Հայաստանյան մամուլի գլխավոր թեման այսօր ստրասբուրգյան կրքերն են, կարծիքներն ու մեկնաբանություններն՝ ամենատարբեր։ Այսպես՝ «Հայոց աշխարհը» գրում է «Զ. Փոստանջյանն իր ելույթում անդրադարձել է ոչ թե քննարկվող՝ մարտի 1-ի իրադարձությունների գնահատականներին, այլ փորձել է ապացուցել իր ներկայության անհրաժեշտությունը»։
«Առավոտ»-ը տեղեկացնում է, որ Երևանի Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների դատախազությունը մերժել է «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի բողոքը՝ իշխանամետ թերթերից մեկի կողմից իրեն վիրավորող հրապարակումների դեմ քրեական գործը կարճելու որոշման դեմ։ Թերթը դիտարկում է․ «Կարելի է պատկերացնել, թե ինչպես կարձագանքեին քննիչներն ու դատախազները, եթե հայցը վերաբերեր ընդդիմադիր թերթի հրապարակմանը»։ Ըստ թերթի, սա ևս մի փաստարկ է, որ զրպարտանքի և վիրավորանքի համար նախատեսվող տույժերը կիրառվելու են խտրականորեն։
«Հայկական ժամանակի» թղթակցի հետ զրույցում ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը ասել է, որ մարտի 1-ի վերաբերյալ նոր ի հայտ եկած փաստերն ուսումնասիրող կառույց ԱԺ-ում գոյություն չունի։
Նույն թերթի մեկ այլ հրապարակումից տեղեկանում ենք, որ Սուքյասյաններին պատկանող «Սիլ Կոնցերնի» լրատվական և իրավաբանական ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշված է, որ «Բջնի հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ի վաճառքը տեղի է ունեցել օրենսդրական լուրջ խախտումներով, ինչը թույլ է տալիս փաստելու, որ գործարքը անվավեր է։
Դարձյալ «Հայկական ժամանակ»-ից տեղեկանում ենք, որ Հարավկովկասյան իրավապաշտպանների ցանցը, որի մեջ մտնում են 30 իրավապաշտպան կազմակերպություններ, երեկ հանդես են եկել հայտարարությամբ՝ Նիկոլ Փաշինյանին 7 տարի ազատազրկելու կապակցությամբ։ Ցանցը դիմում է միջազգային հանրությանը՝ Հայաստանի իշխանությունների ստանձնած պարտականույունների մոնիթորինգը շարունակելու և ճնշում գործադրելու խնդրանքով, պահանջելով վերջիններից վերացնել հաշվեհարդարը ժողովրդավարական բարեփոխումներ պահանջող քաղաքացիների նկատմամբ։
«Հայկական ժամանակը» գրում է, որ դեռ երեկվա դրությամբ պարզ չէր ազատամարտիկ, քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանին հնարավորություն կտա՞ն մասնակցել հոր հուղարկավորությանը։ Թերթը տեղեկացնում է, որ այն տեղի է ունենալու ուրբաթ օրը Գերմանիայում։
Նույն թերթի հետաքննությունը հունվարի 30-ին տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ է։ Ոստիկանության տեղեկատվության համաձայն, այդ օրը Լենինգրադյան 22 շենքի բակում հայտնաբերվել էր միանգամից 3 դիակ։ Թերթը գրում է, որ սպանությունը կատարել է 42-ամյա կոշկակար Մամիկոն Հարությունյանը։ Նա հրացանով սպանել է կնոջը, զոքանչին, հետո ինքնասպան եղել։ Հարևանների հետ զրույցներից պարզ է դարձել, որ Մամիկոնը անհավասարակշիր մարդ է եղել ու հաճախ է սպառնացել կնոջը, թե կսպանի նրան։ Սպանված կինը ունի երկու մանկահասակ որդի, ովքեր հիվանդ պապի խնամքի տակ են։
«168 ԺԱՄ»-ը, հենվելով Ազգային վիճակագրական ծառայության տվյալների վրա, գրում է, որ նախորդ տարվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է ինքնասպանության և ինքնասպանության փորձերի 498 դեպք։ Նրանց մեծ մասի տարիքը տատանվել է 30-65- սահմանում։ Ինքնասպանություն գործածների 48.2 տոկոսը եղել է գործազուրկ։