«Առավոտի» տեղեկացմամբ, ԵԽ-ն երեկ հրապարակել է Հայաստանի հարցերով համազեկուցող Ջոն Պրեսկոտի այն հաղորդումը, որը ներկայացվել էր ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի հունվարի 27-ի նիստում։ Ըստ զեկուցողի, մարտի 1-ի իրադարձությունները չեն եղել իշխանության յուրացման կանխամտածված փորձ։ Սամվել Նիկոյանի ղեկավարած հանձնաժողովի մասով էլ նշված է, որ այն բացառապես ընդդիմությանն է վերագրում բևեռացված ու լարված սոցիալ-քաղաքական մթնոլորտի մեղավորությունը և խուսափում է որևէ մեղավորություն վերագրել իշխանություններին։ «Միաժամանակ համազեկուցողները մտադիր են անդրադառնալ Նիկոլ Փաշինյանի ազատազրկման հարցին, ինչպես նաև այլ գործերի, որոնց մասին զեկուցողները պարզաբանումներ են խնդրել իշխանությունից»,- գրում է թերթը։
Մեկ այլ հրապարակման մեջ նույն թեմայի շուրջ ԱԺ նախկին պատգամավոր Աղասի Արշակյանն ասել է․ «Օրվա իշխանությունն իր քայլերով հանգեցնում է նրան, որ Նիկոլ Փաշինյանից ստեղծում են հայկական Նելսոն Մանդելա։ Հասարակական ցնցումների առումով դա իմ սրտով չէ։ Բայց, իհարկե, իմ համակրանքը միանշանակ նրա կողմն է, քանի որ մեր կյանքը լցված է անարդարություններով, անբարոյականությամբ, զոռբայությամբ ու սրիկայությամբ։ Եվ Նիկոլի նման տղերքի նկատմամբ արվող քայլերը միայն կարող են համերաշխության զգացում առաջացնել նորմալ մարդկանց մոտ»։
«Կոզեռնի բնակիչները հոգնել են» վերնագրով հրապարակումը անդրադարձ է կոզեռնցիների գույքային իրավունքներին։ Թերթը գրում է, որ մարդիկ արդեն չորս տարի սպասում են, թե երբ են իրացվելու իրենց տները և երբ կարող են վերջապես համարժեք փոխհատուցում ստանալ։ Բանն այն է, շարունակում է հոդվածագիրը, որ տարածքը դեռ չի սեփականաշնորհվել, ինչն էլ իրացման պրոցեսի ձգձգման պատճառ է դարձել։ Մինչ այդ բնակիչները չեն կարողանում կտակել, վաճառել կամ բանկային որևէ գործարք կատարել, չնայած նրան, որ քաղաքապետի 2009 թ-ի օգոստոսի հանձնարարականով նման բոլոր գործարքները թույլատրելի են դարձել։
Մարդու իրավունքների խախտման մեկ այլ դեպքի է անդրադարձել թերթի թղթակիցը։ Երեկ նախագահական նստավայրի դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել 2001 թ-ին Իրանում վթարված «ՅԱԿ-40» օդանավի անձնակազմի հարազատները՝ պահանջելով նախագահից վճարել իրենց 2 տարվա նպաստները։ Թերթը գրում է, որ 3 կանանց ընդունել է նամակների և բողոքների բաժնի աշխատակից Աիդիա Ասատրյանը։ Բաժնում կանայք բողոք-նամակ են դրել, որը հանձնվել է վերահսկողական բաժին։ Օրվա վերջում, սակայն, այնտեղից պատասխանել են, որ պատասխան չունեն։ Բողոքի ակցիայի մասնակիցները որոշել են, որ ակցիան կշարունակեն նաև այսօր։
«Հրապարակ» օրաթերթից տեղեկանում ենք, որ երեկ ԱԺ-ն քննարկել է «ՀՀ վերահսկիչ պալատի մասին» օրենքի նախագիծը, որով գործող օրենքում մտնում է իմպերատիվ դրույթ, այն է՝ քրեաիրավական կասկածների դեպքում վերաքննիչ պալատը պետք է դիմի դատախազություն։
«Հայոց աշխարհ» օրաթերթի թղթակիցը Ոստիկանության գնդապետ Գևորգ Մհերյանի սպանության քննության շուրջ զրուցել է Հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Հեկտոր Սարդարյանի հետ։ Ըստ նրա, քննչական խմբի հիմնական աշխատանքային վարկածն այն է, որ Մհերյանի սպանությունը կատարվել է նրա ծառայողական գործունեության հետ կապված՝ չբացառելով այլ վարկածներ ևս։ Չնայած բոլոր աշխատանքներին և առ այսօր շարունակվող նախաքննությանը, հանցագործությունը դեռ մնում է չբացահայտված։ «Այս փաստը որոշ առումով պարունակում է մեր երկրի իրավապահ մարմինների, մասնավորապես քննության օպերատիվ-հետախուզական մասն իրականացնող ոստիկանության աշխատանքի գնահատականը»,- կարծիք է հայտնել թերթը։