Ժաննա Ալեքսանյան
«Բոլոր քաղաքական ուժերին` իշխանամետ եւ ընդդիմադիր, գործարար շրջանների ներկայացուցիչներին, ովքեր գոնե մի քիչ մտածում են հասարակական շահի մասին, կուզենայինք դիմել կոչով. հրաժարվեք հակառակորդների եւ մրցակիցների անձնական վարկաբեկման պատվերներից, եւ եթե արդեն իսկ ազդեցություն ունեք ԶԼՄ‑ների վրա, օգտագործեք այն` հետաքրքրություններ եւ դիրքորոշումներ պաշտպանելու նպատակով, առանց անձին դիպչելու: Այդօրինակ զինադադարը պարզապես անհրաժեշտ է` արգելակելու համար մամուլի խելահեղ ընթացքը դեպի անդունդ»:
Այս կոչը Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս նավասարդյանի օրերս հրապարակված հոդվածից է,ինչը կարծես այսօր ամենահրատապ խնդիրն է։ Նախ որևէ մեկը պիտի ընդունի, որ ինքն իր պահվածքով իրոք վնասում է հասարակական շահը, ինչը գրեթե բացառվող հանգամանք է։ Հայաստանում ամեն ինչ ծայրաստիճան անձնականացված է,ամենուր և ամեն քայլի դա տեսնում ես։ Սկսած հանրապետության նախագահից, ով ևս անթաքույց ցույց է տալիս իր անձնական տրամադրությունները այս կամ այն անձի նկատմամբ։
Առաջին անգամ ինձ ապշեցրեց Ռոբերտ Քոչարյանը, ով նոր էր եկել իշխանության և հանրությանը դեռևս հայտնի չէր նրա ցածրորակ դրսևորումները։ Կարծեմ 1999 թիվն էր, երբ Արտաշես Գեղամյանը դատի էր տվել Նիկոլ Փաշինյանի խմբագրած «Օրագիր» թերթին և ի պաշտպանություն օրաթերթի լրագրողներով ցույցեր էինք անում նախագահական նստավայրի մոտ(այն ժամանակ դա դեռ հնարավոր էր ) ։ Քոչարյանն ընդունել էր լրագրողներից կազմված մի քանի հոգանոց պատվիրակությանը և առաջարկել իրավիճակից դուրս գալու ելքը։ «Թող Նիկոլը մի շիշ արաղ վերցնի ու գնա Գեղամյանի հետ բարիշի» առաջարկել էր Ռոբերտ Քոչարյանը ամենայն լրջությամբ։

