Արամ Զաքարյան
Երեւանի ավագանու ընտրություններն ավարտվել են այնպես ինչպես վերջին 10-12 տարում Հայաստանում ավարտվում են ընտրությունները: Պաշտոնապես առաջին ընտրված, իսկ հասարակության մի գերակշիռ մասի կարծիքով ընտրությունները կեղծելու միջոցով քաղաքապետի աթոռին նստածը հանդիսավորությամբ ստանձնեց պաշտոնը: Հասարակության նույն մասի կարծիքով` ընտրությունները կեղծելու միջոցով նախագահ դարձածից տքնաջան աշխատելու կոչ ստացավ: Կարծես թե վերջ: Սակայն Երեւանի մի շարք համայնքներում դեռ կան «Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբ» ցուցանակները ու Գագիկ Բելգարյանն էլ չի պատասխանում ընտրապայքարի օրերին բացված http://beglaryan.wordpress.com բլոգի այցելուների մեկնաբանություններին եւ հարցերին: Իսկ սա նշանակում է, որ այն ամենը ինչ խոստանում էր հանրապետականը` մաքուր, կանաչ, աշխատանքի, կարգուկանոնի, բարեկարգ, հարմարավեռ, ավանդույթների քաղաք, չի լինելու: Այդ ամենը սովորական «պակազուխա» էր:
Հիմնավորեմ: Նախընտրական շտաբները պետք են ընտրությունների ժամանակ: Ընտրություններից հետո դրանք պետք չեն, բայց հանրապետականը չի շտապում դրանք փակել: Ասել է, թե ձեւական է բացել` «էնքան որ» տրամաբանությամբ: Իրականում ընտրությունների ժամանակ աշխատել են ոչ թե նախընտրական շտաբները, այլ սափրագլուխները, ընտրակեղծարարները ու այս տեսակի այլ
«կուլտուրաներ»: Ուրեմն շտաբները սովորական ձեւ էին առանց բովանդակության:
Նույնը բլոգում հարցերին պատասխանելու պարագայում: Նախ լսելով Գագիկ Բելգարյանի կենդանի խոսքը եւ կարդալով նրա գրածները բլոգում` միանգամից հասկանում ես, որ բլոգի Գագիկ Բեգլարյանը շատ ավելի լավ է տիրապետում հայերենին ու շատ ավելի գրագետ է: Այսինքն բլոգում իրականում մեկ այլ մարդ, կամ որ առավել հավանական է մարդկանց մի խումբ է պատասխանել հարցերին: Եվ եթե նախագահի կամ վարչապետի դեպքում կարելի է հասկանալ ելույթ գրող ռեֆերենտի գոյությունը, ապա քաղաքի ամենօրյա հոգսերով զբաղվողի պարագայում`ռեֆերենտի գոյությունը այնքան էլ ճիշտ չէ: Ընտրություններից հետո Գագիկ Բեգլարյանի բլոգում հարցերին պատասխաններ չեն տրվում: Մարդը կամ մարդկանց խումբը` վիրտուալ Գագիկ Բեգլարյան ծրագիրը հաջողությամբ կյանքի կոչելուց հետո հեռացել է: Ուրեմն սա էլ է ձեւական եղել` հանրապետականը ձեւ է արել թե շատ է մտածում մարդկանց մասին հարցերը օպերատիվ ստանալու եւ օպերատիվ պատասխանելու ժամանակակից ձեւեր է օգտագործում: Իրականում` «պակազուխա»:
Ընդամենը երկու իրողություն: Եթե հավելեմ ընտրություններից առաջ ծնված «անսահման հոգատարությունը», հանրապետականի շուրթերից նախկին հանրապետական քաղաքապետի հասցեին անխնա քննադատությունը, Կենտրոնի թաղապետ տարիներին Գագիկ Բեգլարյանի` քաղաքի համար դրական նախաձեռնությունների բացակայությունը` պատկերը շատ ավելի ամբողջական կդառնա: Ակնհայտ կդառնա, որ Երեւանի ավագանու ընտրություններում հաղթել է «պակազուխան» եւ երեւանցիներին ոչ մի լավ բան չի սպասվում:


Այն որ մեր նոր քաղաքապետի կողմից ձեռնարկած բոլոր քայլերը ամենասկզբից ձեւական բնույթ էին կրում, դրանում ոչ մի կասկած։Բայց կարծում եմ, որ այն, որ Բեգլարյանի փոխարեն բլոգում գրում են իր օգնականները՝ նորմալ է։