Արամ Զաքարյան
Մենք միշտ սպասում ենք: Չգիտեմ ում, չգիտեմ ինչին, չգիտեմ ինչու, հանուն ինչի, ընդդեմ ինչի: Բայց սպասում ենք:
Օրերս անցնում էի Երեւանի Շահումյան հրապարակով եւ նայելով ՀՀ արդարադատության նախարարության այրված ու կիսավեր շենքին, հասկացա, որ նախարարության աշխատակիցները չգիտեմ որտեղ ծվարած սպասում են շենքի կառուցմանը, սպասում են ճնգաժամը անցնի որ Հայաստանը վերադառնա երկնիշ վագրային թռիչքներին ու ձեռքի հետ սպասում են ճգնաժամի պարագայում պետության 97 միլիոնով աշխարհե-աշխարհ ման եկող Զորի Բալայանին:
2007-ի ընտրությունները կեղծվեցին, 2008-ի ընտրությունները կեղծվեցին,
2009-ի ընտրությունները կեղծվեցին եւ մենք ամեն ընտրությունից հետո սպասում էինք, որ հաջորդը չեն կեղծի:
Սպասում ենք տրասպորտի եւ չենք դադարում սպասել տրասպորտի ոլորտը կարգավորող պաշտոնյաների բարեհաճությանը, որ մեծ քաղաքների օրինակով միկրոավտոբուսը փոխարինեն ավտոբուսով:
Սպասում ենք մեկին ով կգա ու առանց խախտումների նախագահ կդառնա, երկիրը տեսքի կբերի:
Սպասում ենք այն բաղձալի օրվան, երբ պատգամավոր կդառնան գոնե սեփական անուն-ազգանունը ճիշտ գրել-կարդալ իմացող մարդիկ:
Նախագահը սպասում է, թե երբ իրեն կհուշեն, որ իրացնի իր իրավունքներից մեկը: «Հուշարարները» սպասում են, թե երբ նախագահը կասի՝ հուշեք, որ հուշեն:
Նախագահի հետ տարաձայնություններ ունեցող կուսակցությունը սպասում է հարմար պահի, որ պաշտոններից հրաժարվի՝ աղմուկ հանի ու հետո նույն պաշտոնը վստահվում է նույն կուսակցության այլ ներկայացուցչի:
Նախարարները սպասում են վարչապետի դասախոսություն-հանդիմանությանը, որ հասկական երկրի համար ծանր պահին արձակուրդ գնալու անթույլատրելիությունն ու անտեղիությունը:
Սպասում ենք թե երբ գործարարները կհասկական, որ երկիրը թալանելու համար չէ ու բոլոր հարկերը պարտաճանաչ կմուծեն ու կենսաթոշակառուն լավ կապրի:
Սպասում ենք թե երբ միջազգային կառույցները կքաշեն մեր իշխանությունների ականջները ու կստիպեն հոգալ ժողովրդի մասին: Ու երբ դա չի լինում` սպասում ենք, որ միջազգային կառույցները բացի իրենց ու աշխարհաքաղաքական շահերից մի քիչ, թեկուզ շատ քիչ, բայց ոչ իշխանավոր հայերի շահի մասին էլ մտածեն:
Սպասում ենք, թե երբ ռուսը կբարեհաճի դադարեցնել մեզ ճնշելը:
Սպասում ենք… Երեւի շատ ենք լսել չինական ասացվածքը, թե □եթե գետի ափին երկար սպասես միգուցե գետը բերի քո թշնամու դիակը□: Բայց թերեւս մոռացել ենք որ կլիմայական գլոբալ փոփոխություններից հետո որոշ գետեր ցամաքել են, որոշները փոխել իրենց հունը եւ ընդհանրապես շատ բան է փոխվել եւ դեռ նոր փոփոխություններ են սպասվում: Ու լավ կլինի, որ փոփոխություններին սպասելու փոխարեն կամ գոնե զուգահեռ պարտաստ լինեք դրանց գալստյանը, որ հետո ստիպված չլինենք երկար ու անօգուտ սպասել վաղուց չորացած գետի ափին:
