ–ն որակեց գործող համակարգը որպես մոնղոլա–թաթարական համակարգ։ ԼՏՊ–ն մեր համար առաջին պատմաբանն է, այնպես որ նրա վերլուծության վրա կասկածելը դժվար է։ Կարելի է միայն ճշգրտումներ և լրացումներ մտցնել։
Մի կողմից հարկավոր է նկատել, որ միջինասիական մի շարք հետխորհրդային պետություններ ընտրել են խանական համակարգը, մյուս կողմից՝ ներկա հանրապետության տարածքում սկզբում ձևավորվել է մոնղոլա–թաթարական խանություն, իսկ հետո պարսկական էրիվանի խանությունը։ Գումարելով նաև սելջուկյան տիրապետության երկու դարը ստանում ենք խանական համակարգի համար 8 դար։ Դրանից հետո ցարիստական–բյուրոկրատական համակարգ՝ մեկուկես դար։ Այսինքն այս կամ այն կերպ խանական համակարգը չէր կարող իրեն չարտահայտել անկախության մեկուկես տասնամյակի ընթացքում։
Եթե հիշում եք մի քանի օր առաջ Մոսկվայում հավաքվել էին ԱՊՀ երկրների ներկայացուցիչները։ «Վեստին» վույց տվեց նաև երկրներ նախագահներին միջանցքում զրուցելիս։ Միջինասիական «խաները» կանգնած էին առանձին խմբով, մնացյալները առանձին։ Որտե՞ղ էր կանգնած Ա. Լուկաշենկոն։ Իհարկե, «խաների» հետ։ Որտե՞ղ էր կանգնած Ռ. Քոչարյանը. Լուկաշենկոյի կողքը։ Հետո Լուկաշենկոն թփթփացրեց Ռ. Քոչարյանի մեջքին և հեռացավ։
Միգուցե իսկապե՞ս սա երրորդ խանություն է, այլ ոչ թե երրորդ հանրապետություն
Քանզի ինչպես ասել եմ, այս ընտրությունները «լիրիկական» են, մեջբերում եմ Հ.Հայնեի «Էշերն ընտրողներ» չափածո պամֆլետը.
ԷՇԵՐՆ ԸՆՏՐՈՂՆԵՐ
Ազատությունից բոլորն հագեցան,
Եվ ռեսպուբլիկան անասունների
Որոշեց ընտրել տեր միահեծան,
Որ մենակ վարի նա ղեկը երկրի։
Ամեն կենդանու տրվեց հրավեր
Եկան, գրեցին թղթեր ընտրական,
Ապա իրար դեմ լարեցին դավեր,
Մոլեգնեց ահեղ կիրքը պարտիական։
Էշաց կոմիտեն դեռ վարում էին
Հին–Երկարականջ կոչեցյալները.
Գդականիշներ սրանք ունեին՝
Վրան սև կարմիր, ոսկու գույները։
Այնտեղ էր փոքրիկ պարտիան ձիերի,
Բայց ձեռնպահ էր, չէր քվեարկում.
Հին–Երկարականջ ավանակների
Հուժկու զռոցից դողում էր, սոսկում։
Իսկ երբ վերջապես մեկը սիրտ արեց,
Թեկնածությունը տվեց մի ձիու,
Մի էշ ընդհատեց ու հայտարարեց
Հզոր զռոցով, «Դավաճան ես դու։
Դավաճան ես դու. քո երակներում
Էշային արյուն չի հոսում իսկի,
Դու էշ չես, և ես ճիշտ եմ ենթադրում՝
Ծնված ես ստոր ձիուց այլազգի։
,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
Թե չունենաս էլ դու օտար ծագում,
Լոկ սառը դատող էշ ես, մի ստիր,
Չգիտես՝ ի՛նչ կա էշի խոր հոգում,
Չես լսել սաղմոսն այդ հոգու միստիկ։
…………………………
Հայրենասերն այսպես բառբառեց,
Էշերն նրան ծափահարեցին,
Ճառը բոլորին ազգասեր դարձրեց,
Ու սմբակներով հողը դոփեցին։
Կներեք, որ ամբողջը չեմ ներկայացնում։ Ում համար հետաքրքիր է թող նայի Հայնեի առաջին հատորի 389–392 էջերը։
Բայց ինչ համընկնումներ՝ «Լոկ սառը դատող էշ ես, մի ստիր,» և այլն։
Տիգրան Կարապետյանի տեսահոլովակը կոչվում է «Հիշենք անցյալը, կառուցենք ապագան»։ Հայրենասերի համար արդեն իսկ վիրավորական է, որ չի հիշատակվում Ղարաբաղի պատերազմը, բայց ինձ թվում է ՏԿ հոգու խորքում պացիֆիստ է։
Ինչպես հաճախ է պատահում ՏԿ հետ, առկա է նաև կոմիկական բաղադրիչը։ Բացատրեմ, թե ինչու զվարճացա։ Հիշեցի հայտնի խորհրդային անեկդոտը։
Վարշավայում կազմակերպվում է ցուցահանդես «Լենինը Լեհաստանում» թեմաներով։ Գեղխորհրդի անդամները մոտենում են հերթական նկարին, որը նույն վերնագիրն ուներ։
—Ո՞վ է այս մերկ կինը։
—Նադեժդա Կրուպսկայան,—պատասխանում է նկարիչը։
—Իսկ ո՞ւմ մազոտ ոտքերն են վրանից դուրս ցցված։
—Ընկեր Ձերժինսկու ոտքերն են։
—Բա ո՞ւր է ընկեր Լենինը,— զարմացած հարցնում են գեղխորհրդի անդամները։
—Իսկ ընկեր Լենինը Լեհաստանում Էր,— պատասխանում է նկարիչը։
Ես էլ այդ կլիպը նայելուց հնարեցի նրա անունը՝ «Տիգրան Կարապետյանը Վոլգոգրադում»։
