Հայաստանյան գրեթե բոլոր թերթերն այսօր անդրադարձել են քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի առողջական վիճակին՝ գրելով որ վերջինս շտապ պետք է վիրահատվի, այլապես մեծ է սրտամկանի ինֆարկտի հավանականությունը։ Բժշկական հետազոտությունից պարզվել է, որ առկա է սրտանոթի 80 տոկոս նեղացում։
«Հայկական ժամանակից» տեղեկանում ենք, որ միջգերատեսչական հանձնաժողովը մերժել է ֆրանսահայ ազատամարտիկ, քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանի պատժի չկրած մասից պայմանական և վաղաժամկետ ազատելու մասին դիմումը։ Մերժվել է նաև Հացպանյանի՝ հոր ՝ վաղը Գերմանիայում կայանալիք հուղարկավորությանը մասնակցելու հնարավորություն տալու դիմումը։
Նույն թերթը գրում է Կուբաթլիում փետրվարի 1-ին մահացած զինծառայող 20-ամյա Անդրանիկ Սարգսյանի մահվան հանգամանքների մասին։ Հոդվածից տեղեկանում ենք, որ զինվորի ծնողներին նախ հայտնել են, որ իրենց որդին մահացել է թունավորումից, ապա ստամոքսի խոցից։ Մինչդեռ զինվորի հայրը դիակի զննության ժամանակ հայտնաբերել է վնասվածքներ։ ՊՆ-ից, սակայն, տեղեկացրել են, որ Անդրանիկ Սարգսյանի մարմնի վրա ընդամենը քերծվածքներ են, և, որ մահը վրա է հասել սրտամկանի հանկարծակի առաջացած հիվանդությունից։
«168 ԺԱՄ»-ի տեղեկություններով, երեկ «Վան» րեստորանային համալրում Ոստիկանության ողջ գեներալիտետը նշել է ՀՀ փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի մահվան արաջին տարելիցը։ Թերթը հիշեցրել է, որ նրա սպանությունից հետո շատ բարձրաստիճան սպաներ հայտարարում էին, որ գործի արագ բացահայտումը պատվի հարց է։
Նույն թեմայի վերաբերյալ անդրադարձ կա «Առավոտ» օրաթերթում․ «Գևորգ Մհերյանի սպանությունն այդպես էլ չի բացահայտվել, ինչպես չեն բացահայտվել նաև անցյալ տարիներին ՀՀ փոխոստիկանապետ Արմեն Երիցյանի և ոստիկանության «Պահպանություն» միավորման վարչության պետ Արամ Զաքարյանի դեմ մահափորձի դեպքերը»։
Գևորգ Մհերյանի սպանության թեման շարունակվում է նաև «Հայոց աշխարհ»-ում․ «Թեև հանցագործությունը տաք հետքերով չբացահայտելուց հետո դրա հավանականությունը գնալով փոքրանում է, սակայն այդ բացահայտումը կարող է լինել նաև առաջիկայում»։
«168 ժամ»թերթի «Ժամանակ են շահում» հոդվածում անդրադարձ կա քաղաքացիների գույքային իրավունքներին։ «Սեփականության պաշտպանություն» ՀԿ-ի ղեկավարը հայտարարել է, որ քաղաքապետ Բեգլարյանի իրացման գոտու բնակիչների հարցերը վերանայելու խոստումները զուտ ժամանակ շահելու միտում ունեն, քանի որ այդպիսով բնակիչների դատարան ներկայացրած հայցերը մերժվում են դատավորների կիրառած հայցային վաղեմության պատճառաբանությամբ։
«Հրապարակը» գրել է ցմահ դատապարտյալներ Սողոմոն Քոչարյանի և Մհեր Ենոքյանի փախուստի հանգամանքների մասին՝ նշելով, որ «Դատախազության պաշտոնական վեբ-կայքը երեկ վերջապես մանրամասներ էր զետեղել փախուստի ծրագրման ու իրականացման հետ կապված», ինչից պարզ է դառնում, որ դատապարտյալները փախուստը պլանավորել են դեռևս նախորդ տարվա ամառվանից և, որ այդ մասին տեղյակ է եղել ցմահ ազատազրկվածների պահպանությունն իրականացնեղ բաժնի պետ Սերժիկ Թամրազյանը։