Գաղտնիք չէ, որ հեռուստակայանները լծվել են ընտրապայքարին։ “ԹԻՄ” հետազոտությունների կենտրոնը անց է կացրել միջանկյալ ոլորտի դիտարկում։
Ստորեւ բերենք հետազոտությունից մի քանի հատված.
Հատկապես մտահոգություն է առաջացնում այն հանգամանքը, որ ԶԼՄ-ների առավել շատ ուշադրությունը գրաված երկու թեկնածուների «բեւեռային» լուսաբանումը ամբողջությամբ բնորոշ է Հայաստանի հանրային հեռուստատեսության առաջին ալիքին (Հ1) եւ Հայաստանի հանրային ռադիոյին (ՀՌ ): Մասնավորապես, վերջինը, որ նախորդ ընտրությունների (2003-ին եւ 2007-ի ) լուսաբանման դիտարկումների արդյունքներով նշվում էր իբրեւ առավել հավասարակաշիռ ԶԼՄ, այս անգամ անկողմնակալությամբ աչքի չի ընկնում: ՀՌ-ի նոյեմբերյան եթերում Լեւոն Տեր-Պետրոսյանի 105 հիշատակումներից 82-ը բացասական էր եւ ոչ մի դրական, իսկ Սերժ Սարգսյանի 110 հիշատակումներից 21-ը դրական էր եւ ոչ մի բացասական: Հետաքրքիր է նշել, որ ՀՌ-ի աշխատանքի նման կերպափոխումը ժամանակային առումով համընկավ նրա ղեկավարության` «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության հաղորդումները հեռարձակելուց հրաժարվելու հետ:
Չորս հեռուստաալիքներում հետազոտվող քաղաքական գործիչներից եւս մեկը (վարչապետ Սերժ Սարգսյան ), բարձր տոկոսներ է ստացել. «Արմենիայում»` 76,9% (19 քաղաքական գործիչներին հատկացված ողջ եթերաժամանակի ), «Շանթում»` 48,9%, Հ1-ում` 47,2% եւ Հ2-ում` 40,8%: Այս եւ մյուս բոլոր ալիքներում, բացի ՙԵրկիր մեդիայից՚, վարչապետի դրական հիշատակումների քանակը նշանակալիորեն գերազանցել է բացասականներին. Հ1-ում` համապատասխանաբար` 26 եւ 2, «ԱԼՄ»-ում` 17 եւ 2, «Արմենիայում»` 11 եւ 0, Հ2-ում` 26 եւ 1, «Կենտրոնում»` 41 եւ 1, «Շանթում»` 16 եւ 2, Հանրային ռադիոյում` 21 եւ 0: Այս ցուցանիշները վկայում են, որ նշված հեռարձակվող ԶԼՄ-ները խիստ հազվադեպ են ներկայացնում կառավարող կոալիցիայից նախագահի թեկնածուի հասցեին քննադատական կարծիքներ, ընդդիմադիր քաղաքական եւ այլ հասարակական գործիչների դիտողություններ:
Ինչպես եւ հոկտեմբերին, նոյեմբերին եւս դիտարկման առարկա հանդիսացած 8 ալիքներից հետազոտվող քաղաքական գործիչներին ամենաքիչ ուշադրության է արժանացրել «Արմենիան» (ավելի քան 14 անգամ քիչ եթերաժամանակ, քան ՙԱԼՄ՚-ն եւ մոտ 10 անգամ քիչ քան «Կենտրոնը»): Ընդ որում, «Արմենիայում» հետազոտվող քաղաքական գործիչներին հատկացված 114-ից քիչ ավելի րոպեից 88-ը բաժին է ընկել Սերժ Սարգսյանին, այն դեպքում, երբ մնացած 18-ին բաժին է հասել միջին հաշվով մեկուկեսական րոպեից էլ քիչ: